Մատչելիության հղումներ

Վախճանվել է բրիտանացի ռոքեր Ջո Քոքերը


Ջո Քոքեր, 2013թ.
Ջո Քոքեր, 2013թ.

ԱՄՆ-ից ստացված հաղորդագրության համաձայն, Քոլորադո նահանգում վախճանվել է բրիտանացի աշխարհահռչակ ռոք և բլյուզ երգիչ Ջո Քոքերը։ Նրա պրոդյուսեր Բարրի Մարշալը BBC ռադիոկայանին հաղորդել է, որ 70-ամյա երգիչը մահացել է թոքերի քաղցկեղից։

Ջո Քոքերը ծնվել է 1944 թվականի մայիսի 20-ին Անգլիայում` Շեֆիլդ քաղաքում, քաղծառայողի ընտանիքում։ 1960-ականներին աշխատել է Շեֆիլդի լցակայաններում և երգել քաղաքի տարբեր ակումբներում։

Քոքերը մշակել է բիթլերի With A Little Help From My Friends երգը, որը 1968-ին առաջին տեղն է գրավել բրիտանական հիթերի ցանկում։ Իսկ համաշխարհային ճանաչում է ստացել մեկ տարի անց այդ երգը փայլուն կատարելով ԱՄՆ-ում` Վուդսթոքի փառատոնում։

70-ականներին Քոքերը ակտիվ աշխատել է ռոք ասպարեզում, 80-ականներին թմրադեղերի և ալկոհոլի խնդիրներ է ունեցել, սակայն հաղթահարել է այդ բարդությունները։

Ջո Քոքերը ձայնագրել է շուրջ քառասուն ալբոմ, վաստակել է բազմաթիվ մրցանակներ, այդ թվում Գրեմի և Օսկար` 1982 թվականին Ջենիֆեր Վարնսի հետ «Սպան և ջենթլմենը» ֆիլմի երգի ձայնագրության համար։ Իսկ 2007-ին արժանացել է Բրիտանական կայսրության շքանշանին` երաժշտության բնագավառում մեծ ներդրում ունենալու համար։ Հյուրախաղերով է հանդես եկել ընդհուպ մինչև 2013 թվականը։

Քոքերը տասնամյակներ առաջ տեղափոխվել է ամերիկյան Քոլորադո նահանգ և ապրել իր ագարակում։ Ըստ «Թայմ» հանդեսի, երաժշտությունից զատ, Քոքերը լոլիկներ է աճեցրել ագարակում, սիրել է զբոսնել նահանգի լեռներում, ձկնորսությամբ զբաղվել, ժամանակ անցկացնել կնոջ` Փամելայի, դստեր` Զոյայի, երկու թոռների, եղբոր` Վիկտորի, ինչպես նաև հարևանների և բարեկամների հետ։

Ռոքի առասպելական աստղերը մեծ ափսոսանքով են արձագանքել Քոքերի մահվան լուրին։

Սըր Փոլ ՄըքՔարթնի. - «Շատ տխրեցի։ Նա հրաշալի, բարի, իսկական հյուսիսցի տղա էր, շատ էի սիրում նրա երգը»։

Ռինգո Սթար. - «Ցտեսություն, Աստված լուսավորի Ջոյի հոգին, խաղաղություն ու սեր նրան»։

Ռիք Ուեյքման. - «Ամենակարևորն այն է, ինչ թողնում են Ջոյի նման մարդիկ, նրա երգերն առհավետ կլինեն մեզ հետ»։

Ջո Քոքերի մահվան առիթով ցավակցություն են հայտնել Սթիվեն Թայլերը, Լեննի Քրավիցը, Բրայան Ադամսը և հայտնի այլ կատարողներ, ինչպես նաև շոու բիզնեսի և ձայնագրական արտադրության պաշտոնյաներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG