Մատչելիության հղումներ

Սիրիահայ բժիշկ. «Իմ ներողամտությունը թող դաս լինի բոլոր հայաստանցիների համար»


Սիրիահայ բժիշկ. «Իմ ներողամտությունը թող դաս լինի բոլոր հայաստանցիների համար»
please wait

No media source currently available

0:00 0:03:51 0:00

Բարեկամների, ծանոթ-անծանոթների բազմաթիվ միջնորդություններից հետո սիրիահայ բժիշկ Բողոս Աղոյանը հետ է վերցրել Թալինի քաղաքապետի եղբայրների ու վարորդի դեմ ոստիկանություն ներկայացրած բողոքը: Վերջիններս շաբաթներ առաջ բժշկին ծեծի էին ենթարկել հիվանդանոցի բակում՝ մեքենան անհարմար վայրում կայանելու համար։

«Թշնամություն էր ստեղծվել: Որ ես այստեղ եմ, օտար մարդ եմ Թալինում: Ի՞նչ կարող եմ անել: Ոչինչ չեմ կարող անել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Աղոյանը:

Քաղաքապետի հետ վիճաբանությունը հարթելու գործում, ըստ բժշկի, միջամտել են նաև ծնունդով թալինցի կնոջ հայրն ու Թալինի այն հիվանդանոցի տնօրենը, որտեղ աշխատում է:

«Ասացին` ինչ որ եղավ, սխալ եղավ: Խոսեցին նման բաներ: Ես էլ, որ այդքան մարդիկ խնդրել էին, արդեն հոգնել էի, օրը տասը-տասնհինգ զանգ էր գալիս: Եկան, երեքն էլ խնդրեցին ներողություն: Մեզ տեղ հրավիրեցին, նստեցինք: Ու ասացին, որ սրանից հետո ով կխոսի, մեզ հետ գործ կունենա», - պատմեց նա:

Կողմերի միջև հաստատված հաշտությունից ու խաղաղության խոստումներից հետո Թալինի քաղաքապետի մերձավորների շուրջ ոստիկանությունում բացված գործը, ըստ ամենայնի, կփակվի։ Ոստիկանությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ քրական գործ չհարուցելու մասին դեռևս որոշում չեն կայացրել, սպասում են փորձաքննությունների արդյունքներին։

Պատերազմից հետո Հայաստան տեղափոխված և զրոյից նոր կյանք սկսել պատրաստվող 41-ամյա բժիշկը վերջին շրջանում բռնության ենթարկված միակ սիրիահայը չէ։ Չնայած սիրիահայերին հայրենիքում ընդհանուր առմամբ լավ են ընդունում ու նման բախումներ հատուկենտ են գրանցվում։

Հիշեցնեմ՝ անցած տարեվերջին սիրիահայերի ծեծի դեպք էր գրանցվել Երևանում. «Մանանդ» տաքսի ծառայության սեփականատեր Քաջիկ Կարապետյանի երկու որդիները ընկերների հետ երկաթե ձողերով ծեծի էին ենթարկել սիրիահայ Բրուտյանների ընտանիքին՝ հորն ու երկու որդիներին։ Հարուցվել էր քրեական գործ Քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի հատկանիշներով՝ դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու համար։ Ծեծից հետո կրտսեր որդու՝ Քրիստի ձախ աչքը վնասվել էր 90 տոկոսով։ «Մանանդ» տաքսի ծառայության սեփականատերը հայտարարելէր, թե կատարվածը թյուրիմացություն է և կփորձեն հարթել այն՝ վերականգնելով պատճառած վնասը։

Կատարվածից հետո Բրուտյանները հաշտվել էին Կարապետյանների հետ։ Որդիներից Արմենակ Բրուտյանը փոխանցեց, որ նրանք փոխհատուցել են տեսողության վերականգնման համար արված ծախսերը։ Չնայած հաշտությանը՝ նախաքննական մարմինը, հաշվի առնելով կատարվածի հետևանքները, քրեական գործը չի կարճել, նախաքննությունը շարունակվում է։

Պատերազմից փախած Բողոսը Աղոյանը հույս ունի, որ սա նախադեպ չի դառնա տեղացիների շրջանում։ Իր ներողամտությունը դաս կլինի հետագայում սիրիահայերի նկատմամբ ավելի զգույշ վարվելու համար. - «Սա թող դաս լինի բոլոր հայաստանցիներին, որ երկրորդ անգամ եթե լինի, երևի ղեկավարությունը վատ ձևով կվերաբերվի իրենց: Ինձ թվում է` սա էլ է դաս իրենց»:

Թե' Բրուտյանները, թե' Աղոյանը կատարվածից հետո չեն պատրաստվում լքել հայրենիքը։

Տասն օր է, ինչ լույս աշխարհ է եկել Բողոսի առաջնեկը, ում ծնունդը ևս նպաստել է հաշտությունն ընդունելու որոշման վրա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG