Մատչելիության հղումներ

Եվրոպական դատարանը կասեցրել է Յուլյա Տիմոշենկոյի դիմումը


Մարդու իրավունքների եվրոպակական դատարանի շենքը
Մարդու իրավունքների եվրոպակական դատարանի շենքը

Ուկրաինայի նոր կառավարությունը Եվրոպական դատարանին գրավոր տեղեկացրել է, որ Յուլյա Տիմոշենկոյին 2011 թվականին դատապարտել են քաղաքական մոտիվներով:

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանն այսօր հրապարակել է որոշում՝ Ուկրաինայի նախկին վարչապետ, «Բատկիվշինա»-ի ղեկավար Յուլյա Տիմոշենկոյի դիմումի քննությունը կասեցնելու կապակցությամբ: Դիմումը չեղյալ է հայտարարվել:

Տիմոշենկով պնդել է, որ իր նկատմամբ հետապնդում իրականացնելիս Յանուկովիչի իշխանությունը խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ, 7-րդ, 13-րդ և 18-րդ հոդվածները:

Ըստ դիմումի, Յանուկովիչի վարչակազմը խախտել է Կոնվենցիայով երաշխավորված անձնական կյանքի և անձեռնմխելիության, ապօրինի կալանքի օրինականությունը վիճարկելու և արդար որոշման հասնելու իրավունքները, բացի այդ՝ ապօրինի կալանքի դիմաց փոխհատուցում ստանալու իրավունքը և կոնվենցիայով չնախատեսված դեպքերում իրավունքների սահմանափակման սկզբունքը: Բացի այդ՝ այս հոդվածներով փոխկապակցված այլ իրավունքներ ևս, ըստ Յուլյա Տիմոշենկոյի փաստաբան Վլասենկոյի, խախտել է Ուկրաինայի՝ 4 տարի առաջվա կառավարությունը:

Դատարանի որոշման վրա ազդեցություն է ունեցել ուկրաինական հեղափոխությունն ու հեղափոխությունից հետո նոր կառավարության ձևավորումը: Ուկրաինայի ներկայիս կառավարությունը և ժամանակին նախկին կառավարության գործողություններն օրինախախտում որակած Յուլյա Տիմոշենկոն տարաձայնություններ չունեն Տիմոշենկոյի նկատմամբ քրեական հետապնդման կապակցությամբ:

Եվրոպական դատարանի մամուլի հաղորդագրության համաձայն, դատարանը Կառավարության պարզաբանումները ստացել է՝ սկսած 2013 թվականի հունիսից՝ նախքան նախագահի պաշտոնը զբաղեցրած Յանուկովիչի փախուստը երկրից: Այս գործի քննության սկզբնական շրջանում Եվրոպական դատարանին պատասխան էր ուղարկել նախ նախորդ կառավարությունը:

Ուկրաինայի նոր Կառավարությունը ԵԴ-ին հասցեագրված գրության մեջ նշել է, որ «դիմումատուի նկատմամբ քրեական հետապնդումը տեղի է ունեցել քաղաքական մոտիվներով», բացի այդ՝ Կառավարությունը «խոստովանել է», որ իր նախորդ իշխանությունը խախտել է դիմումատուի բողոքի մեջ նշված Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին եվրոպական կոնվենցիայի հոդվածները:

Կառավարությունը դատարանին նաև տեղեկացրել է, որ պարզել է Կոնվենցիայի կետերի խախտման հանգամանքներն ու դատարանից խնդրել դիմումը չեղյալ համարել: 2014 թվականին դատարանը գրություն է ստացել նաև դիմումատու Յուլյա Տիմոշենկոյից: Նա դատարանին տեղյակ է պահել, որ համաձայն է նոր կառավարության փաստարկների հետ:

Եվրոպական Դատարանը եզրակացրել է, որ դիմումատու Տիմոշենկոյի համաձայնությունը ենթադրում է կողմերի միջև հարաբերությունների կարգավորում: Դատարանն արձանագրել է, որ կողմերի միջև հարաբերությունների կարգավորման պարագայում հարկ չկա շարունակել դիմումի քննությունը: Եվ այս պատճառաբանությամբ է դատարանը կասեցրել դիմումի քննությունը՝ դիմումը համարելով չեղյալ:

2011 թվականի հոկտեմբերին Կիևի Պեչերսկի դատարանը Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյին մեղավոր էր ճանաչել 2009 թվականին Ռուսաստանի հետ գազային համաձայնագրերի կնքման ժամանակ պաշտոնական դիրքը չարաշահելու համար և դատապարտել 7 տարվա ազատազրկման։

Յուլյա Տիմոշենկոն դատարանում հայտարարել էր.- «Այս աշխարհում կամ Ուկրաինայում ոչ ոք չի հավատում այն հանցագործություններին, որոնց մասին այստեղ խոսվեց»:

Ուշագրավ է, որ Տիմոշենկոյին ազատազրկման դատապարտած դատավորի նկատմամբ անցյալ տարվա հուլիսին՝ Վիկտոր Յանուկովիչի փախուստից հետո հայտարարվել էր հետախուզում: Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը դատավորին մեղադրում է միտումնավոր անօրինական դատավճիռ կայացնելու մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG