Մատչելիության հղումներ

Հայաստանի և Ռուսաստանի քննչական կոմիտեները համակարգող մարմին կստեղծեն


Աղվան Հովսեփյան, Ալեքսանդր Բաստրիկին
Աղվան Հովսեփյան, Ալեքսանդր Բաստրիկին

Աղվան Հովսեփյանը և Ալեքսանդր Բաստրիկինը ժամանել են ռուսական 102-րդ ռազմաբազա:

Հայաստանի և Ռուսաստանի քննչական կոմիտեների նախագահներ Աղվան Հովսեփյանը և Ալեքսանդր Բաստրիկինը քիչ առաջ ժամանեցին Գյումրի:

Մինչ քաղաք մտնելը, Հովսեփյանը և Բաստրիկինը եղան գերեզմանատանը, որտեղ ծաղկեպսակ դրեցին հունվարի 12-ին սպանված Ավետիսյանների ընտանիքի անդամների գերեզմաններին:

Մինչ այդ Հովսեփյանի և Բաստրիկինի միջև դռնփակ հանդիպում է տեղի ունեցել, որի արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել երկու երկրների քնչական կոմիտեների միջև այս գործով համագործակցության և փոխհամաձայնեցված գործողությունների, աշխատանքների արդյունավետ կազմակերպման նպատակով համակարգող մարմին ստեղծելու մասին:

Ռուսաստանից ժամանած բարձրաստիճան պաշտոնյան այսօր հանդիպել է նաև նախագահ Սերժ Սարգսյանին:

Նախագահական նստավայրի հաղորդմամբ, հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը կարևոր է համարել, որ այս հանցանքի քննության կապակցությամբ Ռուսաստանի ու Հայաստանի իրավապահների միջև ձևավորված համագործակցությունն ունենա արդյունավետ շարունակություն, իսկ սկսված գործընթացը հասցվի իր տրամաբանական ավարտին:

Ալեքսանդր Բաստրիկինը նշել է, որ իրենց հայաստանյան գործընկերների հետ ունեն լիարժեք փոխըմբռնում և հստակ պատկերացում, թե ինչպիսին պետք է լինի հայկական իրավապահ մարմինների կողմից իրականացվող քննության Ռուսաստանի իրավասու կառույցների ցուցաբերած օժանդակությունը: Այդ շրջանակներում ռուսական իրավասու մարմինների կողմից ինչպես Գյումրիում տեղակայված ռազմական բազայի, այնպես էլ Ռուսաստանի տարածքում կատարվող գործողությունները նպատակ ունեն ապահովել սպանության բոլոր վարկածների և գործի բոլոր հանգամանքների համակողմանի քննությունը, մեղավորների բացահայտումը և նրանց պատասխանատվության անխուսափելիությունը: Բաստրիկինը նաև վստահություն է հայտնել, որ այս գործով Հայաստանի Հանրապետությունում իրականացվելիք հրապարակային դատական քննությունը կդառնա արդարության և արդարադատության հասնելու երկու կողմերի ձգտման վկայությունը:

Պաշտոնական այս հաղորդագրության մեջ, սակայն, որևէ բառ չի ասվում գլխավոր կասկածյալին հայ իրավապահներին հանձնելու մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG