Մատչելիության հղումներ

Չինացիներն ասում են, թե գտել են քաղցկեղի բուժումը


Գիտնականներն այժմ անցկացնում են այն վիրուսի ուսումնասիրությունները, որը կարող է օգտագործվել քաղցկեղածին բջիջները ոչնչացնելու համար՝ առանց մարդու առողջ բջիջները վնասելու։

«M1» անվանումը ստացած վիրուսը վերցվել է որոշակի տիպի մոծակներից, որոնք տարածված են միայն Չինաստանի հարավում գտնվող Հայնանի գավառում։

Այս վիրուսը կիրառվել է միզապարկի, հաստ աղիքի և աղիքի այլ հատվածների քաղցկեղային գոյացությունների աճը կանխելու համար։ Փորձերը մինչ այժմ կիրառվել են միայն մկների վրա, շուտով վիրուսը կփորձարկվի նաև կապիկների վրա։

Հետազոտություններն անցկացնող խմբի ղեկավար, Ժանգշանի բժշկագիտության հաստատության աշխատակից Յան Գուանգմեի խոսքով, այս տիպի մոծակներ չինացի գիտնականները հայտնաբերել են դեռևս 1964 թվականին։ «Ու մեր ձեռքբերումն այն է, որ ապացուցել ենք՝ այս մոծակների կողմից տարածվող վիրուսը կարող է կիրառվել քաղցկեղի բուժման համար», - հայտարարել է Յան Գուանգմեն։

Նրա թիմը կլինիկական փորձերը սկսելու է երեք տարվա ընթացքում։

«Ներկա այս փորձերն իրականացնում է շատ հայտնի ու լավ համալսարանի վաստակաշատ ու մեծ հարգանքի արժանացած գիտնականների մի խումբ», - «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում ասել է Չինաստանի բժշկագիտական ձեռքբերումները հետազոտող ավստրալացի գիտնական Մայքլ Ուուդհեդը։

Թե ինչ հաջողություն կգրանցեն փորձերը մարդկանց բուժելու գործում՝ դեռևս վաղ է ասել, փորձերը դեռևս վաղ շրջանում են, «M1» վիրուսի մասին դեռևս չկան լուրջ աշխատություններ։

Չինաստանում ամեն տարի քաղցկեղից մահանում է մոտ 2.5 միլիոն մարդ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG