Մատչելիության հղումներ

«Հայկական միրգը» արժանահավատ չի համարում ՎՊ-ի բացահայտումները


«Հայկական միրգը» արժանահավատ չի համարում ՎՊ-ի բացահայտումները
please wait

No media source currently available

0:00 0:03:55 0:00

Հայաստանի մի քանի մարզերում այգիների տնկման ծրագիր իրականացնող «Հայկական միրգ» ընկերությունը արժանահավատ չի համարում Վերահսկիչ պալատի վերջին բացահայտումները։

Ընդդիմության ներկայացուցիչն էլ հայտարարում է, թե Վերահսկիչը խոշոր չարաշահումները թողած՝ ընկել է մանրերի հետևից։

Անցած շաբաթ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանն Ազգային ժողովում, ներկայացնելով 2013-ի տարեկան հաշվետվությունը, անդրադարձել էր նաև «Հայկական միրգ» ընկերության իրականացրած ծրագրերին։ Զաքարյանը հայտարարել էր, թե ընկերության կատարած ծախսերը անարդյունավետ են, ծրագիրը ռիսկային, իրականացումն էլ դանդաղ տեմպով է առաջ ընթանում։

«Հայկական միրգ» ընկերությունը պետական կարգավիճակ ունի, տնօրենների խորհուրդը ղեկավարում է գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը։ Խորհրդի կազմում են նաև ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունների ներկայացուցիչներ։ Կառավարման պատասխանատուները դեռևս չեն շտապում մեկնաբանել Վերահսկիչի բացահայտումները։ Գյուղատնտեսության նախարարությունն «Ազատության» հարցմանը խոստացել է պատասխանել առաջիկայում։

«Հայկական մրգի»՝ կասկածի տակ դրվող ծրագրի արժեքը ավելի քան 10 միլիոն դոլար է։ Այն ընկերությանն է հատկացնում կառավարությունը վարկային միջոցներից։

Վերահսկիչի նախագահը նշել էր, թե 2013 թվականի ընթացքում ընկերությունը այգիներ պետք է տնկեր Տավուշի, Արագածոտնի, Վայոց Ձորի մարզերում, բայց 2013 թվականի ստուգումների ընթացքում նրանք այգի էին հայտնաբերել միայն Տավուշի մարզում։ Ընդ որում, նախատեսված ծավալները «Հայկական միրգը» կիսով չափ նվազեցրել էր՝ 700 հեկտարի փոխարեն որոշում կայացնելով տնկել 306 հեկտար այգի։

Արագածոտնի մարզի Արագածավան գյուղում ընկուզենու այգին պետք է տնկվեր 2013 թվականին։ Այն, սակայն, տնկվել է 2014-ի գարնանը՝ ընկույզի փոխարեն գյուղացիները կեռասի բերք կհավաքեն։ Այգու հողատերերից Արթուր Հովհաննիսյանն ասում է, որ չգիտի, թե ինչու այգին մեկ տարի ուշացումով տնկվեց, ընկույզի փոխարեն էլ կեռասենի։ Արթուրն ու գյուղից ևս 10 հողատեր համաձայնել են իրենց սեփական հողի վրա այգի տնկել ու առաջիկա 12 տարում «Հայկական մրգին» տալ բերքի 75 տոկոսը։ 12 տարի անց այգին կհանձնվի հողատերերին։

Արթուրն ասաց, որ նախատեսվում է նաև ոռոգման համակարգ ներդնել, ինչը ևս հետաձգվում է։ «Հայկական մրգից» հայտնել են գյուղացիներին, որ այս տարի կներդրվի համակարգը։

Վերահսկիչ պալատի հաշվետվությունում տեղ են գտել հենց այս խնդիրները՝ այգիների տնկման ժամկետները, ոռոգման համակարգերի ներդրման ձգձգումները, տնկիների փոփոխությունները։ Վերահսկիչի կողմից ստուգումների ժամանակ «Հայկական միրգ» ընկերության տնօրենի պաշտոնակատար Հովիկ Հովհաննիսյանը, ով աշխատանքային այցով գտնվում է Հռոմում, «Ազատության» հետ զրույցում խոստացավ վերադառնալուն պես մանրամասնորեն պատասխանել մեր հարցերին։ Նշեց միայն, որ ծրագրի իրականացման ժամկետները ձգձգել են, որպեսզի ծրագիրը կատարեն հնարավորինս որակով։ Շեշտեց, որ երեք մարզերում էլ այգիները տնկվել են բարեհաջող։

Հովհաննիսյանը նաև ավելացրեց, որ ծրագրով նախատեսված է եղել ընկուզենիների պատվաստում իրականացնել, սակայն միջազգային փորձագետի մեղքով պատվաստված ծառերը 100 տոկոսով փչացել են։

Ինչ վերաբերում է Վերահսկիչի մյուս դիտարկմանը, թե միջազգային փորձագետին ավելի քան 300 հազար դոլար աշխատավարձ է վճարվել, Հովհաննիսյանն ասաց, որ այդ գումարը պետական բյուջեից չէ, այլ իրենց ֆինանսավորող կազմակերպությունից՝ Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամից» (IFAD)։ Հիմնադրամը խորհրդատվական աշխատանքների համար կես միլիոն դոլար է հատկացրել ընկերությանը։ Հիմնադրամի պահանջով և ֆինանսավորմամբ էլ փորձագետներ են հրավիրվել Հայաստան։ Նրա գնահատմամբ, հրավիրված երկու փորձագետներն էլ ձախողել են ծրագիրը։

«Մենք այդ գումարը այլ նպատակով չէինք կարող ծախսել և պետբյուջեից մենք նրան չէինք կարող վճարել։ Դա բացառապես վճարվել է դրամաշնորհից»,- փոխանցեց Հովհաննիսյանը։

Այս ամենին էլ անդրադարձել է Վերահսկիչ պալատը՝ ամփոփելով, որ այս ծրագիրը ռիսկային է ու անհրաժեշտ է վերահսկել այն։

Վերահսկիչի գործունեությունը պարբերաբար քննադատող ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ասում է, թե անգամ եթե «Հայկական միրգը» թերացումներով է աշխատել, դա ամենևին էլ այն խոշոր կոռուպցիոն կառույցը չէ, որտեղ Վերահսկիչը պետք է բացահայտումներ աներ։

Մարտիրոսյանն ասում է, թե եթե Վերահսկիչը լիներ անկախ, այլ ոչ իշխանական կառույց, ստուգումներ կաներ իշխանության մերձավորներին պատկանող ընկերություններում։ Բայց քանի որ իշխանությանն այժմ լուրջ բացահայտումներ հարկավոր չեն, իր գոյությունն արդարացնելու միջոց է գտել։

«Փոքր առվակ է տեսել, որովհետև առուներ և գետեր իրավունք չունի տեսնելու։ Այս փոքր առվակը երևի թե բարձրաստիճան հովանավոր չունի, դրա համար էլ սա է բացահայտել։ Սերժ Սարգսյանը ինքը ասաց, որ մեզ մոտ այդպիսի ակտատներ չկան, բյուջեն չի թալանվում, ուստի Իշխան Զաքարյանը չէր կարող ավելին անել»,- ասաց Մարտիրոսյանը։

Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանն անցած տարի հայտնվել էր սկանդալի կիզակետում, երբ ընթացիկ` 2013-ի բյուջեի վերաբերյալ ասել էր, թե դրա շուրջ 70 տոկոսը՝ 700 միլիարդը վտանգված է, ինչից հետո նախագահ Սերժ Սարգսյանը դիտողություններ էր արել Վերահսկիչ պալատի նախագահին` հորդորելով նրան զերծ մնալ գնահատականներ հնչեցնելուց:

XS
SM
MD
LG