Մատչելիության հղումներ

Վիճահարույց օրինագիծը կլրամշակվի


Առաջարկվող փոփոխությունը «կարող է բերել պետություն հանդեպ հավատի պակասի»
please wait

No media source currently available

0:00 0:03:34 0:00

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը այսօր անձամբ փաստեց, որ Կառավարության առաջարկած փոփոխությունները աշխատող մայրերին տրվող փոխհատուցումը կրճատելու վերաբերյալ, միայն բացասական արձագանք են գտել:

Կառավարության նիստում դիմելով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին՝ վարչապետը հորդորեց լուծումներ գտնել․ - «Նախագծի սկզբունքը սա պիտի լինի՝ որևէ աշխատող կին պիտի չտուժի»:

Փոփոխությունների դեմ փողոց դուրս եկած կանայք, մինչդեռ, պահանջում են ընդհանրապես հետ կանգնել օրենքը փոխելու գաղափարից:

Օրենքի նոր նախագծի դեմ պայքարող քաղաքացիական նախաձեռնության անդամ Տաթևիկ Դավթյանը համոզված է՝ եթե իրենց պահանջը չկատարվի, շատերը ստիպված կլինեն հրաժարվել 2-րդ և հատկապես 3-րդ երեխա ունենալու մտադրությունից:

Սոցիալական ապահովության պետական ծառայության պետի առաջին տեղական Սմբատ Սաիյանը հակադարձում է, թե ժողովրդագրության առումով խնդիրներ չեն ծագի, քանի որ տարեկան ընդամենը մոտ 13 հազար աշխատող կին է մայրանում, փոխարենը չաշխատողների թիվը, որոնց նախատեսում են նպաստ վճարել, մոտ 3 անգամ անգամ ավելի շատ է․ - «Եթե դեմոգրաֆիական խնդիրների մասին խոսելու լինենք, ապա միանգամից հիշենք, որ նախատեսվում է լրացուցիչ ևս 30 հազար հոգու տրամադրել գումար: Եվ կարծում եմ, սրա ազդեցությունը ծնելիության աճին շատ ավելի կլինի, քան էն բացասական ազդեցությունը, որ դուք կարծում եք, որ կլինի այս փոխհատուցվող գումարների կրճատման առումով»:

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը, սակայն, տեղին չի համարում այդ համեմատությունը՝ նշելով, որ ժողովրդագրական այն մտահոգիչ իրավիճակում, որում այսօր գտնվում է Հայաստանը, յուրաքանչյուր ծնունդ կարևոր է․ - «Բոլոր մայրերը մայրերն են: Անգամ մեկը շատ կարևոր է մեր իրավիճակի համար, որովհետև մենք խոսում ենք մայրական պոտենցիալի մասին»:

Գարիկ Հայրապետյանի խոսքով, որպես կանոն բարձր աշխատավարձ ստացող կանայք որակյալ մասնագետներ են, և շատ հնարավոր է, որ պետության այս վերաբերմունքը ստիպի նրանց մտածել այլ երկրում իրենց ընտանիքի ապագան կառուցելու մասին:

Նա համոզված է, որ Կառավարության առաջարկները կյանքի կոչելու դեպքում ծնելիության աճ չի գրանցվի նաև չաշխատող մայրերի շրջանում, քանի որ խոստացված միանվագ նպաստը՝ 275 հազար դրամը, իրականում այնքան էլ մեծ գումար չէ:

Լրամշակված օրինագծի վերջնական տարբերակը նախարարությունը խոստանում է Կառավարություն ներկայացնել հաջորդ շաբաթ:

XS
SM
MD
LG