Մատչելիության հղումներ

Ակտիվիստը դատարանից պահանջում է գործում ներգրավել Ֆինանսների նախարարությանը


Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ակցիա, 1-ը հուլիսի, 2014թ.
Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ակցիա, 1-ը հուլիսի, 2014թ.

Դատարանը որոշումը կկայացնի եռօրյա ժամկետում։

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ հունիսի 23-ին տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանական բաժին տարված և Վարչական դատարանի առջև որպես պատասախանող կանգնած ակտիվիստՎահան Դուրինյանն այսօր դիմեց դատարանին՝ Ֆինանսների նախարարությանը որպես կողմ գործում ներգրավելու համար:

Հայցվոր կողմը՝ ոստիկանությունը, պահանջում է տուգանել բողոքի ակցիայի օրը բերման ենթարկված Դուրինյանին, ով ըստ հայցվորի, չի կատարել ոստիկանի պահանջը:

Նախորդ նիստի ժամանակ Դուրինյանի շահերը պաշտպանող Սերգեյ Գրիգորյանը հակընդդեմ հայց ներկայացրեց՝ պնդելով, որ հենց ոստիկաններն են ապօրինի գործողություններ իրականացրել և պահանջեց ոստիկանությունից փոխհատուցել դատական բոլոր ծախսերը:

Դատարանը եռօրյա ժամկետում կկայացնի իր որոշուոմը Ֆինանսների նախարարությանը գործում ներգրավելու վերաբերյալ: Մինչ այդ իրավաբան Գրիգորյանը հիմնավորում է՝ հակընդդեմ հայցը բավարարելու դեպքում փոխհատուցվող գումարը դուրս է գրվելու պետական բյուջեից։

«Քանի որ նա է տիրապետում պետական գանձապետարանին և պետական բյուջեին, հետևաբար մեր եկամուտներից գումարներ պետք է դուրս գրվեն, այդ կապակցությամբ նա պետք է ներգրավվի որպեսզի պաշտպանություն իրականացնի», - ասաց Գրիգորյանը։

Նախնական նիստի երկրորդ օրը Դուրինայի շահերը ներկայացնող իրավաբանը շարունակեց պնդել, որ իր վստահորդը ոչ մի օրենք չի խախտել և ոստիկանությունը դեռ պետք է ապացուցի՝ արդյո՞ք ոստիկանները որևէ պահանջ են ներկայացրել ակտիվիստին, արդյո՞ք այդ պահանջը եղել է օրինական, չի՞ եղել արդյոք հնարավորություն արձանագրություն կազմել հենց դեպքի վայրում, ի՞նչ հիմքերով են ոստիկանները Դուրինյանին 3 ժամից ավել պահել անազատության մեջ:

«Ինչ վերաբերում է փողոց փակելուն՝ դա էլ է ակնհայտ, որ նման բան չի եղել՝ այսինքն պարոն Դուրինյանի գործողություններում զանցանքը բացակայում է, այսինքն նա չի կատարել այնպիսի արարք, որը Վարչական իրավախախտման վերաբերյալ օրենսգրքով նախատեսում է որևէ պատասխանատվություն», - ասաց իրավաբանը։

Հայցվոր կողմի՝ ոստիկանության շահերը դատարանում ներկայացնող Աիդա Դեմիրխանյանը վստահեցրեց, որ խառնաշփոթ իրավավիճակում հնարավոր չէր հենց տեղում արձանագրություն կազմել վարչական իրավախախտման մասին:

Հաջորդ նախնական նիստի ժամանակ որպես ապացույց Դեմիրխանյանը պատրաստվում է տեսաձայնագրություն ներկայացնել:

Հարցին, թե արդյո՞ք ոստիկանի պահանջը օրինական է եղել, ոստիկանության շահերի ներկայացուցիչը պատասխանեց, - «Ոստիկանների պահանջը պարտադիր է կատարման բոլորի համար, իսկ այնուհետև դա քննարկվում է՝ այդ պահանջը եղել է օրինական, թե՞ ոչ օրինական»։

Հայցվոր կողմը պահանջեց որպես վկա գործում ներգրավել այն ոստիկանին, որն այդ օրը բերման է ենթարկել Դուրինյանին և զեկուցագիր կազմել: Պատասխանող կողմը առարկեց այս միջնորդությանը՝ պնդելով, որ ոստիկանն արդեն իր զեկուցագրում ամեն ինչ ասել է և նոր տեղեկատվություն չի կարող հաղորդել դատարանին: Դատավորը մերժեց միջնորդությունն՝ ասելով, որ դրա անհարաժեշտությունը կլիներ այն դեպքում, եթե զեկուցագրում արձանգրվածը վիճելի լիներ:

Հիշեցնենք, որ հունիսի 23-ին՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ակցիա ժամանակ բերման ենթարկվեց 27 ակտիվիստ և նրանից առնվազն կեսի նկատմամբ այսօր ոստիկանությունը վարչական գործեր է հարուցել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG