Մատչելիության հղումներ

Պուտինն այսօր իր ամենամյա մամուլի ասուլիսով հանդես կգա


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ

Ակնկալվում է, որ այսօր Պուտինը կհայտարարի երկրի տնտեսությունը փրկելու իր սցենարը։

Այսօր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես կգա ամենամյա մամուլի ասուլիսով։ Ասուլիսին կմասնակցեն հազարից ավելի լրագրողներ։

Դիտորդների խոսքով, ասուլիսն անցկացվում է այն ժամանակ, երբ Ռուսաստանում բարդ իրավիճակ է, ռուսական տարադրամի շուկայում, մեղմ ասած, խուճապ է, առաջիկայում սպասվում են մթերքի և ընդհանրապես բոլոր տեսակի ապրանքների լուրջ թանկացում, և այս ամենն ուկրաինական ճգնաժամի և Արևմուտքի սահմանած նոր պատժամիջոցների սպառնալիքների ֆոնին։ Փորձագետներն ակնկալում են, որ Պուտինին ուղղված հարցերի մեծ մասը հենց այս թեմաների շուրջ են լինելու։

Ասուլիսի կազմակերպիչների խոսքով, չկա նախօրոք կազմակերպված սցենար և Պուտինը կպատասխանի այն հարցերին, որոնք կհնչեցնեն ներկա գտնվող լրագրողները։ Նախատեսված է, որ ասուլիսին կմասնակցեն նաև ուկրաինացի լրագրողներ։

Հիշեցնենք, անցած տարի դեկտեմբերին ավանդական այս մամլո ասուլիսից հետո Պուտինը հայտարարեց կալանավորված նախկին օլիգարխ Միխայիլ Խոդորկովսկուն ազատ արձակելու մասին:

Ակնկալվում է, որ այսօրվա ասուլիսին Պուտինը կհայտարարի երկրի տնտեսությունը փրկելու իր սցենարը, սակայն փորձագետների համար դժվար է կանխատեսել, թե ինչ տոնայնության մեջ կլինեն Արևմուտքի և Ուկրաինայի մասին Պուտինի այսօրվա հայտարարությունները։

Նշենք, որ երեկ երեկոյան ռուսական ռուբլու փոխարժեքը մի փոքր բարձրացել է. ֆոնդային բորսան փակվելու պահին 1 ԱՄՆ դոլարն արժեր 59 ռուբլի 55 կոպեկ, իսկ 1 եվրոն 74 ռուբլի այն դեպքում, երբ երեկ կեսօրին 1 ԱՄՆ դոլարը վաճառում էին 72 ռուբլի, իսկ եվրոն 92 ռուբլուց ավել։ Մոսկվայում այսօր դոլար գնելը բավականին բարդ է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG