Մատչելիության հղումներ

Ադրբեջանը հայտնվել է միջազգային քննադատության թիրախում


Ֆրանսիա – Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ելույթ է ունենում Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում, Ստրասբուրգ, 24-ը հունիսի, 2014թ.
Ֆրանսիա – Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ելույթ է ունենում Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում, Ստրասբուրգ, 24-ը հունիսի, 2014թ.

Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները շարունակում են հանդես գալ պաշտոնական Բաքվին ուղղված կոչերով ու հայտարարություններով:

Amnesty International-ը հանդես է եկել հերթական հայտարարությամբ՝ այս անգամ էլ մտահոգություն հայտնելով իրավապաշտպան ամուսինների առողջական վիճակի վերաբերյալ:

Հիշեցնենք՝ վերջին օրերին ադրբեջանական մամուլը գրում էր, որ իրավապահ մարմինները հրաժարվում են բուժօգնություն ցուցաբերել ու դեղեր հատկացնել կալանավայրում պահվող իրավապաշտպան Լեյլա Յունուսին, ով ավելի վաղ հայտարարել էր, թե տառապում է շաքարախտով ու երիկամների անբավարարությամբ, նաև բողոքում էր սուր ցավերից:

Մի շարք միջազգային կազմակերպություններ էլ Ադրբեջանում իրավապաշտպանների նկատմամբ համատարած հալածանքների վերաբերյալ համատեղ նամակ են ուղղել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին՝ հիասթափություն հայտնելով վերջինիս հայտարարության վերաբերյալ, որում ասվում էր, թե նախագահ Ալիևի հետ հեռախոսազրույցում պայմանավորվել են ստեղծել հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրի իրավապաշտպաններին առաջադրված մեղադրանքները։

«Դուք ձեռնպահ եք մնում իրավապաշտպանների նկատմամբ առաջադրված մեղադրանքների ցանկացած հրապարակային մեկնաբանությունից։ Դուք հրապարակային կոչ չարեցիք՝ ազատ արձակել մարդու իրավունքների պաշտպաններին, գոնե նախնական կալանքից: Անհասկանալի է նաև, թե ի՞նչ հանձնաժողովի մասին եք խոսում. այն մարդիկ, ովքեր վերջին տարիներին աշխատում էին Ադրբեջանում քաղբանտարկյալների և մարդու իրավունքների հարցերով, այժմ ճաղերի հետևում են կամ հեռացել են երկրից՝ ելնելով անվտանգության նկատառումներից», - մասնավորապես ասված է հայտարարությունում, որը հրապարակվել է նախօրեին:

«Ոչ մի օր առանց քաղբանտարկյալի» վերնագիրը վերջին շրջանում դարձել է ադրբեջանական ընդդիմադիր մամուլի ամենատարածված արտահայտությունը: Գրեթե ամեն օր այդ երկրում տեղի են ունենում քաղաքացիական ակտիվիստների ձերբակալություններ, և կալանքի մասին որոշումներ են կայացվում:

«Ադրբեջանում քաղաքացիական հասարակությանը ճնշելու ներկայիս արշավը լրջորեն անհանգստացնում է պաշտոնական Վաշինգտոնին, որը քննարկումներ է սկսել Եվրամիության իր գործընկերների հետ», - գրում է ադրբեջանական «Թուրան» գործակալությունը` հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին:

«Ալիևի վարչակազմը որս է սկսել իր ընդդիմախոսների նկատմամբ: Այդ ամենը սկսվեց այն բանից հետո, երբ Արևմուտքը քննադատեց Ադրբեջանի վերջին նախագահական ընտրությունները: Կառավարության առավել լուրջ քննադատներն արդեն ձերբակալված են, և նրանց ներկայացված են հորինված մեղադրանքներ», - «Թուրանի» հետ զրույցում ասել է Վաշինգտոնում գտնվող դիվանագիտական աղբյուրը, որը ցանկացել է անհայտ մնալ:

Ադրբեջանում գործող հասարակական կազմակերպությունների կողմից պատրաստված և վերջերս հրապարակված զեկույցի համաձայն՝ մինչև 2014 թվականի օգոստոսի 3-ը Ադրբեջանում քաղաքական դրդապատճառներով կեղծ մեղադրանքներով ձերբակալվել է 97 անձ, այդ թվում` լրագրողներ, բլոգերներ, իրավապաշտպաններ, երիտասարդ ակտիվիստներ, ընդդիմադիրներ և փաստաբաններ:

Այս ցուցակը համալրվել է առնվազն երկու հոգով, ովքեր ձերբակալվել կամ կալանավորվել են դրա հրապարակումից հետո. խոսքը իրավապաշտպան Ինտիգամ Ալիևի և երիտասարդ ակտիվիստ Մուրադ Ադիլովի մասին է:

«Երբ ցանկացած այլախոհություն մերժող բռնակալը սկսում է շուրջբոլորը լրտեսների ու դավաճանների տեսնել, ուրեմն եկել է զգուշանալու պահը: Հենց այդպիսի իրավիճակ է հիմա Ադրբեջանում», - գրում է The Washington Post-ը և շարունակում. - «Հնարավոր չէ ընկալել այն, թե ինչպես է Ալիևը կարողացել նման հալածանքներ կազմակերպել՝ միևնույն ժամանակ ստանձնած լինելով Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը, որը համարվում է առաջատար կազմակերպություն մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: Ալիևը միջազգային հարգանքի ծարավ է, սակայն նրա գործողությունները միայն դատապարտման են արժանի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG