Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը համայն հայության կարողությունների համախմբման կոչ է արել


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովի փակման արարողությանը, որտեղ ունեցած ելույթում խոսել է Հայաստան-Սփյուռք կապերի, հայապահպանության, արտագաղթի, հայ-թուրքական հարաբերությունների, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի մասին։

«Հայաստանը հետևողական և նախանձախնդիր է Սփյուռքի հետ կապերի ամրապնդման հարցում»,- ասել է Հայաստանի նախագահը.- «Այսօր չկան Հայրենիքը և Սփյուռքն իրարից բաժանող անցյալ դարաշրջանի անջրպետները: Եվ դա ինքնին ազգային համախմբվածությունը խրախուսող հանգամանք է: Սակայն այդ համախմբվածությունը ինքնանպատակ չէ։ Այն անհրաժեշտ միջոց է, որպեսզի մենք հաղթահարենք ինքներս մեր մեջ բացահայտած վատը»:

Անդրադառնալով արտագաղթի խնդրին՝ Սերժ Սարգսյանը ասել է, որ դա եղել է Հայաստանի կառավարող բոլոր վարչակազմերի ամենալուրջ խնդիրներից մեկը։

«Արդի իրողությունն այնպիսին է, որ այսօր կարող ենք խոսել հայաստանցիների՝ նոր սերնդի սփյուռքի գոյության մասին: Եվ իրար թե՛ Հայրենիքում, թե՛ Սփյուռքում մեղադրելու փոխարեն մենք պետք է գործնական միջոցներ գտնենք և ձեռնարկենք այդ խնդրին լուծում տալու համար: Միասին վեր հանենք բացթողումները և արձանագրենք, թե ինչ հակաքայլեր կարող ենք ձեռնարկել: Համոզված եմ, որ Հայրենիքը երբեք հայի համար բանտ չպիտի դառնա: Բայց այն նաև չպիտի լինի հյուրանոց: Հյուրանոցը հյուրի համար է, իսկ Հայաստանում յուրաքանչյուր հայ պետք է տոգորված լինի իր տանտեր լինելու հանգամանքով: Յուրաքանչյուր հայ իր տունն ու օջախը պետք է ունենա հայրենիքում»:

«Ահա այստեղ եմ տեսնում հայրենիքի հզորացման ու շենացման գործում Սփյուռքի ներուժը ներդնելու առաջնահերթ ուղղությունը: Համաշխարհայնացման ներկա մարտահրավերների պայմաններում անհրաժեշտ է համախմբել համայն հայության կարողությունները, մասնագիտական ունակություններն ու հնարավորությունները, զարգացնել երիտասարդների հայրենասիրական, ազգային զգացումները: Սփյուռքի մտահղացումներն անհրաժեշտ են Հայաստանի պետության կերտման, անվտանգության, կայունության ու զարգացման համար»,- ասել է նախագահ Սարգսյանը։

Նա նաև նկատել է, որ չի օգտագործվել Սփյուռքի բոլոր կապերը, հնարավորությունները, ֆինանսական ու քաղաքական կարողությունները. - «Ոչ, քանի որ Հայաստանի հզորացումը չենք դարձրել գերխնդիր, չենք դարձրել բոլոր հայկական կառույցների և անհատների հոգածության առարկան»:

«Հայրենիքի և սփյուռքի գործակցության վեկտորը պետք է ուղղել Հայաստանի տնտեսական զարգացմանը: Հայ ժողովրդի կարողություններն ու հնարավորությունները շատ ազգերի նախանձն են շարժում, սակայն դրանց չնչին մասն է տրամադրվում հայրենիքի շենացման համար: Ամեն մի հայ պետք է հարց տա իրեն, թե այլ երկրներ և տնտեսություններ շենացնելուց զատ ի՞նչ է արել իր հայրենիքի համար, ինչքանո՞վ է փորձել թեթևացնել նրա հոգսը: Եվ այս հարցում ինչպիսի՞ աշխատանք են տարել մեր հարգանքին ու շնորհակալությանն արժանի հայկական կառույցները»:

«Սփյուռքը Մայր հայրենիքի հետ կապելու նպատակով մենք ողջունում և խրախուսում ենք Սփյուռքի յուրաքանչյուր նախաձեռնություն Հայաստանում: Պետությունը պատրաստակամ է սփյուռքահայերին հնարավորություններ ընձեռել ներդրումներ կատարելու համար, ինչի նպատակը բարեգործությունից փոխշահավետ գործընկերության անցնելն է: Ազատ ու անկախ Հայաստանն իրականություն է: Ուստի կոչ եմ անում ձեզ առավել ակտիվ ներգրավվել համազգային խնդիրների լուծմանն ու ապագայի ծրագրերի մշակմանը»,- հորդորել է Սարգսյանը։

Լեռնային Ղարաբաղ

Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը հնարավոր է միայն քաղաքական-դիվանագիտական հարթության մեջ՝ բանակցային ճանապարհով:

«Պատերազմը դեռ չի ավարտվել, այն պսակվել է մեր հաղթանակն արձանագրած զինադադարով: Հայաստանը, Արցախը և Սփյուռքն այսուհետ ևս միասնաբար պետք է պայքարեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային հանրության լիիրավ անդամ դառնալու համար»,- ասել է նա:

Հայոց ցեղասպանություն

«2015թ. մենք ազգովի ոգեկոչելու ենք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: 2015 թվականը քաղաքական լուրջ նախաձեռնությունների և ձեռքբերումների տարի պետք է դառնա Հայաստան -Սփյուռք-Արցախ եռամիասնության համար: 2015 թվականը նաև դառնալու է իր ծավալով ու նշանակությամբ նախադեպը չունեցող միջոցառումների և գործողությունների տարի: Դրանով մեկ անգամ ևս կփաստենք, որ համատեղ ուժերով կարող ենք հսկայածավալ շարժում ստեղծել մեր ազգային նպատակների իրականացման համար: Մենք նախաձեռնել ենք քաղաքական լայն աշխատանքներ այս ուղղությամբ և 2015 թվականին ակնկալում ենք մի շարք պետությունների ղեկավարների այցելություն Հայաստան»,- նշել է նախագահը՝ տեղեկացնելով, որ Հայաստանը շարունակելու է կոչ անել Թուրքիայի ղեկավարությանը՝ վերջ դնել ուրացման անհեռանկար քաղաքականությանը, թարմացնել խամրած հիշողությունը, վերանայել անցյալի մութ էջերը, առերեսվել պատմության հետ և ճանաչել ու դատապարտել անցյալում կատարված ոճիրը, մաքրել սեփական խիղճը և ազատվել դարավոր բեռից:

Սիրիահայեր

Սերժ Սարգսյանը իր ելույթում ասել է, որ Սիրիայից ներգաղթած հայրենակիցները ուշադրության, աջակցության կարիք ունեն:

«Համայն հայությունը, այդ թվում և Հայաստան պետությունը, պետք է աջակցեն նաև նրանց, ովքեր մնում են Սիրիայում՝ պահպանելու հայկական օջախը: Հավատում եմ, որ դեռ կգան խաղաղ օրեր Սիրիայի ողջ ժողովրդի և նրա հայ քաղաքացիների համար: Սիրիայի հայկական համայնքը կվերածնվի և կշարունակի իր ստեղծագործ ուղին՝ ի նպաստ Մայր հայրենիքի և բնակության երկրի զարգացման ու բարգավաճման»,- ասել է նա.- «Ցավոք սրտի, տարածաշրջանային հակամարտությունները գնալով ավելանում են, և մեր գերնպատակը պետք է լինի աշխարհի ցանկացած ծայրում փորձության մեջ հայտնված յուրաքանչյուր հայի ցավին ու տառապանքին արձագանքելը՝ անկախ աշխարհագրական հեռավորությունից, միասնական ուժերով նրանց օգնելն ու սատարելը»։

Ամփոփելով իր ելույթը՝ Սերժ Սարգսյանը միասնության կոչ է հնչեցրել, շնորհավորել ներկաներին Հայաստանի Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձի կապակցությամբ և կոչ արել բոլոր հայերին անընդհատ ամրացնել կապը հայրենիքի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG