Մատչելիության հղումներ

Ակտիվիստը հակընդդեմ հայց է ներկայացրել ոստիկանի դեմ


Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ տեղի ունեցած բողոքի ակցիա, արխիվ
Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ տեղի ունեցած բողոքի ակցիա, արխիվ

Հունիսի 23-ին էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանական բաժին տարված և վարչական դատարանի առջև որպես պատասախանող կանգնած ակտիվիստ Վահան Դուրինյանն այսօր հակընդդեմ հայց ներկայացրեց դատարան՝ պնդելով, որ հենց ոստիկաններն են ոչ օրինական գործողություններ իրականացրել ակտիվիստների նկատմամբ:

Հիշեցնենք, ոստիկանությունը հայց էր ներկայացրել վարչական դատարան՝ պահանջելով տուգանքի ենթարկել բողոքի ակցիայի օրը բերման ենթարկված և դատարանից ծանուցագրեր ստացած ակտիվիտներին, որոնք, ըստ ոստիկանության, չեն կատարել ոստիկանների օրինական պահանջները:

Վահան Դուրինյանը հակադարձում է և պնդում, որ բողոքի ակցիայի օրը իրավապահ մարմինները ոչ մի պահանջ էլ չեն ներկայացրել իրեն և վստահ է, որ ինքը ոչ մի օրենք չի խախտել:

«Ու մինչև հիմա անհասկանալի է՝ ինչո՞ւ էր 27 հոգի բերման ենթարկվել այդ օրը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Դուրինյանը՝ ընդգծելով. - «Պահանջում ենք, որպեսզի էս գործը քննվի ըստ ոստիկանների պահվածքի, ոչ թե իմ օրինական պահանջ չկատարելու հիմքով, և եթե հակընդդեմ հայցով մենք հաղթենք, դա նաև նշանակում է՝ որոշակի դատական ծախսերի փոխհատուցում է լինելու»։

Բարոյական վնասի փոխահատուցում Դուրինյանը, սակայն, չի ակնկալում. - «Հայաստանում, ցավոք սրտի, դա տարածված չէ, փաստաբանն էլ է ոնց որ թե նույնը ասում, հետևաբար, այս պահի դրությամբ երևի ավելի իրատեսական է գոնե դատական ծախսերի փոխհատուցում պահանջելը»։

Այսօր դատական նիստը հետաձգվեց՝ հակընդդեմ հայցն ուսումնասիրելու և մեկ գործի շրջանակում այն քննելու համար:

Հայցվոր կողմի՝ ոստիկանության շահերը դատարանում ներկայացնող Աիդա Դեմիրխանյանը հրաժարվեց մեկնաբանել ակտիվիստի հակընդդեմ հայցը՝ պատճառաբանելով, թե դեռ չի ուսումնասիրել այն:

Վահան Դուրինյանը «Ազատությանը» փոխանցեց, որ այս դատական գործընթացներից բացի հունիսի 23-ին բերման ենթարկված 12 ակտիվիստ մեկ այլ հայց է պատրաստում ոստիկանության դեմ․ դատաբժշկական փորձաքննությունից պարզվել է, որ այդ օրը նրանք տարբեր ծանրության մարմնական վնասվածքներ են ստացել ոստիկանության աշխատակիցների գործողությունների հետևանքով:

Հունիս 23-ի բերման ենթարկվածներից է նաև Վարդան Զեյնալյանը, նրա նկատմամբ ոստիկանությունը նույնպես հայց էր ներկայացրել և վաղը Վարչական դատարանում կմեկնակի նրա գործով դատական նիստը։

Զեյնալյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ բերման ենթարկվելիս ոստիկաններն իրեն թիկունքից հարվածել են, հարվածողներին նա չի տեսել, մեջքի կապտուկների փաստը, սակայն, հաստատել է դատաբժշկական փորձաքննությունը:

«Էդ գործը փուլ առ փուլ ընթացքում է, հիմնականում բոլորը հարցաքննվել են, հիմա առերեսումներն է տեղի ունենում, ոստիկանության անձնակազմը պնդում է, որ իրենք նման գործողություններ չեն արել, պարզ է, որ ակտիվիստներն էլ հակառակն են պնդում՝ իրենց ապացույցներով», - ասաց Զեյնալյանը։

Ոստիկանների գործողություններից վնասվածքներ ստացած ակտիվիստների գործը դեռ քննության փուլում է: Այսօր նրանցից Ռիմա Սարգսյանը հրավիրվել էր Հատուկ քննչական ծառայություն՝ առերեսման. Ռիման պետք է ճանաչեր այն ոստիկանին, որի գործողությունների պատճառով վնասվել էր ձեռքը:

«Նախաբազկի հատվածում ստացել էի վնասվածքներ, ճանաչվել էի որպես տուժող ոստիկանության կողմից, և այսօր, արդեն, առերեսման փուլն էր։ Ճանաչեցի ոստիկանին, իհարկե, նա չընդունեց, որ ֆիզիկական ուժ է կիրառել իմ նկատմամբ, բայց փաստեր կան, իրականությունը պարզ կլինի հետաքննությունից հետո», - ասաց Սարգսյանը։

Նա վստահեցնում է, որ իրենց ոտնահարված իրավունքների համար պայքարելու են մինչև վերջ:

«Առաջին հերթին, եթե այս գործով մենք չհասնենք արդարության, հետագայում արդեն խոսելն անիմաստ կլինի, որովհետև առաջին հերթին մեր պայքարը հենց արդարության համար է, օրենքի շրջանակներում գործելու համար է։ Մինչև վերջ գնալու ենք, դրանով չեն կարող մեզ վախեցնել», - ասաց ակտիվիստը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG