Մատչելիության հղումներ

Եվրամիությունը երկարաձգեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցները


Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին նախագահում է ԵՄ ԱԳ նախարարների նիստը, Բրյուսել, 29-ը հունվարի, 2015թ․
Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին նախագահում է ԵՄ ԱԳ նախարարների նիստը, Բրյուսել, 29-ը հունվարի, 2015թ․

Որոշումը Եվրամիության անդամ 28 երկրների արտգործնախարարներն ընդունել են միաձայն:

Ռուսաստանի նկատմամբ Եվրոպական միության սահմանած պատժամիջոցների փաթեթը կմնա ուժի մեջ մինչև այս տարվա սեպտեմբեր, ինչից հետո ժամկետը կարող է նորից երկարաձգվել։

Պատժամիջոցները հնարավոր կլինի մեղմել կամ չեղյալ հայտարարել, եթե Ռուսաստանը կատարի Ուկրաինայում խաղաղություն հաստատելու նպատակով Մինսկում անցած տարվա սեպտեմբերի 5-ին ստորագրված համաձայնությունները։

Որոշումը Եվրամիության անդամ 28 երկրների արտգործնախարարներն ընդունել են երեկ ուշ երեկոյան Բրյուսելում մի քանի ժամ տևած քննարկումների արդյունքում։ Այդ մասին հայտնել է Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին:

«Մենք որոշել ենք մինչև սեպտեմբեր երկարաձգել անցյալ տարվա մարտին անհատների և ընկերությունների նկատմամբ սահմանած պատժամիջոցները», - ասել է Եվրամիության թիվ մեկ դիվանագետը։

Մոգերինիի փոխանցմամբ՝ Բրյուսելը մտադիր է կիրառել նաև նոր պատժիչ միջոցներ: «Ի հավելումն այսօրվա վճռի՝ մենք որոշել ենք նաև մեկ շաբաթում ընդարձակել պատժամիջոցների ենթարկված անհատների և ընկերությունների ցանկը։ Այդ որոշումը կընդունվի Եվրամիության արտաքին գործերի խորհրդի հաջորդ նիստում, որը գումարվելու է փետրվարի 9-ին», - ասել է նա։

Պատժամիջոցները երկարաձգելու որոշումն ընդունվել է միաձայն։ Մեկնաբանները նշում են, որ հավանություն է տվել նաև այդ հարցի վերաբերյալ նախօրեին առարկություններ ներկայացրած Հունաստանը:

«Ես շատ ուրախ եմ, որ այսօր մենք միասնական ենք, դա է միշտ եղել Եվրոպական միության ուժը, մենք ապացուցեցինք, որ պատրաստ ենք առաջիկա շաբաթներին կիրառել նոր միջոցներ», - ասել է Ֆեդերիկա Մոգերինին։

Նշենք, որ այսօր Մինսկում նախատեսված է Ուկրաինայի, Ռուսաստանի, Դոնբասի ռուս անջատականների և ԵԱՀԿ-ի ներկայացուցիչների հանդիպումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG