Մատչելիության հղումներ

Նախարարությունն առաջարկում է քրեորեն պատժելի դարձնել սեռով պայմանավորված աբորտները


Նախարարությունն առաջարկում է քրեորեն պատժելի դարձնել սեռով պայմանավորված աբորտները
please wait

No media source currently available

0:00 0:03:22 0:00

Վարչապետի խոսքով՝ իրեն խիստ անհանգստացնում է, որ այսօր հազարավոր մայրեր ենք կորցնում ենք:

Հաջորդ տարվա գարնանը Կառավարության քննարկմանը կներկայացվի մի օրինագիծ, որով նախատեսվում է քրեական պատասխանատվություն սահմանել այն բժիշկների համար, որոնք սեռով պայմանավորված կընդհատեն կնոջ հղիությունը: Առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանն ասում է, որ պտղի սեռը հնարավոր է լինում հստակ որոշել հղիության 12-րդ շաբաթից հետո, իսկ այդ շրջանում ընդհատումները օրենքով արգելված են:

Նման իրավիճակում բժիշկները երբեմն դիմում են խորամանկության և ընդհատումը ձևակերպում որպես բժշկական ցուցումով պայմանավորված անհրաժեշտություն: Մինչդեռ հղիությունը հաճախ ընդհատվում է, քանի որ ծնողները ցանկանում են տղա ունենալ, ոչ թե աղջիկ։ Եթե այս նախագիծը օրենք դառնա, ապա բժիշկներն ավելի զգոն կլինեն, համոզված է Սարիբեկյանը:

«Էս դեպքում, եթե մենք ամրագրում ենք էս փաստը, որ Հայաստանում արգելված է սելեկտիվ աբորտը, ապա այդ փաստը հայտնի դառնալու դեպքում, ինքը ինքնաբերաբար հայտնվում է քրեական վարույթում», - ասաց Սարիբեկյանը:

Հիշեցնենք, մի քանի ամիս առաջ Առողջապահության նախարարությունը Կառավարությանը մեկ այլ օրինագիծ էր ներկայացրել, որով առաջարկում էր սեռով պայմանավորված աբորտների դեմ պայքարել միչև 30 շաբաթական հղիության շրջանը՝ արգելելով հայտնել պտղի սեռը: Այսօր այդ տարբերակին այլևս չեն անդրադառնում, քանի որ քննարկումների արդյունքում պարզ դարձավ, որ նման արգելքը չի լուծի խնդիրը, և մեծ կոռուպցիոն ռիսկեր կառաջացնի:

Դրա փոխարեն Կառավարությունը պլանավորում է վերանայել և խստացնել 12 շաբաթականից հետո հղիության ընդհատման ցուցումները:

«Հնարավոր է, որ սա կաշխատի, և այն անցքերը, որոնք կան, որ հնարավորություն են տալիս շատ ավելի ազատ գտնելու այդ բժշկական ցուցումները նույնպես կխստացվեն», - նշեց Սարիբեկյանը:

Հիշեցնենք, որ Կառավարության անցած նիստի ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը անդրադարձել էր սեռով պայմանավորված աբորտներին՝ Առողջապահության և Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարություններին հանձնարարելով Հայաստանում վիճակը շտկելու համար համապատասխան գործողությունների պլան մշակել:

«Ինձ խիստ անհանգստացնում է սոցիալական միջավայրը, որում մենք այսօր կորցնում ենք հազարավոր մայրեր», - նշեցլ էր վարչապետը:

Այսօր Հայաստանում 100 աղջկա դիմաց միջինում 114 տղա է ծնվում, որոշ մարզերում՝ անգամ 124, որը շատ բարձր է նորմայից: ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը կարևոր է համարում այն, որ այս անգամ օրենքի նախագծի մշակմանը կմասնակցի նաև սոցիալական հարցերի նախարարությունը, քանի որ խնդիրը զուտ սոցիալական է: Հայրապետյանի խոսքով սոցիալական հարցերի նախարարությունը կարող է բարելավել ծերերի վիճակը, կամ, օրինակ, ավելի բարձր նպաստ սահմանելով ծնվող աղջիկների համար՝ ինչ որ չափով շտկել խնդիրը:

«Սոցիալական ոլորտում որոշակի բարեփոխումներ, առավելություններ տրամադրելը միգուցե աղջիկ երեխա ունեցող ընտանիքներին հնարավոր է բերի այն իրավիճակին, որ ընտանիքները ավելի քիչ ցանկություն ունենան ընտրելու իրենց հաջորդ երեխայի սեռը», - նշեց Հայրապետյանը:

Այսօր գործազուրկների 70 տոկոսը կանայք են: Գարիկ Հայրապետյանի խոսքով՝ կանանց համար ավելի հավասար պայմաններ ստեղծելը ևս կնպաստի իրավիճակի բարելավմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG