Մատչելիության հղումներ

ԵՊՀ-ում մահացած ուսանողի հարազատները հրաժարվում են մեկնաբանել նրա մահը


ԵՊՀ-ում մահացած ուսանողի հարազատները հրաժարվում են մեկնաբանել նրա մահը
please wait

No media source currently available

0:00 0:03:01 0:00

ԵՊՀ ղեկավարության կարծիքով՝ 8 մասնաշենք և 18 հազար ուսանողի կրթությունն ապահովող համալսարանում մեկ բուժկետը բավարար է:

ԵՊՀ-ում երեկ ֆիզկուլտուրայի դասաժամին մահացած ուսանող Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքներն այսօր ճշտել չհաջողվեց: 19-ամյա Լևոնի առողջական վիճակը հայրենի Օշական գյուղում չի քննարկվում թե հարազատների, թե ծանոթ շրջապատի կողմից: Փոխարենը Պետհամալսարանում սա ամենաշատ քննարկվող թեման է: Արդյոք հնարավո՞ր էր կանխել ուսանողի՝ հանկարծակի վրա հասած մահը հարցին շտապում է պատասխանել համալսարանի հասարակայնության հետ կապերի վարչութան պետ Կարեն Գրիգորյանը՝ պնդելով, թե օգնություն ցուցաբերողներն արել են հնարավորը ամեն ինչ:

«Երբ որ բուժկետի աշխատակիցները, ովքեր գտնվել են դահլիճի կողքի սենյակներից մեկում, այսինքն, ընդամենը 1-2 րոպե էր պահանջվում, որպեսզի հասնեն դեպքի վայր, երբ մոտեցել են, ուսանողն արդեն մահամերձ է եղել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Գրիգորյանը:

Մահացած ուսանողին օգնության շտապողները ամբողջ համալսարանում գործող միակ բուժհաստատության աշխատակիցներն են եղել: Կարեն Գրիգորյանը կարծում է, որ 8 մասնաշենք և 18 հազար ուսանողի կրթությունն ապահովող Երևանի պետական համալսարանում ընդամենը մեկ բուժկետը բավարար է: Համենայնդեպս, դա այն է, ինչ թույլ է տալիս համալսարանի՝ 8 միլիարդ դրամանոց բյուջեն:

«Կարծում եմ, որ պետք է ոչ թե ևս մի բուժկետ ավելացնել ու այնուհետև լինեն բազմաթիվ հարցադրումներ, թե ինչու մեկը և ոչ թե 8, 10 կամ 20․․․Պետք է իմ կարծիքով ունենալ մեկ բուժկետ, բայց նորմալ վերազինված», - նշեց Գրիգորյանը:

Համալսարանի բուժկետն այսօր թեև գործում էր, սակայն բուժհաստատության կահավորմանն ու սպառազինությանը լավ գնահատական դժվար է տալ:

Ֆիզկուլտուրայի մասնաշենքում տեղակայված մի քանի քառակուսի մետր սենյակում բուժօգնության մասին վկայում էին միայն երեք սպիտակ խալաթներով աշխատակիցները, անկյունում տեղադրված կշեռքը և դեղերի փոքրիկ պահարանը: Եթե ԵՊՀ շատ լսարաններ վաղուց արդեն նորոգվել են, ապա բուժկետում լուսամուտները և պատերի մաշվածությունը դեռ Խորհրդային տարիներն էին հիշեցնում: Բուժքույր Գայանե Միլիտոնյանի խոսքով՝ եղածն իրենց բավարարում է․ - «Առաջին օգնության անհրաժեշտ ամեն ինչ կա, այո, կորվալոլ, վալերյանկա․․․»:

Երբ բուժկետի աշխատակիցներից փորձեցինք ճշտել երեկ մահացած ուսանողի մահվան հանգամանքները, սենյակ մուտք գործեց Համալսարանի անվտանգության աշխատակիցը, և մեզ դուրս հրավիրեց:

ԵՊՀ պրոռեկտոր Արարատ Մալխասյանի հրամանով նկարահանումն այստեղ արգելվեց, իսկ թույլտվություն տվող Կարեն Գրիգորյանին տեսնել այլևս չհաջողվեց: Հեռախոսազրույցում նա «Ազատությանը» փոխանցեց, որ ինքն անտեղյակ է եղել, և որ բուժկետը պատկանում է ոչ թե Համալսարանին, այլ Առողջապահության նախարարության ուսանողական պոլիկլինիկային: Այդուհանդերձ, եթե մեզ գոնե հաջողվեց կարճ ժամանակով տեսնել բուժկետը, ապա փոքր հարցման արդյունքում պարզեցինք, որ Համալսարանում սովորող ուսանողների մեծ մասը դրա տեղն անգամ չգիտեր:

Ի դեպ, դժվար է ասել, թե երեկվա նախադեպն էր պատճառը, թե ոչ, սակայն բուժկետում այսօր ուսանողների աննախադեպ հոսք էր նկատվում: Մինչև օրս որևէ բուժզննում չանցած ուսանողներից մեկը նշեց, որ այստեղ է դեկանի հրահանգով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG