Մատչելիության հղումներ

Հայրապետյանը դժգոհ է մարզչի աշխատանքից, բայց նրան պաշտոնանկ չի անի


Հայրապետյանը դժգոհ է մարզչի աշխատանքից, բայց նրան պաշտոնանկ չի անի
please wait

No media source currently available

0:00 0:03:05 0:00

Պորտուգալիայից կրած պարտությունից հետո Հայաստանի հավաքականի մարզիչը դժգոհել էր խաղին նախորդող կազմակերպչական աշխատանքներից:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը դժգոհ է Հայաստանի հավաքականի մարզիչ Բեռնար Շալանդի աշխատանքից: Պորտուգալիայի ընտրանուն պարտվելուց հետո ֆեդերացիայի նախագահը մատնացույց է անում Եվրոպայի առաջնության ընտրական փուլի աղյուսակը. երեք խաղերից հետո Հայաստանն ընդամենը մեկ միավոր ունի: Այդուհանդերձ, Ռուբեն Հայրապետյանն առայժմ պաշտոնանկ չի անելու շվեյցարացի մարզչին:

«Իսկ դուք կարծում եք, որ նոր մարզիչը այս երեք ամսում շատ արագ հասկանալո՞ւ է՝ մեր հավաքականին ինչ է պետք և շատ արագ կարգավորելո՞ւ է այդ հինգ խաղի ելքը: Այո, մեծ հաճույքով կհանեի Շալանդին, եթե ես իմանայի՝ գալու է այն կախարդական փայտիկով մարզիչը․․․», - ասաց Ռուբեն Հայրապետյանը:

Ինքը՝ Բեռնար Շալանդը Պորտուգալիայի հետ խաղից հետո զայրացած դժգոհել էր, թե պորտուգալացիները մարզվելու համար վատ խաղադաշտ էին տրամադրել Հայաստանի հավաքականին, ավտոբուսի վարորդը շփոթել էր մարզադաշտի ճանապարհը՝ մոտ մեկ ժամ պտտելով քաղաքով:

«Վատ պարողի պատմությունը գիտեք չէ՞: Շալանդը թող պրոբլեմները ուրիշ տեղ ման գա: Մեր վատ ֆուտբոլ խաղալը բարդում ենք իրանց ֆեդերացիայի վրա՞», -հարցրեց Հայրապետյանը:

Իսկ վատ ֆուտբոլը, ըստ նրա, հենց Շալանդի մարտավարական սխալների պատճառով էր, բայց միևնույն է՝ նախկին մարզիչ Վարդան Մինասյանն այլևս չի վերադառնա պաշտոնին․ - «Մեր երկրին պետք չի արտասահմանցի մարզիչ: Բայց բոլորը ինձ ճնշեցին, ճնշեցին, թե մեզ պետք է արտասահմանցի, բերեցի: Ինչ մնում է Վարդան Մինասյանին՝ մարդը աշխատում է, ո՞նց ենք հանում աշխատանքի տեղից: Վարդանը ինքը շատ խորապես վիրավորված է և ֆուտբոլիստներից, և լրագրողներից, երկրպագուներից: Մոռացել են, թե ինչ կատարեցին էդ տղու գլխին»:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դեռ ամեն ինչ ավարտված չի համարում․ շանս կա, որ հավաքականը դուրս կգա այս իրավիճակից՝ նվաճելով «Եվրո-2016»-ի ուղեգիրը:

«Եթե մենք մտածում ենք՝ մեզ շատ գոլ չխփեն, ի՞նչ շանսի մասին կարելի է մտածել, բայց մենք դեռ ժամանակ ունենք, հնարավոր է որոշ բաներ փոխել, Շալանդը փորձառու մարզիչ է, հետևություններ կանի», - ասաց Հայրապետյանը:

Հավաքականի դռները բաց են բոլոր տաղանդավոր հայ ֆուտբոլիստների առջև, նրանք հրավիրվում են աշխարհի տարբեր անկյուններից, բայց իրենք էլ պիտի ուզեն գալ․ - «Սկսում են ազգային հավաքականի հետ բազարներ տանել, այսինքն՝ այդպիսի ֆուտբոլիստներ են՝ Թովմասյան, Գևգևոզյան, Մալոյան․․․ Մալոյանին 8 անգամ մենակ ես եմ հրավիրել, «Պորշե» մեքենա է ուզել, ասել եմ՝ տալիս եմ, էլի նորից չի եկել: Հիմա Մալոյանը ազգային հավաքական պիտի գա ինչի՞ համար, սրտով պիտի գա»:

Հավաքականի մասնակցությամբ երևանյան վերջին խաղին տրիբունաները կիսադատարկ էին, տոմսերը թանկացել էին․ - «Պիտի պարտադիր Գալկինը գա համերգի, որ մեր ազգը լեփ լեցուն դահլիճ լինի, իսկ տոմսերի թանկացման պատճառն այն է, որ մենք համարում ենք, որ թանկ չի և պետք է Ֆուտբոլի ֆեդերացիան շահույթ ստանա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG