Մատչելիության հղումներ

Ամերիկացիները մտահոգված են նախագահի ու նրա ընտանիքի անվտանգությամբ


ԱՄՆ - Սպիտակ տունը Վաշինգտոնում, արխիվ
ԱՄՆ - Սպիտակ տունը Վաշինգտոնում, արխիվ

ԱՄՆ-ի կոնգրեսականները ծանր վիճակի մեջ են դրել երկրի գաղտնի ծառայությունների ղեկավարին։

Սեպտեմբերի 19-ին 42-ամյա Օմար Գոնսալեսը, ցատկելով ԱՄՆ-ի Սպիտակ տունը շրջապատող բարձր ցանկապատի վրայով, մտել էր նախագահական պալատ։ Այս փաստը ցնցել էր ամերիկացիներին։

«Սպիտակ տունը պետք է լինի ԱՄՆ-ի ամենապաշտպանված կառույցը՝ աշխարհի ամենապաշտպանվածը», - Կոնգրեսի լսումների ժամանակ հայտարարել էր Ներկայացուցիչների պատալի անդամ Դարրել Իսսան՝ հարց ուղղելով երկրի Անվտանգության ծառայության ղեկավար Ջուլիա Փիերսոնին. - «Ուրեմն, ինչպե՞ս կարող էր նման բան պատահել»։

Փիերսոնին ու նրա ղեկավարած գործակալությանը սուր քննադատության ենթարկեց կոնգրեսական Էլիջան Քամինգզը։ Նրա խոսքով՝ որևէ մեկը չպետք է ունենա նախագահական աշխատավայր անօրինական եղանակով մուտք գործելու հնարավորություն։

Փիերսոնը նշեց, որ անցած հինգ տարիների ընթացքում Սպիտակ տան տարածք մուտք գործելու 16 փորձ է իրականացվել։ Նա նաև ընդունեց իր ծառայության կողմից թույլ տրված սխալը։

«Հստակ է, որ անվտանգության ծրագիրը չի իրականացվել ճշգրտությամբ։ Սա անթույլտարելի», - ասաց նա՝ իր վրա վերցնելով պատասխանատվությունը, ու խոստացավ ամեն ինչ անել, որ նման դեպքեր այլևս չկրկնվեն։

Սպիտակ տունը փորձում է պահպանել հանգստություն՝ հայտարարելով, թե նախագահ Բարաք Օբաման լիովին վստահում է Անվտանգության ծառայությանը։

Օբամայի խոսքով՝ այս գործակալության առջև դրված է դժվար մի խնդիր. - «Այն պիտի մի կողմից պաշտպանի, ինչպես Ամերիկայում են ասում,«ժողովրդի տունը», մյուս կողմից պիտի ապահովի, որ «ժողովրդի տունը» հասանելի լինի ժողովրդի համար»։

Սպիտակ տան խոսնակ Ջոշ Էրնեսթի խոսքով, սակայն, նախագահը նույնպես ունի և՛ վստահություն, և՛ խորը մտահոգություն։

Նման մտահոգություն ունեն Ամերիկայի քաղաքացիները, սակայն ինչ վերաբերում է վստահությանը, մի տեսակ կասկածում են, կամ ավելի ճիշտ պահանջում, որ նախագահի, նրա ընտանիքի և Սպիտակ տան անվտանգությունն ապահովվի 1ՕՕ տոկոսով։

Իսկ այն փաստը, որ սեպտեմբերի 19-ից երեք օր առաջ Ատլանտայում Հիվանդությունների վերահսկման կենտրոն այցի ժամանակ նախագահից ու թիկնապահներից բացի նույն վերելակում է եղել նաև այս կենտրոնի անվտանգության պայմանագրային աշխատակիցը՝ այն էլ զինված, ապացուցում է, որ ամերիկացիների մտահոգությունները լիովին տեղին են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG