Մատչելիության հղումներ

Վրաստանի ՊՆ-ն մեղադրում է Սաակաշվիլիին և նրա կողմնակիցներին


Ուկրաինա - Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ելույթի է ունենում Կիևում անցկացվող հանրահավաքում, մարտ, 2014թ․
Ուկրաինա - Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ելույթի է ունենում Կիևում անցկացվող հանրահավաքում, մարտ, 2014թ․

Ուկրաինական Ազգային գվարդիայի կամավոր, Վրաստանի 32-ամյա քաղաքացի Ալեքսանդր Գրիգոլաշվիլիի մահը դարձավ այն հերթական առիթը, որը կրկին լարվածություն առաջացրեց վրացական իշխանությունների և նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցների միջև:

Սկանդալը ծագեց այն բանից հետո, երբ Վրաստանի պաշտպանության նախարարությունը Լուգանսկի մարզում մարտական գործողությունների ժամանակ զոհված Գրիգոլաշվիլիի մահվան պատասխանատվությունը բարդեց Սաակաշվիլիի և նրա կողմնակիցների ուսերին:

«Գրիգոլաշվիլիի մահվան ողջ պատասխանատվությունը կրում են նախկին իշխանությունների այն ներկայացուցիչները, ովքեր կոչ են անում Վրաստանի քաղաքացիներին մասնակցել երկրի սահմաններից դուրս ընթացող մարտական գործողություններին», - նշված էր Վրաստանի պաշտպանության նախարարության հայտարարությունում:

Նույն հայտարարության մեջ նաև տեղեկություն կար, որի համաձայն՝ Գրիգոլաշվիլին վրացական բանակի նախկին պայմանագրային զինծառայող էր:

Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցները երկրի պաշտպանական գերատեսչության այս հայտարարությանը շատ կտրուկ հակադարձեցին:

«Ազգային միացյալ շարժում» կուսակցության արտաքին կապերի պատասխանատու Գիգա Բոկերիան հայտարարում էր․ - «Ես ամաչում եմ, որ Վրաստանը նման պաշտպանության նախարար ունի: Այն, ինչ արեց ռազմական գերատեսչությունը, միայն մեկ բառով կարող է բնութագրվել` քաղաքական սրիկայություն: Մի մոռացեք, որ Գրիգոլաշվիլին կռվում էր հանուն Ուկրաինայի, այսինքն՝ նաև հանուն Վրաստանի ազատության: Նա կռվում էր մեր ընդհանուր թշնամու դեմ»:

Կիրակի օրն արդեն, բողոքելով Պաշտպանության նախարարության հայտարարության դեմ, գերատեսչության շենքի մուտքի մոտ մի քանի տասնյակ ակտիվիստներ էին հավաքվել` վրացական և ուկրաինական դրոշներով:

Հանրային այս ճնշումն էր թերևս պատճառը, որ ստիպեց Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին ափսոսանք հայտնել ենթակաների պահվածքի համար:

Գուդաուրի այցի ժամանակ վրացական կառավարության ղեկավարը երեկ ասաց․ - «Պաշտպանության նախարարության հայտարարությունն ինձ էլ դուր չեկավ: Իմ խորին համոզմամբ՝ Պաշտպանության նախարարությունը նման քաղաքական հայտարարություններով հանդես գալու իրավունք չունի: Մյուս կողմից՝ կոչ կանեի ամեն ինչ չափազանց դրամատիկ երանգներով չներկայացնել: Բոլորն էլ կարող են սխալվել: Ինձ թվում է՝ հարցը կարելի է լուծել շատ պարզ` ներողություն խնդրելով․ չեմ կարծում, թե դա շատ մեծ դժվարություն կներկայացնի Պաշտպանության նախարարության համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG