Մատչելիության հղումներ

Կիևում հանդիսավորությամբ բացվել է նորընտիր Գերագույն ռադայի առաջին նիստը


Այսօր Կիևում հանդիսավորությամբ բացվել է նորընտիր խորհրդարանի առաջին նիստը:

Նիստը բացել է Գերագույն ռադայի նախագահ Ալեքսանդր Տուրչինովը: Նա հույս է հայտնել, որ Ուկրաինայի միակ լեգիտիմ օրենսդիր մարմինը կաշխատի արդյունավետ և կառուցողական: Նոր ընտրված պատգամավորները միասին երդում են տվել:

Ուկրաինայի նոր խորհրդարանը անցել է աշխատանքի:

Ակնկալվում է, որ այսօր քվեարկություն կանցկացվի Գերագույն ռադայի նախագահ ընտրելու ու երկրի վարչապետ հաստատելու համար:

Խորհրդարանում մեծամասնություն ունեն արևմտամետ ուժերը՝ երկրի նախագահ Պետրո Պորոշենկոյի դաշինքը և վարչապետ Արսենիյ Յացենյուկի «Ժողովրդական ճակատը»:

Չնայած թվական գերակշռությանը՝ արևմտամետ ուժերը, բոլորը միասին, Ուկրաինայի 421 տեղանոց խորհրդարանում 288 մանդատ ունեն, այնուամենայնիվ նոր կառավարություն ձևավորելու համաձայնություն մինչև հիմա ձեռք չի բերվել: Ըստ վերլուծաբանների, պատճառն այն է, որ մի կողմից երկրի նախագահը, մյուս կողմից վարչապետը, ցանկանում են վերահսկել առանցքային նախարարությունները, ավելի պարզ ասած՝ ցանկանում են, որ կարևոր նախարարական պաշտոններում իրենց թեկնածուները նշանակվեն:

Այսօրվա հանդիսավոր նիստին պատգամավորներից բացի ներկա են եղել Ուկրաինայի նախկին նախագահները՝ Լեոնիդ Կուչման, Լեոնիդ Կրավչուկը, Վիկտոր Յուշչենկոն, ներկայիս վարչապետ Արսենիյ Յացենյուկը, կառավարության անդամներ, Ուկրաինայում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ:

Նիստի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք են մատուցել Ուկրաինայի արևելքում զոհված ուկրաինացիների հիշատակին:

Իսկ երկրի արևելքում զինված բախումները չեն դադարում: Ուկրաինական բանակի հատուկ գործողության մամուլի ծառայությունը հաղորդում է, որ անցած մեկ օրվա ընթացքում ռուսամետ անջատականների գործողությունների հետևանքով Դոնբասում երկու խաղաղ բնակիչ է զոհվել, ութ մարդ վիրավորվել է: Ըստ հաղորդագրության ռուսամետ անջատականները 50 անգամ խախտել են հրադադարի ռեժիմը:

Մյուս կողմից, «Ինտերֆաքսը», հղում անելով այսպես կոչված Դոնեցկի ժողովրդական հանրապետության աղբյուրներին, հաղորդում է, որ անցած գիշերվա ընթացքում ուկրաինական հրետանու գնդակոծության հետևանքով Դոնեցկում 13 խաղաղ բնակիչ է զոհվել:

Չնայած սեպտեմբերին ստորագրված հրադադարի համաձայնության՝ բախումները չեն դադարում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG