Մատչելիության հղումներ

Վարչապետ․ «Իշխանափոխություն հնարավոր է միայն հերթական ընտրությունների արդյունքում»


Վարչապետ․ «Իշխանափոխություն հնարավոր է միայն հերթական ընտրությունների արդյունքում»
please wait

No media source currently available

0:00 0:03:38 0:00

Միաժամանակ, Հովիկ Աբրահամյանը հավաստիացնում է, որ իրենք պատրաստ են քննարկել յուրաքանչյուր քաղաքական ուժի բարձրացրած հարց:

Իշխանափոխություն կլինի միայն «Սահմանադրության շրջանակներում, հերթական համապետական ընտրությունների արդյունքում», հայտարարեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ այսօր պատասխանելով «Ազատության» հարցին, թե կհաջողվի՞ արդյոք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) ղեկավար Գագիկ Ծառուկյանին պարտադրել իշխանափոխություն:

Հիշեցնենք, որ հարյուր հազարներով իշխանափոխություն պարտադրելու մասին ԲՀԿ-ի առաջնորդը խոսել էր ոչ իշխանական ուժերի հոկտեմբերի 24-ի հանրահավաքի ժամանակ:

«Իսկ եթե իշխանությունը շարունակի անտեսել և մերժել համաժողովրդական շարժման արդարացի պահանջները, ապա մենք՝ երեք քաղաքական ուժերով փողոցում և հրապարակներում կանգնած՝ հարյուր հազարներով կպարտադրենք իշխանափոխություն, նոր իշխանության ստեղծում և արտահերթ ընտրությունները», - հայտարարել էր Ծառուկյանը:

ԲՀԿ ղեկավարը իշխանություններին առաջարկել էր ամենասեղմ ժամկետում կատարել Ընտրական օրենսգրքի փոփոխություններ, վերացնել մեծամասնական ընտրակարգը:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր հայտարարեց, որ պատրաստ են քննարկել «յուրաքանչյուր հարց»:

«Մենք պատրաստ ենք քննարկել յուրաքանչյուր հարց, որը իրենք կբարձրացնեն, ողջամիտ հարց: Քննարկենք, ընդհանուր հայտարարի գանք, կուսակցության տեսակետը պետք է հնչեցնենք, ձևակերպեն առաջարկությունները իրենց հստակ», - նշեց վարչապետը՝ շեշտելով․ - «Մենք պատրաստ ենք քննարկել յուրաքանչյուր քաղաքական ուժի բարձրացրած հարց»:

Հովիկ Աբրահամյանը, ով նաև Գագիկ Ծառուկյանի խնամին է, հրաժարվեց պատասխանել, թե ի վերջո, Ծառուկյանին կհաջողվի իրենց իշխանափոխություն պարտադրել, եթե հրապարակում հնչեցված պահանջները չկատարվեն: Փոխարենը այդ հարցին պատասխանեց իշխող հանրապետականի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Ձեր ասած «եթե»-ով հարցին պատասխանեմ մի պատմությամբ, որը եղել է հին Հունաստանում: Մակեդոնիայի թագավոր Ֆիլիպ երկրորդը նամակ է գրում սպարտացիներին, ասում է՝ հանձնվեք, եթե չհանձնվեք, ես ձեզ կկոտորեմ։ Սպարտացիները պատասխանում են՝ «Եթե», - ասաց Շարմազանովը:

Դիտարկմանը, թե՝ այսինքն լուրջ չի ընդունում Ծառուկյանի հայտարարությունը, Շարմազանովն արձագանքեց․ - «Ես նման բան չասացի: Ես ասացի՝ եթե»:

Ազատություն․ - Փողոցում, հրապարակում հավաքված տասնյակ հազարների միջոցով կհաջողվի Գագիկ Ծառուկյանին և մյուսներին պարտադրել որոշակի զիջումների հանրապետականին, կամ եթե պարտադրել չասենք՝ գնալ որոշակի երկխոսության և բանակցությունների:

Շարմազանով․ - Հանրապետականը միշտ էլ երկխոսության կողմնակից է եղել, բայց երկխոսության ոչ թե անձերի շուրջ, այլ ծրագրերի և էդ սահմանադրական բարեփոխումները երկխոսության լավագույն ճանապարհն են»:

Ազատություն․ - Ասում են՝ եկեք Ընտրական օրենսգիրքը փոխենք, մեծամասնական ընտրակարգը վերացնենք, ընտրություններ կազմակերպենք, հակառակ դեպքում՝ կպարտադրենք իշխանափոխություն:

Շարմազանով․ - Ընտրական օրենսգրքի փոփոխությունը նաև մեր օրակարգում է և միգուցե մինչև Սահմանադրական բարեփոխումները մենք նման բարեփոխումներ իրականացնենք: Բայց ավելի գլոբալ, ամբողջական բարեփոխումներ պետք է լինեն Սահմանադրական բարեփոխումների կոնտեքստում: Այ երբ որ իրենք կարդային Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, շատ հարցեր իրենց մոտ չէին առաջանա: Դրա համար թող կարդան, կարդալը օգուտ է: որպեսզի գնա երկխոսությունը, պետք է լինի գաղափար: Ես դիմացը գաղափար չեմ տեսնում: Երբ որ կտեսնեմ գաղափար․․․

Ազատություն․ - Գաղափարը իշխանությունը փոխելն է․․․

Շարմազանով․ - Իշխանափոխություն լինում է ընտրությունների միջոցով, և ընտրություններին դեռ կա երկուևկես տարի: 2017-ին կլինեն հերթական ընտրությունները, ժողովուրդը ում կընտրի, նա էլ կլին իշխանություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG