Մատչելիության հղումներ

Թատրոնի վերանորոգման նպատակով կառավարությունը 7 միլիոն եվրոյի վարկ է վերցնում


Կառավարությունն այսօր որոշեց 7 միլիոն եվրոյի վարկ վերցնել ավստրիական «Էրստե» բանկից՝ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը վերանորոգելու համար:

Վարկը տրամադրվելու է 23 տարի ժամկետով, կառավարության ներկայացրած տեղեկանք-հիմնավորման մեջ նշված է, որ 6.5 տարին արտոնյալ է լինելու՝ տոկոսադրույքը 0%, բայց ի՞նչ տոկոսադրույք է ունենալու վարկը մնացած 16.5 տարիների համար նույն հիմնավորման մեջ նշված չէ:

Այսօր չհաջողվեց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանից պարզաբանում ստանալ, թե ինչու՞ են որոշել նման մեծածավալ վարկի միջոցով վերանորոգել Սունդուկյանի անվան թատրոնը, որը մոտ տասը տարի առաջ նորոգվել էր «Լինսի» հիմնադրամի միջոցներով:

Փոխարենը, թատրոնի տնօրեն Ստեփան Դավթյանը «Ազատությանը» ասաց, որ այդ գումարով վերանորոգվելու է բեմը՝ իր մեխանիզմներով, փոխվելու են դահլիճի բոլոր նստատեղերը, ձայնային, լուսային նորագույն տեխնիկա է տեղադրվելու: Տնօրենից հետաքրքրվեցինք՝ իսկ թատրոնը իր եկամուտների միջոցով կկարողանա՞ մարել վարկը, որպեսզի այն հարկատուների համար բեռ չդառնա:

«Այդպիսի գումար թատրոնը ի վիճակի չէ փակելու այսօրվա հանդիսատեսի հաճախելիության, գնային քաղաքականության պայմաններում: Մեր տոմսերը ընդամենը հազարից երկու հազար հինգ հարյուր դրամ են, դա շատ չնչին գումար է այսօր», - պատասխանեց Դավթյանը:

Թատրոնի տնօրենը մանրամասնեց՝ տոմսերի վաճառքից ու դահլիճը վարձակալության հանձնելուց թատրոնն այս տարի ծրագրում է ստանալ ընդամենը 53 միլիոն դրամ՝ այսօրվա փոխարժեքով՝ շուրջ 97 հազար եվրո: Եթե պատկերացնենք, որ այդ ողջ գումարը ուղղվելու է վարկի մարմանը, ապա կպահանջվի ավելի քան 72 տարի միայն վարկի մայր գումարը հետ վերադարձնելու համար:

Հայաստանը պարտավորվում է «անդառնալիորեն հրաժարվել» Ավստրիայում իրեն պատկանող գույքի նկատմամբ անձեռնմխելիության իրավունքից...

Ի դեպ, արտգործնախարարությունը, վարկային այս համաձայնագրին դեմ է եղել, քանի որ դրա դիմաց Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է «անդառնալիորեն հրաժարվել» Ավստրիայում իրեն պատկանող գույքի նկատմամբ անձեռնմխելիության իրավունքից: Սա ենթադրում է, որ հետագայում դատական վեճի ժամանակ բանկը հնարավորություն կունենա բռնագրավել Հայաստանի դեսպանության գույքը, արգելանքի տակ դնել դեսպանության բանկային հաշիվները: Կառավարության տեղեկանքում կարդում ենք․ «[ԱԳՆ] դիրքորոշումը քննարկվել է համապատասխան իրավասու մարմինների հետ և կայացվել է վերջնական եզրակացություն»: Թե ինչ եզրակացություն է դա՝ գրված չէ:

«Հայկական ժամանակի» տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանը տարօրինակ բնութագրեց Կառավարության այս որոշումը:

«Ստացվում է, որ Կառավարությունը փող չունի մշակութային օբյեկտները վերանորոգելու, բայց միշտ փող է գտնում ադմինիստրատիվ գերճոխ շենքեր կառուցելու համար, օրինակ՝ Կենտրոնական բանկի Դիլիջանի մասնաճյուղը հարկատուների վրա նստել է 152 միլիոն դոլար: Մի քանի տասնյակ միլիոն դոլար ծախսել է Պետեկամուտների կոմիտեն՝ Դիլիջանում այսպես կոչված՝ ուսումնական կենտրոն կառուցելու համար, որի զբաղեցրած տարածքը մոտ 27 հեկտար է», - մատնանշում է Գևորգյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG