Մատչելիության հղումներ

Բնապահպան. «Մեղրին, Ագարակն ու Կապանը ամայացման վտանգ տակ են»


Բնապահպան. «Մեղրին, Ագարակն ու Կապանը ամայացման վտանգ տակ են»
please wait

No media source currently available

0:00 0:03:15 0:00

Մեղրասարի հանքը շահագործող ընկերությունում այս պնդման հետ համամիտ չեն։

Սյունիքի մարզում գտնվող Մեղրասարի ոսկու հանքի շահագործման նախագիծն արդեն ներկայացվել է համայնքի ուշադրությանը: Օրերս կայացել է այս հարցով առաջին հասարակական լսումը:

«Համահայկական բնապահպանական ճակատ»-ի անդամ Աննա Աղլամազյանը, ով ներկա է եղել լսումներին պատմում է, որ լսումներին մասնակցել են բացառապես հանքատերերը և համայնքի այն ներկայացուցիչները, որոնց հանքավայրում աշխատանք և բարձր աշխատավարձ են խոստացել: Բնապահպանը նշում է, որ բնակիչները պարզապես չեն գիտակցում, թե ինչ վնաս է հասցնելու հանքավայրը իրենց տարածաշրջանին:

«Այստեղից ակունքային ջրեր ունենք, էստեղից են սկիզբ առնում Սյունիքի, Վայոց Ձորի ոռոգման ու խմելու ջրերը։ Մեղրի գետն է, և այս ամենն ուղղակի արկածախնդրությամբ ու մի քանի կոպեկների պատճառով դնել լրջագույն վտանգի և թունավորման տակ, պարզապես անթույլատրելի է»,- հայտարարեց Աննա Աղլամազյանը։

«Կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանը համոզված է, որ Մեղրասարի ոսկու հանքի շահագործումից ընդամենը 5-10 տարի անց Մեղրիում, Ագարակում, հարակից մյուս համայնքներում, ինչպես նաև Կապանում ապրելն ուղղակի անհնարին կլինի:

«Էս հանքավայրը, ես ասում եմ, սա ամբողջովին ծածկելու է. նախ էդ ցրված ուրան է և ջրերի հետ և քամու, փոշու հետ շատ հեշտությամբ տարածվելու է, և էդ տարածաշրջանում ընդհանրապես մարդը չի կարող ապրել»,- ասաց Սանասարյանը։

Այս պնդումների հետ սակայն համաձայն չէ «ԱՏ-Մետալս» ընկերության տեխնիկական բաժնի պետ Հարություն Հովհաննիսյանը, ով ասում է, թե իրենք օգտագործելու են նորագույն տեխնոլոգիաներ՝ բնությանը նվազագույն վնաս հասցնելու համար:

Հովհաննիսյանը «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց, որ հանքը հավանաբար կշահագործվի այս տարեվերջին, ընդերքը կօգտագործվի շուրջ 7.5 տարի:

«Մեզ մոտ պոչամբարներ չեն լինելու, չի էլ նախատեսված, որովհետև մենք ամբողջովին ենք օգտագործելու, համայնքներին վնաս չի լինելու, համայնքներին կլինի սոցիալական օգնություն, իսկ բնությանը վնասելը ուրիշ բան է, որ այդ ամեն վնասը բերվի մինիմումի»,- փոխանցեց «ԱՏ-Մետալս» ընկերության տեխնիկական բաժնի պետը։

Հասարակական լսումներին մասնակցել են հիմնականում Տաշտուն համայնքի բնակիչները։ Համայնքի ղեկավար Հենրիկ Գաբրիելյանը չի բացառում, որ հանքի շահագործումը վնաս կհասցնի շրջակա միջավայրին, սակայն նշում է, որ սոցիալապես ծանր վիճակում ապրող գյուղի բնակիչների համար այսօր շատ ավելի կարևոր է օրվա հացի խնդրի լուծումն ու արտագաղթի կանխումը:

«Տարիներ ի վեր համայքում կար արտագաղթ, բայց այսօր՝ արդեն մի տարվա մեջ, քանի որ ժողովուրդն ունի զբաղվածություն, էն մարդիկ, որ տարիներ ի վեր Մեղրիում, Ագարակում, Քաջարանում, անգամ Երևանում, անգամ Ռուսաստանում, որ ասենք շատ անգամ գյուղից դուրս էին եկել, մի տարվա մեջ արդեն ստույգ ութ ընտանիք ունենք, որ այսօր նոր են վերադարձել համայնք՝ աշխատելու»,- «Ազատության» հետ զրույցում ասաց Տաշտուն համայնքի ղեկավարը։

Հիշեցնենք՝ «ԱՏ-Մետալս»-ը խոստացել է Մեղրասարում 110 աշխատատեղ ստեղծել: Բնապահպան Աննա Աղլամազյանի խոսքով՝ Սյունիքի մարզում, որի տարածքը կազմում է 4500 քառակուսի կիլոմետր, արդեն իսկ շահագործվում է 22 մետաղական հանք, արդեն առկա է 11 մեռյալ պոչամբար, 28 մետաղական հանքավայրեր էլ սպասում են շահագործման թույլտվության:

«Չունենք մեր ժողովրդի ու Հայաստանի շահը պաշտպանող իշխանություն, և մի ծիծաղելի բիզնես շահի զոհ է գնում թե՛ մեր առողջությունը, թե՛ մեր բնությունը»,- ասաց Աղլամազյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG