Մատչելիության հղումներ

Ոստիկանությունը հերքում է «Նախախորհրդարան»-ի պնդումները


«Նախախորհրդարան»-ի ակտիվիստ Ալեք Ենիգոմշյան, արխիվ
«Նախախորհրդարան»-ի ակտիվիստ Ալեք Ենիգոմշյան, արխիվ

Իրավապահները վստահեցնում են, որ փողոցի բանուկ հատվածից դուրս են բերել և օգնություն առաջարկել Ենիգոմշյանին:

Ոստիկանությունը հերքում է «Նախախորհրդարան»-ի պնդումները, թե ոստիկանները քրեական հանցագործություն են կատարել՝ կույր մարդուն՝ «Նախախորհրդարան»-ի անդամ Ալեք Ենիգոմշյանին անօգնական թողնելով ճանապարհի բանուկ հատվածում ու հեռանալով։

Ըստ «Նախախորհրդարան»-ի՝ կիրակի երեկոյան, երբ Ենիգոմշյանը «100-ամյակը առանց ռեժիմի» իրազեկման ավտոերթից հետո իր հարևանի հետ վերջինիս ավտոմեքենայով տուն էր վերադառնում, Երևանի կենտրոնում մեքենային են մոտեցել մի խումբ անձինք՝ ներկայանալով որպես Ոստիկանության քրեական հետախուզության բաժնի աշխատակիցներ, Ենիգոմշյանին կոպտորեն քաշքշելով դուրս են հանել ավտոմեքենայից, իսկ հարևանին բերման ենթարկել՝ մեքենայի հետ միասին: «Չնայած այն հանգամանքին, որ Ալեք Ենիգոմշյանը մի քանի անգամ կրկնել է, որ կույր է, չի տեսնում, ոստիկանության աշխատակիցները նրան թողել են փողոցի բանուկ հատվածում և հեռացել՝ իրենց հետ տանելով հարևանին և վերջինիս ավտոմեքենան», - հայտարարել էր «Նախախորհրդարան»-ը՝ դա որակելով իշխանությունների կողմից քաղաքական ուղերձ ու պահանջելով հայտնաբերել և պատասխանատվության ենթարկել ոստիկանին։

Ոստիկանապետի հանձնարարականով ծառայողական քննություն էր նշանակվել Ալեք Ենիգոմշյանի հետ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ։ Քննության արդյունքները ոստիկանությունը հրապարակել է տեսանյութով, որում օգտագործված են փողոցներում տեղադրված տեսանկարահանող սարքերի պատկերած, ինչպես նաև օպերատիվ նկարահանման կադրերը:

Ոստիկանության վարկածով՝ իրավապահները փնտրում էին Ենիգոմշյանի հարևան Վահրամ Գաբրիելյանին պատկանող ավտոմեքենան ու դրա վարորդին հոկտեմբերի 19-ին Արարատի մարզի Շահումյան գյուղի մոտ ծագած վիճաբանության համար, որի ժամանակ, ըստ հաղորդագրության, մեքենայի վարորդը հարվածել էր ոստիկանության սերժանտին, վերջինս էլ հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն։

Փնտրվող ավտոմեքենան կիրակի օրը հայտնաբերելով Երևանի Սայաթ-Նովա փողոցում՝ ոստիկանները կանգնեցրել են այն, դուրս հրավիրել ուղևորին, մեքենան ու վարորդին բերման ենթարկել ոստիկանական բաժանմունք։

Ոստիկանությունը պնդում է, որ ուղևոր Ենիգոմշյանին օպերատիվ խմբի ղեկավար Պավել Օրդյանը դուրս է բերել փողոցի բանուկ հատվածից, իր օգնությունն առաջարկել ու փորձել նրան տաքսի ավտոմեքենայով ճանապարհել: «Սակայն վերջինս պատասխանեց, որ չի ցանկանում մեր տաքսի ավտոմեքենայով տեղ գնալ, իր հետևեց հեսա կգան։ Այդ ժամանակ նա հեռախոսով զրուցում էր և փորձում բացատրել իր տեղը, բայց չէր կարողանում ճիշտ բացատրել, ես փոխանցեցի նրա տեղը, որտեղ է գտնվում, որտեղ մոտենան։ Առաջարկեցի նստել նստարանին մինչև կգան՝ հրաժարվեց, և տեսա, որ չի ցանկանում իր կողքին լինեմ, հեռվում կանգնեցի, սպասեցի, մինչև եկան իրեն տարան», - տեսանյութում պարզաբանում է Օրդյանը։

Ոստիկանության փոխանցմամբ՝ Գաբրիելյանը և Ենիգոմշյանը բացատրություն տալու համար հրավիրվել են ոստիկանության ներքին անվտանգության վարչություն, սակայն հրաժարվել են ներկայանալ․ - «Ենիգոմշյանը հայտարարել է, որ ծառայողական քննության շրջանակներում չի ցանկանում բացատրություն տալ, քանի որ իր հանդեպ կատարվել է հանցագործություն, ուստի մտադրություն ունի ցուցմունք տալ համապատասխան քրեական գործի շրջանակներում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG