Մատչելիության հղումներ

Մոսկվան և Կիևը համաձայնեցրել են գազային պայմանագիրը


Ռուսաստանի և Ուկրաինայի էներգետիկայի նախարարներ Յուրի Պրոդանը և Ալեքսանդր Նովակը երկար բանակցությունների հետո կնքել են գազի մատակարարման պայմանագիրը, Բրյուսել, 30 հոկտեմբերի, 2014թ.
Ռուսաստանի և Ուկրաինայի էներգետիկայի նախարարներ Յուրի Պրոդանը և Ալեքսանդր Նովակը երկար բանակցությունների հետո կնքել են գազի մատակարարման պայմանագիրը, Բրյուսել, 30 հոկտեմբերի, 2014թ.

Արևմուտքը և Ուկրաինան Ռուսաստանին հորդորում են չճանաչել անջատականների ընտրությունները։

Այսօր Եվրոպան հանգստացած շունչ քաշեց` Ռուսաստանի և Ուկրաինայի պաշտոնյաները Բրյուսելում` Եվրամիության միջնորդությամբ, վերջապես ստորագրեցին ձմռան ամիսներին գազի մատակարարման պայմանագիրը։

Փաստաթուղթը, որն ուժի մեջ կլինի մինչև 2015-ի մարտ ամիսը, կնքել են Ռուսաստանի և Ուկրաինայի էներգետիկայի նախարարներ Ալեքսանդր Նովակը, Յուրի Պրոդանը և Եվրոպական միության էներգետիկայի հարցերով հանձնակատար Գյունթեր Օթինգերը։

Համաձայնությունը կայացվել է վճարումների շուրջ շաբաթներ ձգվող ծանր բանակցությունների ամենավերջին երկու օրում։ Բրյուսելից հաղորդում են՝ լարված ռեժիմով աշխատող երկու թիմերի փորձագետների քննարկումներում ընդմիջում չի եղել։

Ռուսաստանի էներգետիկայի նախարար Նովակը խոստովանել է, որ բանակցությունները բարդ ընթացք են ունեցել, բայց փոխզիջումների շնորհիվ հարցը կարգավորվել է։

Պրոդանն ասել է, որ այդ համաձայնությունը կապահովի գազի անխափան մատակարարում Ուկրաինային և Եվրամիությանը։

Օթինգերի փոխանցմամբ, գազի մատակարարումը վերականգնելու համար Ուկրաինան առաջիկա օրերին Ռուսաստանին կվճարի 1 միլիարդ 450 միլիոն դոլար՝ կուտակված պարտքը մասամբ մարելու համար, ինչից հետո Ռուսաստանն անմիջապես 100 դոլարով կիջեցնի սակագինը, և Ուկրաինայի համար այն կսահմանվի 385 դոլար հազար խորանարդ մետրի դիմաց։

Գործարքի թվաբանական մանրամասները պարզաբանել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը, ով ասել է, որ Կիևը 1000 խորանարդ մետրի համար մինչև տարեվերջ կվճարի 378 դոլար, իսկ 2015-ի առաջին եռամսյակում` 365 դոլար։

Մինչև տարեվերջ Կիևը նաև պետք է մարի պարտքի մնացած մասը` 1 միլիարդ 650 միլիոն դոլար։ Եվրոպական միությունը կօգնի Ուկրաինային` «Գազպրոմ»-ի պարտքը մարելու հարցում։

«Մենք երաշխավորելու ենք գազի անխափան մատակարարումը ոչ միայն Ուկրաինայի, այլև այդ տարածաշրջանին մոտ գտնվող Եվրամիության անդամ երկրների համար»,- հավաստիացրել է Գյունթեր Օթինգերը։

Եվրոպան ողջունում է գործարքը։ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը երեկ հեռախոսով զրուցել են Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Պետրո Պորոշենկոյի հետ և գովեստով են արտահայտվել Բրյուսելում ձեռք բերված համաձայնության մասին։

Եվրամիության էներգետիկայի հարցերով հանձնակատար Գյունթեր Էթինգերի փոխանցմամբ, ձեռք բերված համաձայնությունը Եվրոպայի հարևանության քաղաքականության արդյունավետության վկայությունն է և ռուս-ուկրաինական հարաբերություններում որոշակի մեղմացման առաջին համեստ նշանը։

Նշենք, սակայն, որ Պուտին-Մերկել-Օլանդ-Պորոշենկո քառակողմ հեռախոսային քննարկման ընթացքում Գերմանիայի, Ֆրանսիայի և Ուկրաինայի ղեկավարները Ռուսաստանին նախագահին հորդորել են չճանաչել նոյեմբերի 2-ին Ուկրաինայի արևելյան շրջաններում ռուս անջատականների նախատեսած ընտրությունների արդյունքները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG