Մատչելիության հղումներ

Անկախության ձեռքբերումները «ոչնչացրել են ժողովրդի մեջ»


Անկախության օրվա տոնակատարություն Երևանում, արխիվ
Անկախության օրվա տոնակատարություն Երևանում, արխիվ

Արամ Մանուկյանը և Պարույր Հայրիկյանը անկախության ձեռքբերումների ու արժեքների հետագա կորուստների մասին։

«Հայաստանը կորցնում է իր անկախությունը, բարձրագույն արժեքը մարդու հոգեբանության մեջ փոփոխությունն էր, լինել ազատ, լինել անկախ։ Մենք հասանք էդ արժեքին։ Էսօր էդ արժեքը չկա հայի մեջ»,- ասում է Ազգային ժողովի Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը, որ 1991-ի սեպտեմբերի 21-ին ընթերցեց Հայաստանի անկախության հռչակագիրն։

Այսօր՝ տոնին ընդառաջ Մանուկյանը հիշելով, թե ինչ դժվարությամբ ձեռք բերվեց անկախությունը, ընդգծեց՝ անկախության մեծագույն ձեռքբերումն այն էր, որ հայը հասկացել էր՝ իր երկրի տերն է և կարող է սեփական միջոցներով երկիր պահել: Այսօր Մանուկյանը կարծում է, որ ներկայիս իշխանությունները օրեցօր սպանում են այդ արժեքը ժողովրդի մեջ:

«Էկան էս ավերողները ու ոչնչացրեցին էդ հոգեբանությունը։ Ամենամեծ վնասը էդ հոգեբանության ոչնչացումն է»,- ասաց Մանուկյանը։

Հայաստանի անկախության 23-ամյակի նախօրեին ԱԻՄ կուսակցության առաջնորդ, անկախության պայքարի առաջամարտիկ Պարույր Հայրիկյանը նույնպես շեշտեց, որ անկախության այս տարիների ընթացքում Հայաստանը գոնե պետք է կարողանար ընտրել առաջ գնալու ճիշտ ուղին, իսկ այսօր, ըստ Հայրիկյանի, երկիրը պարզապես շեղվել է իր ուղուց:


«91 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը քվեարկել է ռուսական իմպերիալիզմի դեմ, հիմա մեզ փորձում են ռուսական իմպերիա ներքաշել։ Մենք դեմ ենք գնում սեպտեմբերի 21-ի ձեռքբերումներին, Մաքսային միությունը հավասար է սեպտեմբերի 21՝ վրան խաչ քաշած։ Սա է մեր իրողությունը, բայց չտխրենք, որովհետև ամենակարևոր ձեռքբերումը որևէ ազգի համար ունենք, մենք միջազգային իրավունքի ենթակա ենք, և դա դեռևս կա։ Թերևս Լյովիկ, Ռոբիկ, Սերժիկ Հայաստանը չեն դարձրել Ռուսաստանի ծայրամաս»,- ասաց Հայրիկյանը։

Հայաստանի արտաքին քաղաքականության մասին խոսելն նույնիսկ ամոթ է, ասում է ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը՝ ավելացնելով՝ թեպետ Եվրոպան շատ հարցերում հուսախաբ արեց հայ ժողովրդին, մասնավորապես, ընդունելով ոչ լեգիտիմ ընտրությունների արդյունքները, այդուհանդերձ, դեպի Ռուսատանի նախաձեռնած Մաքսային միություն սրընթաց վազքի պատճառով Հայաստանի իշխանությունը երկիրը դրեցին էլ ավելի անորոշ վիճակի մեջ:

Պարույր Հայրիկյանը ևս կարծում է, որ այս քայլով իշխանությունները պարզապես զրկեցին Հայաստանին քաղաքակիրթ աշխարհի հետ իր հարաբերությունները խորացնելուց։

«Ամենակարևոր բանը, որ պիտի այս օրերին խոսել, հիշում եք՝ ասում էին՝ Հայաստանի պիտի միանա Մաքսային միությանը։ Չկա Մաքսային միությունը, գոյություն չունեցող ապուշության պատճառով Հայաստանը քաղաքակիրթ աշխարհի հետ իր հարաբերությունները խորացնելու հնարավորությունից զրկվեց կարևորագույն հարցերում ձախողակ իշխանությունների մեղքով»,- ասաց Հայրիկյանը։

«Հիմա Նազարբաևը Հայաստանի արտաքին քաղաքականության վրա ավելի շատ ազդեցություն ունի, քան Սերժ Սարգսյանը, էլ չեմ ասում Պուտինի մասին»,- ասաց Մանուկյանը։

Այս օրերին աշխարհում ինքնորոշման ձգտող ժողովուրդներն ու ազգերը անհամբերությամբ հետևում էին Շոտլանդիայում անկախության հանրաքվեի արդյունքներին։ Շոտլանդիան հրաժարվեց բաժանվել Միացյալ Թագավորությոնից: Եվ Պարույր Հայրիկյանը, և Արամ Մանուկյանը կուզեին տեսնել թագավորության մաս կազմող այս երկրի անկախությունը․ դա կխառներ, նոր շունչ կբերեր հոգնած Եվրոպային, կարծում են նրանք։ Իսկ ի՞նչ ազդեցություն կթողներ այս իրադարձությունը ինքնորոշման ձգտող ժողովուրդների համար։

«Շատ գեղեցիկ զարգացումներ կտեսնեինք, ավելի շահեկան Եվրոպայի համար, որովհետև կանկախանար, հետո որպես անկախ պետություն կդառնար Եվրոպական միության անդամ, ու բոլորի համար ակնհայտ կդառնար, որ քաղաքակիրթ երկրներում, որտեղ մարդու իրավունքները հարգված են, դա ոչ միայն սարսափելի չէ, այլ ընդհակառակը՝ ինչքան ուզում են թող անկախանան»,- ասաց Հայրիկյանը։

«Թող եվրոպացիները հասկանան, որ կան ժողովուրդներ, որ անկախություն են ուզում, Կատալոնիան ուզում է անկախություն, թող ունենա դա, թող իրենք որոշեն դա՝ ռի՞սկ է, վտանգ է»,- ասաց Արամ Մանուկյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG