Մատչելիության հղումներ

Օբաման և Մերկելը համաձայնության են եկել ՌԴ-ին պատասխանատվության կանչելու հարցում


Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը համաձայնության են եկել Ուկրաինայի արևելքում ծավալվող իրադարձությունների առիթով Ռուսաստանին պատասխանատվության կանչելու հարցում:

Սպիտակ տան մամուլի ծառայությունը ներկայացրել է հեռախոսազրույցի որոշ մանրամասներ։ Երկու երկրների ղեկավարներին անհանգստացնում է Ուկրաինայի արևելքում «բռնությունների զգալի աճը»:

«Օբաման ու Մերկելը համակարծիք են՝ Ռուսաստանը պետք է կանչվի պատասխանատվության անջատողականներին սատարելու և խաղաղության համաձայնագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու համար»,- նշված է հաղորդագրությունում:

«Մենք չենք թաքցնում՝ խիստ մտահոգված ենք, որ Ռուսաստանն աջակցում է ռուսամետ անջատողականներին»,- ԱՄՆ-ի անհանգստությունն է փոխանցել Պետդեպարտամենտի խոսնակ Ջեն Փսակին:

Պաշտոնական Մոսկվան այդ մեղադրանքները հերքում է՝ նշելով, թե չի հանդիսանում հակամարտության կողմ:

Սոցիալական ծախսերը հոգալու համար Միացյալ Նահանգներն Ուկրաինային 2 միլիարդ դոլարի չափով վարկային երաշխիքներ է տվել: Համապատասխան համաձայնագիրը Կիևում ստորագրել են ԱՄՆ-ի և Ուկրաինայի ֆինանսների նախարարները: Պաշտոնական արարողությունից հետո ամերիկացի պաշտոնյան հայտարարել է՝ «անհրաժեշտության դեպքում ԱՄՆ-ը պատրաստ է ընդլայնել պատժամիջոցները Ռուսաստանի դեմ»:

Վաղը՝ հունվարի 29-ին Բրյուսելում կանցկացվի Եվրամիության արտգործնախարարների հանդիպումը, որտեղ կքննարկվի նաև Ուկրաինայի հակամարտության շիկացման հարցը: Գագաթնաժողովի անցկացման որոշումն ընդունվել է անցած շաբաթավերջին՝ Մարիուպոլի հրթիռակոծությունից հետո:

«Ռոյթերզ»-ի տեղեկություններով, ԵՄ-ն պատրաստվում է ևս կես տարով՝ մինչև սեպտեմբեր երկարաձգել Ռուսաստանի դեմ անցած տարվա մարտից կիրառվող և դրանից հետո ընդլայնված պատժամիջոցները՝ «իրավիճակի վատթարացմամբ պայմանավորված»:

Բացի դրանից, նախարարները ԵՄ-ի արտաքին գերատեսչությանն ու Եվրոպական հանձնաժողովին կոչ կանեն մեկ շաբաթվա ընթացքում ներկայացնել պատժամիջոցների ընդլայնված ցանկ:

Արևմտյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ խոսքը ռուսական ընկերությունների և բանկերի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու, նաև հնարավոր է՝ միջազգային վճարային SWIFT համակարգից Ռուսաստանին դուրս թողնելու մասին է:

Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկևիչի խոսքով, սակայն, հինգշաբթի օրը Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու որևէ կոնկրետ որոշում չի կայացվի: Ամենայն հավանականությամբ, առաջարկներ կնախապատրաստվեն, որոնց հիման վրա էլ որոշում կընդունի կամ Արտաքին հարաբերությունների խորհուրդը՝ փետրվարի 9-ին, կամ էլ՝ ԵՄ-ի խորհուրդը:

Ռուսական լրատվամիջոցների հաղորդման համաձայն, իշխանությունը ներկայացրել է հակաճգնաժամային ծրագիր, որը նախատեսում է դաշնային բյուջեի ծախսային մասի կրճատում 10 տոկոսով՝ «ոչ արդյունավետ ծախսերի» հաշվին: Ծրագրվում է նաև մի շարք նոր նախագծերից հրաժարում և պետական կառավարման ապարատի ծախսերի վերանայում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG