Մատչելիության հղումներ

Սահմանամերձ համայնքների բնակիչները սոցիալական աջակցություն կստանան


Սահմանամերձ համայնքների բնակիչները սոցիալական աջակցություն կստանան
please wait

No media source currently available

0:00 0:03:28 0:00

Սահմանամերձ 31 համայնքների կոմունալ ծախսերը՝ գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի վարձերը կառավարությունը նախատեսում է փոխհատուցել մասամբ, հողի հարկն ու գույքահարկն՝ ամբողջությամբ։

Հաջորդ տարվանից սահմանամերձ համայնքների բնակիչները սոցիալական աջակցություն կստանան։

31 համայնքների կոմունալ ծախսերը՝ գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի վարձերը կառավարությունը նախատեսում է փոխհատուցել մասամբ, հողի հարկն ու գույքահարկն՝ ամբողջությամբ։ Գազ չօգտագործողները օգտագործողներին տրվող փոխհատուցման չափով գումար կստանան։

Անորոշ է միայն փոխհատուցումների չափը, ասաց տարածքային կառավարման նախարարի պաշտոնակարար Վաչե Տերտերյանը։

«Այդ համայնքներում կգնահատվի էլեկտրաէներգիայի միջին սպառումը, գազի միջին սպառումը և դա կվերցվի որպես բազային չափանիշ այդ փոխհատուցումները տրամադրելու համար»,- ասաց Տերտերյանը։

Ռազմական գործողությունների հետևանքով օթևանից զրկված բնակիչներին մեկ ամսվա ընթացքում նույն համայնքում տուն կտրամադրվի, վիրավորվելու դեպքում՝ պետպատվերի շրջանակներում բուժում, զոհվածների ընտանիքներին օգնություն՝ հուղարկավորության ծախսերը հոգալու համար։

Ավելի վաղ կառավարությունն առաջարկել էր հարկերից ազատել սահմանամերձ համայնքներում ձեռնարկատիրությամբ զբաղվողներին։ Այդ նախաձեռնությունը որոշ պատգամավորներ ամենախիստ քննադատության ենթարկեցին։ Նիկոլ Փաշինյանը կառավարության այդ քայլը՝ «ամառային հայրենասիրական ուտուշ-խմուշներից, սրտաճմլիկ կենացներից հետո սահմանամերձի բնակիչներին գցել, արհամարհել» որակեց։

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր ասաց՝ կրքերը սոցիալական աջակցության այս առաջարկով կհանդարտվեն։ Նրա խոսքով՝ խորհրդարանական բոլոր ուժերի, նաև՝ Նիկոլ Փաշինյանի առաջարկներն է կառավարությունը ամփոփել օրենքի նախագծում։

Էդուարդ Շարմազանովը հավելեց.- «Սա քաղաքական երկխոսության դասական օրինակ է»։

Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը կարծում է՝ բոլոր խնդիրները լուծված չեն այս օրինագծով․ադրբեջանցիների թիրախի տակ գտնվող 10-15 գյուղերի բնակության անվտանգությունը ուժեղացնելու հարցն է հրատապ։

«Սա նշանակում է, որ պետք է, ըստ էության, ապահովել ռազմական բազայի պահպանմանը բնորոշ պայմաններ»,- ասաց պատգամավորը։

Շատ այլ առաջարկներ հնչեցին, որոնք անարձագանք չթողեց ՀԱԿ-ից Գագիկ Ջհանգիրյանը.- «Քանի որ մեր գործընկերները բոլոր խմբակցություններից եղել են սահմանամերձ գյուղերում, իրենց մաշկի վրա զգացել են այդ խնդիրները, այստեղ տարբեր առաջարկություններ են անում։ Վստահ եմ, եթե մի քանի օր էլ լինեիք առաջին գծում, երկու գիշեր էլ քնեիք բլինդաժներում, լրիվ ուրիշ առաջարկություններ կանեիք։ Հիմա մենք չպետք է մի ծայրահեղությունից անցնենք մեկ այլ ծայրահեղություն»։

Կառավարությունը սոցիալական այս արտոնությունները նախատեսում է առաջիկա երեք տարիների համար։ Ժամկետներ սահմանելը անհանգստացրել էր անգամ հանրապետականներին։

Նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը հորդորեց չթուլացնել նախագիծը.- «Ես կառաջարկեի ընդհանրապես այդ ժամկետը հանել»,- ասաց նա։

Արմեն Ռուստամյանն էլ դիմեց Վաչե Տերտերյանին.- «Երևի նկատի ունեք, որ ուզում եք երեք տարում Ղարաբաղի հարցը լուծվի։ Եթե դա ենք ուզում, գրեք մի տարի։ Ի՞նչ կարիք կա ինչ-որ տարի նշել»։

Տերտերյանը չընդառաջեց պատգամավորներին.- «Կարելի է հակառակ դիրքորոշումն էլ ունենալ. եթե ընդհանրապես ժամկետ չենք դնում, ապա մեսիջ ենք տալիս, որ մշտապես այդպես էլ լինելու է»։

XS
SM
MD
LG