Մատչելիության հղումներ

Բախշյան. «Դպրոցական կրթությունը վերջին տարիներին որակական անկում է գրանցել»


Բախշյան.«Դպրոցական կրթությունը վերջին տարիներին որակական անկում է գրանցել»
please wait

No media source currently available

0:00 0:04:24 0:00

Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը պնդում է, թե դպրոցական կրթությունը վերջին տարիներին որակական անկում է գրանցել:

Կառավարությանը կից Գնահատման և թեստավորման կենտրոնի՝ անցած տարվա ուսումնասիրությունները փաստում են, որ ավագ դպրոցի 11-րդ դասարաններում հայոց լեզվի միջին գնահատականը 10 հնարավորից կազմել է 5.2, մաթեմատիկայից՝ 4.2 միավոր: Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանն ասում է, որ դա ոչ թե աշակերտների մեղքն է, այլ ողջ համակարգի թերացումը․ - «Սա ինձ համար բավարար չէ, էս գնահատականը մեր երեխաներինը չի, էս գնահատականը լիազոր պետական մարմիններին է՝ Գիտելիքների թեստավորման կենտրոնինն է, Կրթության ազգային ինստիտուտին է, որտեղ ես եմ աշխատում, էդ Մանկավարժական համալսարանին է, Կրթության պետական տեսչությանն է, այս բոլոր օղակները իրենց տեղում ունեն բացթողումներ»:

«Դասագրքերի բարդությունը չի համապատասխանում երեխաների տարիքային զարգացմանը, դասաժամերը երկար են», - «Ազատության» հետ զրույցում այսօր դժգոհում էին ծնողներն ու միաժամանակ ընդգծում, որ միայն դպրոցի տված գիտելիքով հետագայում բուհ ընդունվել երեխաները չեն կարող։

Ծնողների պնդմամբ՝ իրավիճակն ավելի վատ է հատկապես գյուղերում:

Հանրակրթական դպրոցների կրթության որակի իրական պատկերին ծանոթանալու համար ծնողներից մեկը Կրթության և գիտության նախարարին խորհուրդ տվեց. - «Եթե ինքն ուզում է կրթության վերաբերյալ ինչ-որ բաներ իմանա, թող իր երեխային մասնավորից հանի, բերի հանրակրթական: Երևի ինքն ավելի շատ կտեղեկանա դրա մասին»։

Նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը մինչդեռ, վստահ է՝ ցանկության դեպքում այսօր էլ առանց լրացուցիչ պարապմունքների աշակերտները կարող են բուհ ընդունվել: 1-10 բալանոց սանդղակով գնահատելիս՝ նախարարության ներկայացուցիչը կրթության որակին տալիս է բավական բարձր 8 միավոր՝ վկայակոչելով նախորդ տարվա 47 մեդալակիրներին ու «առանց լրացուցիչ պարապմունքի բուհ ընդունված ավագ դպրոցի աշակերտներին»:

Եթե կրթության որակը գնալով բարելավվում է, և եթե, ինչպես Նարինե Հովհաննիսյանն է պնդում, մասնավոր և հանրակրթական դպրոցների միջև որակական տարբերությունը քիչ է, ինչո՞ւ են պաշտոնյաներից շատերը, այդ թվում ոլորտի թիվ մեկ պատասխանատուն՝ նախարար Արմեն Աշոտյանը, իրենց երեխաներին ուղարկում մասնավոր դպրոց:

Բախշյանն ասում է, թե պատճառն այն է, որ նրանք թերությունները ներսից գիտեն․ - «Չեն վստահում որովհետև, իրենք ինձանից լավ գիտեն իրականությունը՝ որակյալ համատարած կրթությունը երաշխիքն է երկրի պետական անվտանգության»։

Հայաստանում ամենաթանկարժեք մասնավոր դպրոցում, որտեղ նախարարի որդուց բացի, սովորում են նաև Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի դուստրն ու Արդարադատության նախարարի որդին, տարեկան վարձավճարը կազմում է 2 մլն 200 հազար դրամ (մոտ 6 հազար ԱՄՆ դոլար):

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն «Ազատության»-ն ասաց, որ մասնավոր դպրոցը գերադասել է որակի պատճառով, որին հասնելու համար Կառավարությունը դեռ շտկումներ պետք է անի․ - «Ոչ մեկի համար գաղտնիք չէ, և, կարծում եմ, Կրթության նախարարը երբեք չի թաքցրել դա, որ մեր կրթական համակարգը որակի բարելավման խնդիրներ ունի: Ոչ մեկի համար սա գաղտնիք չի, սա ոչ միայն կրթության նախարարի խնդիրն է», - փոխանցեց Մանուկյանը։

Հարցին, թե արդյո՞ք պետական պաշտոնյայի աշխատավարձը թույլ է տալիս բուհի վարձավճարին համազոր կլորիկ գումար հատկացնել երեխաների դպրոցի տարեկան վարձը մուծելու համար, Արդարադատության նախարարը պատասխանեց, թե երեխաների կրթության համար ոչինչ չի խնայում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG