Մատչելիության հղումներ

Թուրք ազգայնամոլները Ստամբուլում հարձակվել են ամերիկացի ծովայինների վրա


Թուրքիայի իշխանությունները ձերբակալել են ազգայնամոլ խմբի 12 անդամների, սակայն քիչ անց ազատ են արձակել։

Թուրքիայի ազգայնամոլ երիտասարդական խմբերից մեկի անդամները հարձակում են գործել Ստամբուլի նավահանգստում խարիսխ նետած ամերիկյան USS Ross ռազմանավի երեք ծովայինների վրա՝ նրանց վրա լցրել կարմիր ներկ, գլխին սպիտակ պարկեր հագցրել ու վանկարկել հակաամերիկյան կոչեր։

Թուրքիայի իշխանությունները ձերբակալել են ազգայնամոլ խմբի 12 անդամների, սակայն քիչ անց ազատ են արձակել։

Զբոսաշրջիկների կենտրոն համարվող Էմինոնու թաղամասում իրականացված հարձակումը Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպանատունն անվանել է «զարհուրելի»։

Թուրքիայի արտգործնախարարության հրապարակած հայտարարության համաձայն՝ Անկարան դատապարտում է «այս անհարգալից քայլը, ինչը որևէ կերպ հանդուրժելն անհնար է»։

Սակայն դեռևս պարզ չէ, թե այս «անհարգալից» քայլի համար ինչ պատիժ է սպասվում թուրք ազգայնամոլներին։

Ամերիկացի երեք զինվորականների դեմ հարձակման ժամանակ կիրառված կարմիր ներկը խորհրդանշում է արյուն ընդդեմ ԱՄՆ-ի։ Իսկ սպիտակ պարկերը հիշեցնում են 2003 թվականը, երբ Հյուսիսային Իրաքում ամերիկացի զինվորականները գերել էին թուրք մի քանի զինվորների ու նրանց գլխին հագցրել տոպրակներ։ Այն ժամանակ Թուրքիան թույլ չէր տվել, որ Ինջիրլիքի ռազմական օդանավակայանն Ամերիկան գործածեր դեպի Իրաք ներխուժում սկսելու համար։ Այսինքն, կողմերի միջև լարվածությունը սկսվել է 2003-ից՝ Իրաքի, ու շարունակվում է մինչ օրս՝ «Իսլամական պետություն» խմբավորման պատճառով։

«Մեր խումբը բողոքի այս ակցիան կազմակերպել էր ի հիշատակ սպանված միլիոնավոր այն անմեղ մարդկանց, ովքեր դարձել են Մերձավոր Արևելքում իմպերիալիզմի զոհ», - ասված է թուրք երիտասարդական այս կազմակերպության էջում:

Սակայն սա միայն ազգայնամոլ խմբավորման դիրքորոշումը չէ։ Վերջին հարցումներից մեկի համաձայն՝ Թուրքիայում Ամերիկայի դեմ տրամադրություններ ունի բնակչության 64 տոկոսը։

Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի անդամ երկու պետությունների հարաբերություններում լարվածությունը խորացավ, հատկապես երբ Անկարան հրաժարվեց լիովին պաշտպանել Իրաքում ու Սիրիայում «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման դեմ ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող ռազմական գործողությունները։ Եվ այսօր Օբամայի վարչակազմը փորձում է փոփոխության ենթարկել իր քաղաքականությունը՝ հենվելով այն տեսակետի վրա, որ առանց Սիրիայում Բաշար ալ-Ասադի իշխանության տապալման հնարավոր չի լինելու պարտության մատնել «Իսլամական պետություն» խմբավորմանը։

«Դրա պատճառներից մեկն այն է, որ Թուրքիան հենց դա է պահանջում», - ասել է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG