Մատչելիության հղումներ

Գյումրիում թանկացել է կարտոֆիլը


Գյումրիի շուկայում այս օրերին ռեկորդային գնաճ արձանագրել կարտոֆիլը․ մեկ ամիս առաջ մեկ կիլոգրամի 100-120 դրամ գինն այսօր հասել է 200-250 դրամի:

Գնաճն անակնկալի է բերել գնորդներին: Մարդիկ սովորաբար ձմռանն ընդառաջ մի քանի հարյուր կիլոգրամ կարտոֆիլ էին գնում, իսկ այսօր ստիպված են կամ ավելի քիչ գնել, կամ առհասարակ չգնել:

«Ո՞ւրդից գնենք, էնպես գին չդարձրեցին․․․ Էս տարի հա՛մ պըտի սառենք՝ գազը թանկ, հա՛մ էլ սովից պըտի մեռնենք», - «Ազատության»-ն ասաց միջին տարիքի մի կին:

«Առայժմ գները թանկ է, գուցե հետո էժանանա՞», - հույս հատնեց մեկ այլ գյումրեցի կին:

Կարտոֆիլագործությամբ զբաղվող ամենամեծ հայանքներից մեկի՝ Ազատանի գյուղապետ Վարդան Իկիլիկյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, թե այս տարի բերքը ակնկալվածից գրեթե կիսով չափ պակաս է եղել․ - «Կարտոֆիլի գնի բարձրացումը հիմնականում կապված է բերքատվության հետ, որը ամբողջ տարածաշրջանում շատ ցածր է, նույնիսկ համեմատած անցած տարիներին՝ կիսով չափ․․․ Որովհետև կապված եղանակային պայմանների հետ՝ սկզբից կարկտահարություն, հետո տևական շոգ․․․»:

Նա ասաց, թե չի հիշում, որ երբևէ աշնանը կարտոֆիլի գինն այսքան բարձրացած լինի․ - «Ոչ մի տարի աշնան այս ժամանակահատվածում կարտոֆիլի 200-250 դրամի կարգի գներ չեն եղել»:

Իկիլիկյանի կանխատեսմամբ՝ ձմռանն ու հատկապես գարնանը կարտոֆիլը կրկին կթանկանա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG