Մատչելիության հղումներ

Փոքր և միջին ձեռնարկատերերին չգոհացրեց վարչապետի հետ հանդիպումը


Փոքր և միջին ձեռնարկատերերին չգոհացրեց վարչապետի հետ հանդիպումը
please wait

No media source currently available

0:00 0:05:02 0:00

Փոքր և միջին ձեռնարկատերերի պնդմամբ՝ մեկ շաբաթից ուժի մեջ մտնող հարկային փոփոխությունը իրենց միայն վնասում է:

Մայրաքաղաքի տարբեր տոնավաճառների հարյուրավոր առևտրականներ այսօր մի քանի ժամ բողոքի ցույց անցկացրին Կառավարության շենքի մոտ՝ պահանջելով հանդիպում վարչապետի հետ։ Անհատ ձեռնարկատերերը բողոքում էին վերջին օրենսդրական փոփոխություններից, որոնց համաձայն հոկտեմբերի 1-ից մինչև 58 միլիոն դրամ տարեկան շրջանառություն ունեցող տնտեսվարողների համար շրջանառության հարկը 3.5-ից կդառնա 1 տոկոս, եթե վերջիններս փաստաթղթեր ներկայացնեն հարկային մարմիններին, հակառակ դեպքում կարող են տուգանվել:

Ձեռներեցները պնդում են, որ իրենց ձեռք բերած ապրանքի դիմաց խոշոր ներկրողը շատ հաճախ փաստաթուղթ չի տրամադրում, արդյունքում իրենք են խնդիրներ ունենում հարկային մարմինների հետ։

Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Կառավարության շենքի առջև հավաքվածներին և հորդորեց նրանց խումբ կազմել ու հարցը քննարկել դահլիճում։

Արդեն Կառավարության շենքում տնտեսվարողները վարչապետին ու ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանին ներկայացրեցին իրենց մտահոգությունները՝ «Մեր խնդրանքն է, որ այս օրենքը չկիրառվի»:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը զարմացած էր, ասելով, թե եթե արդար են, ինչո՞ւ են դժգոհում հարկերի իջեցումից։

«Դուք ասում եք խոշորը փաստաթուղթ չի տալիս: Մենք դա արել ենք խոշորի համար, որպես հարկատու մենք ձեզ չենք դիտարկում: Դուք դարձել եք մի հարթակ, որտեղ խոշորը պետությանը խաբում է», - ասաց վարչապետը:

Ներկաներից մեկը դժգոհեց, թե ինչո՞ւ է Կառավարությունը փոքր ու միջին ձեռնարկատերերին օգտագործում խոշորների դեմ պայքարում․ - «Եթե ուզում եք ավելի մեծ սուբյեկտին բերեք հարկային դաշտ, խնդրում ենք, մեր միջոցով մի արեք: Ձուկը վերևից կտրում են, հետո նոր մշակում են մնացած մասերը: Գլխից սկսեք մշակելը, մեզ տեռորի մի ենթարկեք: Երեք տարվա մեջ չորս օրենք եք փոխել»:

Վարչապետն արձագանքեց, որ խոշորներն էլ փոքրերի միջոցով թաքցնում են հարկերը:

«Մեզ հանում եք խոշորի դեմ, մեզ կտրում եք մեր օրվա հացից», - ասաց ցուցարարներից մեկը։

ՓՄՁ-ի համար լավ բան է արվում, ներկաների մտահոգությունը փորձում էր փարատել վարչապետը.- «Ես չեմ թողնելու՝ գան ձեր դռները մտնեն, ձեր վրա ակտ գրեն, մենք էդ նպատակը չունենք, մենք չենք գալու ձեր օրվա հացը ձեզնից խլենք, հասկացեք»։

Գործադիրի ղեկավարը հավելեց, որ իրենք տեղյակ են, թե ինչ են անում խոշոր ձեռնարկատերերը առևտրի ոլորտում։

Հովիկ Աբրահամյանը հորդորեց անհատ ձեռնարկատերերին՝ թղթին հանձնել իրենց առաջարկներն ու հիմնավորումները, դրանք քննարկել ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանի հետ։

Վարչապետի ու փոխնախարարի հետ հանդիպումը չգոհացրեց ո՛չ հանդիպման մասնակիցներին, ո՛չ էլ դրսում մնացած ցուցարարներին։

Ի նշան բողոքի՝ ցուցարարները փակեցին Հանրապետության հրապարակ մտնող Տիգրան Մեծ փողոցի հատվածը։ Որոշ ժամանակ անց ոստիկանությունը, շղթա կազմած, ցուցարարներից ազատեց փողոցի բանուկ մասը։ Ի դեպ, Կառավարության շենքի մոտ մի պահ հայտնվեցին նաև ոստիկանության Հատուկ նշանակության վաշտի դիմակավորված ծառայողներ։ Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը դա կապեց, իր ձևակերպմամբ, այլ բնույթի հնարավոր զարգացումների հետ, չհստակեցնելով, թե ինչի մասին է խոսքը։

Հայաստանում 55 հազարից ավելի շրջանառության հարկ վճարող կա, նրանցից շուրջ 10 հազարը, ըստ հարկային մարմինների, տոնավաճառներում առևտրով զբաղվողներ են։

Ցուցարարները հայտարարեցին, որ եթե իրենց բարձրացրած հարցերին պատասխան չտրվի, կդադարեցնեն առևտրային գործունեությունը։ Իսկ մինչև այդ խոստացան հինգշաբթի օրը դարձյալ հավաքվել Կառավարության շենքի մոտ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG