Մատչելիության հղումներ

Բնակարաններ՝ Այգեպարի հրդեհված տների բնակիչներին


Բնակարաններ՝ Այգեպարի հրդեհված տների բնակիչներին
please wait

No media source currently available

0:00 0:03:26 0:00

Այգեպարի հրդեհված տների բնակիչներին «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով նույն գյուղում բնակարաններ են հատկացվել։ Այս մասին «Ազատությանը» փոխանցեցին Տավուշի մարզպետարանից՝ նշելով, որ տուժածներին բնակարան է հատկացվել Այգեպարի բազմաբնակարան շենքում։

Հիշեցնենք՝ հայկական կողմի վկայությամբ, օգոստոսի լույս 10-ի գիշերը հայ - ադրբեջանական սահմանագոտում գտնվող Այգեպար գյուղի դրկից տները հրդեհվել էին հակառակորդի գնդակոծություններից։

Անտուն մնացած Գևորգյանների ու Վարդազարյանների ընտանիքներն այսօրվանից կարող են տեղափոխվել իրենց նոր կացարաններ։

Հիմնադրամի միջոցներով, յուրաքանչյուր ընտանիքի հատկացվել է երեքսենյականոց բնակարան իր գույքով, ավտոտնակով։

Մինչ բնակարանների հատկացման մասին իշխանությունները որոշում կկայացնեին, անտուն մնացած 68-ամյա Արշալույս Գևորգյանը «Ազատության» հետ զրույցում ասում էր, որ հույսը գյուղապետն է, ու ստիպված գյուղապետի օգնությանն է դիմելու. - «Անդոյին ասեմ՝ գյուղապետին, որպեսզի կարողանա մի կացարան ստեղծի, որպեսզի կարամ հարմարվեմ, մինչև ստեղի վիճակը տեսնինք՝ ինչ տի դառնալ»։

Երկու օր շարունակ հարևանի տանը պատսպարված Արշալույս Գևորգյանը՝ ավերակների վրա, արցունքն աչքերին, պատմում էր կատարվածը։

«Ինչ ասեմ, էլ ասելի պան չունիմ, իմ ասելիքն էն ա, որ սաղ իմ տունը քանդվեց, մնացի որբ, կարալ չեմ էլ արտահայտվեմ. իմ ամբողջ հարստությունս լրիվ կորցրի՝ մոխիր շինեցի։ Երևի սենց դաժանություն ոչ մի տեղ չի ըլել», - ասում էր Գևորգյանը։

Ըստ ծերունու՝ կրակը բռնկվել է հարևան Վարդազարյանների տնից, վերջիններս, բարեբախտաբար, տանը չեն եղել։

«Արդեն որ բռնկվել ա՝ ժամը երեքին, ես դուրս եկա կուխնուցը, նայեցի տեսա դրա կռիշը լռիվ բռնկված՝ էլ կրացինք ոչ հասցնենք հանգցնենք. քամին թե ի՞նչ մոմենտի տակ թեքեց իմ տան կռիշի վրա ու էլ կարացինք ոչ հասցնենք գոնե մեր դակումենտացիան հանենք, մեր շորեղենը հանենք, մեր տան ունեցվածքը... մի քանի ձեռք տեղաշոր ենք ստից հանել»,- ասաց Գևորգյանը։

Կրակից նաև ծերունին է վնասվել։ Տանը եղել են երեք հոգով։

Գյուղապետ Անդրանիկ Այդինյանի փոխանցմամբ՝ հրդեհից տուժած մյուս ընտանիքը Ռուսաստանում է: «Բռնկվեց, սկսեցինք գյուղի բնակիչներով օգնել, որ հանգցնենք, կրակի դեմ անզոր էինք, ոչ մի բան չստացվեց, հետո կրակը կամաց-կամաց վառելով անցավ հարևանի տունը», - պատմեց գյուղապետը:

Տավուշի մարզպետարանից տեղեկացրեցին, որ այժմ զբաղված են հրդեհից տուժած ընտանիքների նոր բնակարանների փաստաթղթերի ձևակերպման աշխատանքներով։

Այգեպարը պետական սահմանից հեռու է 1.5 կիլոմետր։ Պաշտոնական տվյալներով՝ ավելի քան 600 բնակիչ ունի, որոնց մի մասը հեռացել են գյուղից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG