Մատչելիության հղումներ

Մինչև 2012 թվականի հունվարի 1-ը վարորդների կուտակած պարտքերի համաներումը չի գոհացնում վարորդներին


Տաքսու վարորդների ցույցը Գյումրիում, 22-ը հունիսի, 2012 թ.
Տաքսու վարորդների ցույցը Գյումրիում, 22-ը հունիսի, 2012 թ.

Նրանք պնդում են, որ պարքեր կուտակել են դրանից հետո։

«Վարչական իրավախախտումների մասին» օրենքում կատարված փոփոխությունների համաձայն, որոնք ուժի մեջ են մտել այս ամիս, կներվեն իրավախախտումների հետևանքով վարորդների կուտակած այն պարտքերը, որոնք արձանագրվել են մինչև 2012 թվականի հունվարի 1-ը: Դրանից հետո կուտակված պարտքերը կմարվեն առանց հավելագրված տույժ ու տուգանքների: Օրենքը «վարորդների համաներում» անունն է ստացել։

Վարորդներից ոմանք, սակայն, նշում են, որ 2012 թվականի հունվարից առաջ արագաչափեր դեռ չկային, և պարտքեր իրենք առավելապես կուտակել են դրանից հետո։

«Այս երկրում ոչ մի բան չի ներվում։ Իսկ եթե ժողովրդի մասին մտածեն, այդ տուգանքները նախ կքչացնեն, երկրորդն էլ՝ թող միանգամից բոլորը ջնջեն։ Մարդիկ կան 200 հազար, 500 հազար մայր գումար ունեն», - «Ազատության» հետ զրույցում ասաց վարորդներից մեկը։

Փոփոխություններ են կատարվել նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին», ինչպես նաև «Վարչական դատավարության» օրենսգրքում։ Ըստ դրանց, վարորդները իրավախախտումների հետ համաձայն չլինելու դեպքում, կարող են տուգանքի պահանջագիրը բողոքարկել երկամսյա ժամկետում։ Ժամկետի ավարտից հետո բողոքը հավշի չի առնվի, անգամ եթե խախտման և տուգանքի մասին վարորդը տեղյակ չի եղել։ Օրենքի համաձայն, վարորդն ինքը պետք է դիմում գրի Հարկադիր կատարման ծառայություն և նշի, թե կապի ինչ միջոցով է ցանկանում իր կատարած խախտման մասին տեղեկատվություն ստանալ։

«Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոնի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը կարծում է, որ այստեղ սահմանադրական իրավունքի խնդիր կա։

«Եթե քաղաքացին չի գրել, չի դիմել, քաղաքացին էլ որտեղի՞ց պետք է իմանա, կամ եթե նա Հայաստանում չէ, ի՞նչ է, պետք է ԴԱՀԿ-ի միջոցով հաշիվները փակվի՞։ Այսինքն, այդ պրոցեսը ոնց կար, այդպես էլ մնալու է», - ասաց Հովհաննիսյանը։

«Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունը կատարված փոփոխությունների մեջ դրական դինամիկա նկատում է, սակայն նշում է, որ գլխավոր խնդիրները դեռ մնում են չլուծված։

Ըստ նախաձեռնության անդամ Արման Եփրեմյանի, տուգանքների չափը չի համապատասխանում բնակչության սոցիալ տնտեսական վիճակին, իսկ համաներումը մասնակիորեն է կատարվել։

«Թեկուզ նոր երթևեկության կանոնները, որ հուլիսի 26-ից եղավ, 2014 թվականի, գոնե հուլիսի 26-ի դրությամբ ընդհանուր համաներում լիներ, որովհետև այդ ամեն մի խախտումը եղել էր ծուղակային իրավիճակներից՝ մարդկանց ոչ մատճելի երթևեկության տրամադրելուց», - ասաց Եփրեմյանը։

Նախաձեռնության անդամը նաև նշում է, որ ճանապարհային երթևեկության նշանների պակաս կա և պահպանված չեն հիմնական ստանդարտները, իսկ գծանշումների մի մասը սխալ է արված։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG