Մատչելիության հղումներ

Ուկրաինայի պաշտպանության նախարարը հրաժարական տվեց


Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն շնորհավորում է պաշտպանության նորանշանակ նախարար Վալերի Գելետեյին, Կիև, 3-ը հուլիսի, 2014թ․
Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն շնորհավորում է պաշտպանության նորանշանակ նախարար Վալերի Գելետեյին, Կիև, 3-ը հուլիսի, 2014թ․

Փոփոխությունների ժամանակը եկել է, ասում է Պորոշենկոն:

Կիրակի երեկոյան Ուկրաինայի նախագահը բավարարել է երկրի պաշտպանության նախարար Վալերի Գելետեյի հրաժարականի դիմումը:

Ինչպես նշում է ուկրաինական մամուլը, Պետրո Պորոշենկոն, այնուամենայնիվ, կայացրեց այդ որոշումը՝ չնայած մինչև վերջին պահը հրապարակավ հայտարարում էր, որ Գելետեյը շարունակում է պաշտոնավարել:

Հրաժարականի մասին Կիևը հայտարարել է հաղորդագրությամբ՝ տեղադրելով այն նախագահի պաշտոնական կայքէջում:

Վալերի Գելետեյը երկրի պաշտպանական գերատեսչությունը ղեկավարում էր այս տարվա հուլիսից:

Ուկրաինայի նախագահն ընդգծել է, որ փոփոխությունների ժամանակը եկել է:

Նախարարի նոր թեկնածուի անունը Պորոշենկոն Գերագույն ռադա կներկայացնի այսօր, իսկ վաղը, ամենայն հավանականությամբ, խորհրդարանը կհաստատի այն, ինչպես հույս է հայտնել Ուկրաինայի նախագահը՝ նշելով, որ պաշտպանության նախարարից բացի ոլորտում նաև այլ փոփոխություններ են տեղի ունեցել:

Այդ որոշումները լրջորեն կնպաստեն Ուկրաինայի ուժային կառույցների ամրապնդմանն ու երկրի պաշտպանունակությանը, վստահեցրել է Պորոշենկոն:

Ուկրաինայի պաշտպանության արդեն նախկին նախարարը հաճախ էր հայտնվում քննադատության թիրախում: Ուկրաինական լրատվամիջոցներն անգամ հեգնում էին՝ նշելով, որ նա ընդամենը թիկնազորի պետ էր․ նախկին իշխանությունների օրոք Գելետեյը զբաղեցնում էր Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի անվտանգության ծառայությունը:

Ուկրաինացի քաղաքագետները նույնպես հոռետես էին Գելետեյի՝ պաշտպանության նախարարի պաշտոնն զբաղեցնելու հարցում: Որոշ փորձագետներ կարծիք էին հայտնում, որ նրա պաշտոնավարման արդեն առաջին ամիսներին ուկրաինական բանակը լուրջ հաջողությունների է հասել, սակայն շատերն էլ նրան մեղադրում էին անփորձ լինելու և անվճռական գործելու մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG