Մատչելիության հղումներ

Վկան դատարանում պնդեց, թե քննիչն իրեն սպառնացել է


Վկան դատարանում պնդեց, թե քննիչն իրեն սպառնացել է
please wait

No media source currently available

0:00 0:03:46 0:00

Վկան դատարանում պնդեց, թե քննիչն իրեն սպառնացել է

«Ասեց՝ եթե չասես, քեզի կդատեն», - հայտարարեց Կանազի հոսպիտալի գործով վկա Սերյոժա Մարությանը:

Կանազի հոսպիտալի գործով վկաներից Սերյոժա Մարությանն այսօր դատարանում հայտարարեց, թե նախաքննության ժամանակ ինքը ցուցմունք չի տվել, իր փոխարեն քննիչն է գրել, ինքը միայն ստորագրել է․ - «Ես ասել եմ գրել չգիտեմ: Քննիչս ա գրել, վերջում էլ ինձ ասել ա՝ տակը խազ քաշի»:

Հոգեկան խնդիրների պատճառով պարտադիր զինծառայությունից ազատված Սերյոժա Մարությանի այս հայտարարությունից հետո ընթերցվեց նախաքննական ցուցմունքը, համաձայն որի, ամբաստանյալի աթոռին նստած զինվորներն այդ օրը ալկոհոլ էին օգտագործել ու ծեծկռտուք սարքել:

Վկան, մինչդեռ, դատարանում պնդեց, թե նման բան չի ասել, ավելին՝ քննիչն իրեն վախեցրել է․ - «Ասեց՝ եթե չասես, քեզի կդատեն»:

Դատախազի խաչաձև մի քանի հարցերից հետո անգամ վկան պնդեց՝ քննիչի կազմած ցուցմունքի հետ ինքը որևէ կապ չունի, ասել է միայն, որ դեպքի օրը դեղի ազդեցության տակ քնած է եղել։ Հետո լսելով հոսպիտալի պետի գոռգոռոցները, արթնացել է ու խառնաշփոթից վախեցած փախել տուն:

Հիշեցնեմ, որ անցած տարվա նոյեմբերին Երևանի կայազորային հոսպիտալում մեծ աղմուկ հանած ծեծկռտուքի հետևանքով մեղադրանք է ներկայացվել հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքում բուժվող 3 ժամկետային զինծառայողների։ Նրանք մեղադրվում են հոսպիտալի բժիշկներին ծեծի ենթարկելու մեջ։ Գործով անցնող չորրորդ զինվորը մեղադրվում է ծեծկռտուքի ժամանակ ինքնախեղում կատարելու ու զինվորներից մեկին հարվածելու համար։

Ըստ պաշտոնական վարկածի, զինվորները զբաղվել են հարբեցողությամբ, իսկ այդ մասին ահազանգ ստացած հոսպիտալի պետն ու բժիշկները փորձել են սաստել նրանց, ինչի հետևանքով իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից։ Զինվորները բժիշկների նկատմամբ բռնություններ են գործադրել, ջարդել են դռներն ու պատուհանները, երեք զինվոր էլ փախել է հոսպիտալից։

Դատական առաջին նիստի ժամանակ զինվորները հայտարարեցին, թե չեն ընդունում առաջադրված մեղադրանքը, իսկ նրանց պաշտպանները հայտարարել են, թե իրականում հոսպիտալի բժիշկներն են վնասվածքներ պատճառել։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը այսօրվա դատական նիստում վկայի կողմից նախաքննական ցուցմունքից հրաժարվելը համարում է պարզ վկայություն, որ նախաքննությունն ընթացել է խախտումներով, ինչի արդյունքում, հիվանդ զինվորները միանգամից հայտնվել են մեղադրյալի աթոռին, բժիշկները ճանաչվել են տուժող. - «Զինվորները, որոնք գտնվել են հոգեբուժական բաժանմունքում, ամբողջովին գտնվել են անձնակազմի հսկողության տակ, և այն իրավիճակը, որը ստեղծվել է նման «անվերահսկելի» (ըստ բժիշկների) իրավիճակի, հենց իրենք են այդ պատճառների ստեղծողները»:

Սաքունցը ուշադրություն է հրավիրում մի շարք հարցերի վրա, որոնց նախաքննությունն այդպես էլ պատասխան չի տվել։

Նախ՝ ինչպե՞ս կարող էին հոգեբուժական բաժանմունքում բուժվող զինվորները ճանաչվել պիտանի ծառայության համար ու հայտնվել բանակում։ «Կանխամտածված այս հարցին չանդրադառնալն արդեն իսկ քրեական գործի օբյեկտիվության մասին չի խոսում», - հայտարարեց իրավապաշտպանը:

Երկրորդը ալկոհոլի հարցն է։ Ինչպե՞ս է այն ներթափանցել հիվանդանոցի հոգեբուժական բաժանմունք։ Այս հարցին ևս պաշտոնյաները դեռ պատասխան չեն տվել։

Չի քննարկվել նաև բժիշկների կողմից հիվանդ զինվորներին ծեծի ենթարկելու վարկածը․ զինվորների մարմնական վնասվածքները նախաքննական մարմինը համարել է կատարվածին իրավաչափ՝ պնդելով, որ դրանք առաջացել են քաշքշուկի, աստիճաններից վայր ընկնելու արդյունքում։ Մինչդեռ նույն հանգամանքներում ավելի թեթև վնասվածքներ ստացած բժիշկներն գործով տուժող են ճանաչել։

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա երկու շաբաթ անց:

XS
SM
MD
LG