Մատչելիության հղումներ

Լավրով. «Մոլդովայի և Ռումինիայի միավորման դեպքում Մերձդնեստրը անկախանալու է»


Ռուսաստան - Արտգործնախարար Սերգեյ Լավրովը դասախոսության ժամանակ, Մոսկվա, 20-ը հոկտեմբերի, 2014թ․
Ռուսաստան - Արտգործնախարար Սերգեյ Լավրովը դասախոսության ժամանակ, Մոսկվա, 20-ը հոկտեմբերի, 2014թ․

Ռուսաստանի ԱԳ նախարարը զգուշացնում է` առկա միտումների պահպանվելու դեպքում Մոլդովան կարող է վերածվել երկրորդ Ուկրաինայի:

«Մոլդովան կարող է մեկընդմիշտ կորցնել Մերձդնեստրը, եթե որոշի միավորվել Ռումինիայի հետ»: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նման թափանցիկ ակնարկ հնչեցրեց երեկ Մոսկվայում՝ իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության անդամների համար կազմակերպված դասախոսության ժամանակ:

«Երբ մենք սկսում էինք կարգավորման բանակցությունները` 5 +2 ձևաչափով, առանցքային մի պահի շուրջ բոլոր կողմերը համաձայնության եկան: Եթե Մոլդովան կորցնում է իր ինքնիշխանությունը և մեկ այլ պետության մաս է կազմում, կամ եթե անդամակցում է որևէ ռազմաքաղաքական դաշինքի` կորցնելով չեզոք կարգավիճակը, այդ դեպքում Մերձդնեստրի ժողովուրդը լիակատար իրավունք է ստանում ինքնուրույնաբար որոշում կայացնել ապագայի վերաբերյալ: Մենք այդ հիմնարար սկզբունքը, որին բոլորն են համաձայնել, պաշտպանելու ենք», - հայտարարեց Լավրովը:

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ Մոլդովայի անկախության կորստի հետ կապված մտավախությունները պատահական չէ, որ բարձրաձայնվում են:

«Ինչ վերաբերում է Մոլդովայի անկախության ու ինքնիշխանության պահպանմանը, ապա այստեղ բավական շատ հարցեր են ծագում` հաշվի առնելով մասնավորաբար Ռումինիայի ղեկավարների հայտարարությունները, թե Մոլդովայի վերամիավորումը պատմական հայրենիքի հետ ժամանակի խնդիր է: Գրեթե նույնաբովանդակ հայտարարություններով են հանդես գալիս նաև Մոլդովայի որոշ ղեկավարներ: Ի դեպ, հիշեցնեմ, որ Մոլդովայի Սահմանադրական դատարանի 7 անդամներից 6-ը Ռումինիայի քաղաքացիներ են», - ասաց Լավրովը:

Ի դեպ, Ռուսաստանի արտգործնախարարի երեկվա հայտարարություններից պարզ դարձավ, որ Սահմանադրական դատարանը Մոսկվայի դժգոհությունները առաջ բերող հիմնական կառույցներից մեկն է:

«Հիշատակեմ միայն Մոլդովայի Սահմանադրական դատարանի այն որոշումը, որի համաձայն՝ ցանկացած կուսակցություն, որի գործունեությունն ուղղված չէ եվրոպական ինտեգրմանը, հակասահմանադրական է: Երբ ես կարդացի այս լուրը, պարզապես ապշել էի», - հայտարարեց Լավրովը:

Սերգեյ Լավրովը բավական բացասաբար է գնահատում նաև Մերձդնեստրի խնդրի կարգավորմանն ուղղված բանակցությունների ներկայիս վիճակը` նկատելով, որ միջնորդ հանդիսացող տարածաշրջանային պետություններից մեկը` Ուկրաինան, այլևս անաչառ չէ:

«Ցավոք սրտի, մեր գործընկերները, այդ թվում՝ ուկրաինական, փորձում են վերանայել Մերձդնեստրի կարգավորման հիմնարար սկզբունքները: Դա արվում է հօգուտ Քիշնևի իշխանությունների», - ասաց նա:

Ստեղծված իրավիճակում ռուսաստանյան դիվանագիտության ղեկավարը հստակորեն զգուշացնում է` առկա միտումների պահպանվելու դեպքում Մոլդովան կարող է վերածվել երկրորդ Ուկրաինայի:

«Լիահույս եմ, որ Եվրամիությունը կգիտակցի ուկրաինական սցենարի կրկնության վնասակարությունը, որովհետև թե՛ Մոլդովայի և թե՛ Մերձդնեստրի դեպքում նմանատիպ ծրագրեր մշակվում են», - պնդեց Լավրովը:

Ինչ վերաբերում է բուն Մերձդնեստրին, ապա Սերգեյ Լավրովի խոսքից կարելի է եզրակացնել, որ Մոլդովայից անջատված այս տարածաշրջանի ապագան Մոսկվան դիտարկում է նախևառաջ եվրասիական ինտեգրացիոն գործընթացների շրջանակում:

«Ինչ վերաբերում է Մերձդնեստրի տնտեսական զարգացման հեռանկարներին, Ռուսաստանի, Մաքսային միության, նոր ձևավորվող Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցությանը՝ մենք դա միայն կողջունենք: Հույս ունենք նաև, որ Մոլդովայի իշխանությունները չեն խոչընդոտի Մերձդնեստրի արտաքին տնտեսական կապերի ազատ զարգացմանը», - նշում էր Ռուսաստանի արտգործնախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG