Մատչելիության հղումներ

Վարչապետն ու Պետգույքի վարչության պետը բանավիճեցին Կառավարության նիստի ժամանակ


Վարչապետն ու Պետգույքի վարչության պետը բանավիճեցին Կառավարության նիստի ժամանակ
please wait

No media source currently available

0:00 0:03:28 0:00

Պետգույքի վարչության պետ Արման Սահակյանի համար «զարմանալի է իրադարձությունների նման ընթացքը»:

Կառավարության այսօրվա նիստն առանձնացավ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և Պետական գույքի վարչության պետ Արման Սահակյանի բանավեճով:

Նիստում Սահակյանն առաջարկեց աճուրդով վաճառել Երևանի Կիևյան փողոցում գտնվող, ավելի քան 450 քառակուսի մետր կազմող բնակելի տունը՝ ավտոտնակով և կաթսայատնով, որը 120.7 հազար ԱՄՆ դոլարին համարժեք պարտքի դիմաց անցել է պետությանը:

Պետգույքի վարչության պետը մանրամասնեց, թե տունը տնտեսական դատարանի 2007 թվականի վճռով հաստատված հաշտության համաձայնությամբ հանձնվել է Ֆինանսների նախարարությանը:

Ըստ Արման Սահակյանի ներկայացրած նախագծի, հաշտության համաձայնությամբ հաստատվել է, որ պարտատերը (այսինքն՝ պետությունը) պետք է իրացնի տվյալ գույքը և ստացված միջոցները փոխանցի պետբյուջե: Բացի այդ՝ 2007-ից սկսած պարտապանները երեք տարի ժամկետ ունեին, որպեսզի այդ տունը իրենք գնեին, սակայն ժամկետն անցել է, նրանք չեն օգտվել իրենց այդ իրավունքից և տունն էլ չի վաճառվել:

Երբ Սահակյանը վերջացրեց, վարչապետը հարց բարձրացրեց․- «Էնտեղ մարդիկ են ապրո՞ւմ»:

Սահակյան․ - Հենց էդ մարդիկ են պարտք պետությանը:

Աբրահամյան․ - Հիմա էդ մարդկանց հանելո՞ւ ենք:

Սահակյան․ - Դե պիտի օտարենք, որ պարտքը վերականգնվի, սա արդեն 2007 թվականից սկսած․․․

Աբրահամյան․ - Բա էդ մարդիկ ի՞նչ պայմաններում են էնտեղ ապրում:

Սահակյան․ - Անհատույց օգտագործման պայմաններով: Պարոն վարչապետ, տնտեսական դատարանի 2007 թվականի․․․

Աբրահամյան․ - Հասկացա, հիմա իմ հարցին պատասխանի՝ էդ մարդիկ էնտեղ ապրո՞ւմ են, օտարենք, էդ մարդկանց թողենք փողո՞ց:

Սահակյան․ - Պարոն վարչապետ, պետական գույք է դա․․․

Աբրահամյան․ - Հասկացանք պետական գույք է, պարտք են, բա սոցիալական խնդի՞րը, ի՞նչ սոցիալական խնդիր ենք լուծում էդ մարդկանց համար: Ես առաջարկում եմ էսօր էս նախագիծը հանել օրակարգից, լրացուցիչ կքննարկենք:

Նախագիծը հանվեց օրակարգից:

«Զարմանալի էր նման ընթացքը»

Կառավարության նիստից հետո «Ազատության» հետ զրույցում Արման Սահակյանն ասաց, թե հարցը մինչև Կառավարության օրակարգում հայտնվելը բազմիցս քննարկվել:

«Ինձ համար էլ էր զարմանալի իրադարձությունների նման ընթացքը», - նշեց նա, «Քանի որ հարցը մինչ Կառավարության օրակարգում հայտնվելը բազմիցս քննարկվել է: Այս պահին այլ մեկնաբանությունների կարիք չեմ տեսնում»:

«Ես կարծում եմ, որ մենք որոշակի ժամանակահատված նորից հնարավորություն կտանք կոնկրետ էդ գույքի սեփականատերերին ու նախկին սեփականատերերին, որպեսզի իրենց կողմից էդ 120 հազար 737 դոլար վերցրած վարկը կարողանան փակել, չնայած 2007 թվականից մինչև այսօր էդ հնարավորությունը իրենք ունեցել են», - ասաց Սահակյանը:

Լրացուցիչ 51 միլիոն՝ Ֆիննախին

Կառավարության այսօրվա նիստը նշանավորվեց ևս մեկ որոշմամբ․ գործադիրը որոշեց Ֆինանսների նախարարությանը հատկացնել լրացուցիչ 51 միլիոն դրամ՝ Դիլիջանում գտնվող նախարարության ուսումնական կենտրոնի համար ևս 2.6 հեկտար հողատարածություն ձեռք բերելու և այնտեղ «վերակառուցման նախագծանախահաշվային աշխատանքներ» իրականացնելու համար:

«Հայկական ժամանակի» տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանը «Ազատության» հետ զրույցում հարց բարձրացրեց, թե արդյո՞ք նպատակահարմար է ունենալ մոտ 30 հեկտարի հասնող ուսումնական կենտրոնը:

«Որովհետև եթե վերցնենք էդ 28 հեկտարի վրա կարելի ա մեծամասշտաբ զորավարժություններ իրականացնել: Պետական եկամուտների կոմիտեն, Ֆինանսների նախարարությունը երբեք ոչ ոքի չի տրամադրել ամբողջական տեղեկատվություն, թե մինչև հիմա ինչքան է ծախսվել այդ կառույցի վրա և սրանից հետո ինչքան կծախսվի: Ուղղակի մոտավորապես գնահատելով կատարված աշխատանքները՝ կարելի է ասել, որ այդտեղ մի քանի տասնյակ միլիոն դոլար արդեն ծախսվել է», - ասաց Հայկ Գևորգյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG