Մատչելիության հղումներ

Հայաստանի մշտական բնակչությունը շարունակում է նվազել


Հայաստանի մշտական բնակչությունը շարունակում է նվազել
please wait

No media source currently available

0:00 0:03:39 0:00

Հայաստանի մշտական բնակչությունը շարունակում է նվազել:

Այս տարվա 9 ամիսների ընթացքում Հայաստանի մշտական բնակչությունը նվազել է շուրջ 3200-ով: Այս ժամանակահատվածում նաև Հայաստանից ավելի քան 13 հազարով ավելի շատ մարդ է մեկնել քան վերադարձել:

Այս տարվա 9 ամիսների ընթացքում Հայաստանի մշտական բնակչությունը նվազել է շուրջ 3200-ով: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության Մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանի, Երևանից հետո բնակչության թվի ամենամեծ նվազումն արձանագրվել է Հայաստանի ամենաաղքատ մարզերում:

«Ամենամեծ նվազումը արձանագրվել է Երևան քաղաքում, որին հաջորդում է Լոռու մարզը, այնուհետև Շիրակի մարզը, որտեղ որ բնակչության թվաքանակի նվազման միտումները շատ ավելի բարձր են մյուս մարզերի համեմատությամբ», - ասում է Մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետը:

Պաշտոնական տվյալներով, այս ժամանակահատվածում Հայաստանից ավելի շատ մարդ է մեկնել քան վերադարձել՝ շուրջ 13 հազար 600 մարդ:

«Միգրացիոն դեպքերը ավելի շատ Գեղարքունիքի մարզ, Լոռու մարզ, Շիրակի մարզ․․․ այսինքն՝ բնակչության թվաքանակի նվազումից իսկ արդեն ակնհայտ է դառնում, թե որտեղից են ավելի շատ արտագաղթի ցուցանիշները լինում», - մեկնաբանում է Կույումջյանը:

Ազգային վիճակագրական ծառայության ներկայացուցիչը նաև փաստում է, որ այս տարվա 9 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ մոտ 4.5 տոկոսով աճել են մահվան դեպքերը՝ ինչը պայմանավորված է հիվանդությունների աճով:

«Մասնավորապես՝ արյան շրջանառության համակարգի հիվանդությունների աճը կազմել է 8.2 տասնորդական և դա 49 տոկոսն է կազմում բոլոր մահերից, որն ամենաբարձր ցուցանիշն է: Դրան հաջորդում է նորագոյացություններից մահվան դեպքերը՝ ավելի քան 20 տոկոս», - նշեց նա:

Թեև այս տարի մոտ 10 հազարով ավելի շատ մարդ է ծնվել, քան մահացել, սակայն այս թիվը այնքան փոքր է , որ չի ազդել ծնելիության ցուցանիշի վրա: Ըստ Կույումջանի այն շարունակում է ցածր մնալ, Հայաստանը համարվում է ծերացող երկիր, բնակչության պարզ վերադրություն չի ապահովվում:

«Ծնելիության գումարային գործակիցը, ինչը մենք սովորաբար անվանում ենք պտղաբերության գործակից, մեկ կնոջ հաշվով ծնված երեխաների թվաքանակը իր վերարտադրողականության ժամանակահատվածում, դեռևս կազմում է 1.6 տասնորդական, այսինքն, ինքը հեռու է պարզ վերարտադրության համար անհրաժեշտ ցուցանիշից, ինչը պետք է լինի 2.1 առնվազն», - պարզաբանում է նա:

Հայաստանում երիտասարդ ընտանիքները շարունակում են մեծ մասամբ սահմանափակվել 1 կամ 2 երեխայով: Այդ մասին են վկայում Ազգային վիճակագրական ծառայության թվերը:

«Մեկ երեխա ունեցող տնային տնտեսությունների մասնաբաժինը՝ 18.3 տասնորդական, երկու երեխա ունեցող տնային տնտեսությունների մասնաբաժինը 19 տոկոս, երեք երեխա ունեցող տնային տնտեսությունների մասնաբաժինը 4.4 տասնորդական տոկոս, 4 երեխա ունեցողը՝ 0.8 տասնորդական տոկոս, 5 և ավելի երեխա ունեցողները՝ 0.3 տասնորդական տոկոս», - նշեց նա:

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը համոզված է, որ առաջիկայում թե՛ արտագաղթի, թե՛ մահացության, թե՛ ծնելիության առումով ավելի վատ ցուցանիշներ կգրանցվեն, քանի որ Հայաստանում օրեցօր աճում է աղքատությունը և բնակչության մեծ մասը չի հավատում, որ դրական փոփոխություններ կլինեն:

«Եթե խրախուսվում է բազմազավակությունը, բայց տասը զավակների մայրը ստիպված է նստացույց անել նախագահականի և կառավարության առաջ, որովհետև շանս չունի իր երեխաներին ապահովելու, այսինքն պարզագույն բանը` կառավարության որոշումը ուղղակի գործնականում չի կատարվում, չի խրախուսվում այդ բազմազավակությունը: Հիմա ինչո՞ւ պետք է ժողովրդագրական վիճակը փոխվի, եթե ո՛չ հույս կա տնտեսական վիճակի փոփոխության, ո՛չ հույս կա արդարության փոփոխության, բացարձակ անհավատություն է, թե մեր երկրի իշխանությունը ցանկություն, կարողություն, ծրագիր, հեռանկար ունի Հայաստանի բնակչության խնդիրներով զբաղվելու», - ասում է ազգագրագետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG