Մատչելիության հղումներ

Հայաստանի բուհերը՝ աշխարհի առաջատար համալսարանների QS-ի ցանկից դուրս


Երևանի պետհամալսարանի գլխավոր մասնաշենքը
Երևանի պետհամալսարանի գլխավոր մասնաշենքը

Հարավային Կովկասից 900 համալսարանների ցուցակում տեղ են գտել միայն ադրբեջանական երեք բուհեր:

Հայաստանյան բարձրագույն ուսումնական հաստատություններից և ոչ մեկը տեղ չի գտել աշխարհի մոտ 900 առաջատար համալսարանների ցուցակում, որ հրապարակել է կրթական խնդիրների հետազոտություններով զբաղվող բրիտանական Quacquarelli Symonds՝ QS հեղինակավոր կենտրոնը:

Փոխարենը, այս ցուցակում տեղ են գտել միանգամից երեք ադրբեջանական համալսարաններ: Ճիշտ է, հարևան երկրում գործող այս երեք ուսումնական հաստատություններն էլ QS-ի հրապարակած ցանկի ետնամասում են: Բաքվում գործող «Կովկաս» համալսարանը ադրբեջանական բուհերի թվում լավագույնն է` զբաղեցնելով համաշխարհային ցանկի 675-րդ հորիզոնականը: Բաքվի պետական համալսարանը 713-րդն է, իսկ ադրբեջանական մեկ այլ ուսումնական հաստատություն` «Խազար» համալսարանը` 737-րդը:

Սրանք բրիտանական կազմակերպության կողմից կազմված ցանկի միակ հարավկովկասյան համալսարաններն են: Վրացական համալսարանները ևս, ինչպես և հայկականները, դուրս են մնացել աշխարհի առաջատար բուհերի ցանկից:

Ուսումնական հաստատությունների վարկանիշային այս աղյուսակը բրիտանացի հետազոտողները կազմում են ամեն տարի, հաշվի առնելով մի քանի չափանիշներ` ակադեմիական շրջանակներում տվյալ ուսումնական հաստատության ձեռք բերած հեղինակությունը, դասախոսների և ուսանողների թվաքանակի հարաբերակցությունը, արտասահմանցի ուսանողների և դասախոսների թիվը, ինչպես նաև տվյալ համալսարանի համբավը գործատուների շրջանում:

Ինչպես և կարելի էր ենթադրել, ցանկում տեղ գտած առաջատար համալսարանների կեսից ավելին ամերիկյան և բրիտանական են: Երրորդ տարին անընդմեջ առաջին տեղում է Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանը: Երկրորդը Քեմբրիջի համալսարանն է: Լոնդոնի Imperial College-ը այս տարի զբաղեցրել է երրորդ հորիզոնականը` առաջին եռյակից դուրս մղելով Հարվարդի համալսարանը:

Հետխորհրդային տարածքում ամենահեղինակավոր բարձրագույն ուսումնական հաստատությունը, Quacquarelli Symonds-ի հետազոտողների գնահատմամբ, Մոսկվայի պետական համալսարանն է: Նախորդ տարվա համեմատ այն վեց կետով բարելավել է իր դիրքերը, սակայն այդպես էլ տեղ չի գտել աշխարհի լավագույն համալսարանների հարյուրյակում: Այս տարվա վարկանիշային աղյուսակում Մոսկվայի պետհամալսարանը 114-րդ տեղում է:

233-րդ տեղում է հայտնվել Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանը, որի շրջանավարտն է, ի դեպ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Ընդհանուր առմամբ, QS-ի հրապարակած ցանկում ընդգրկված են ռուսաստանյան 21 համալսարաններ, ինչպես նաև վեց բուհ Ուկրաինայից, ինը համալսարան Ղազախստանից և ևս երկուսը՝ Բելառուսից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG