Կիրակի, նոյեմբերի 23, 2014 Ժամանակը Երեւանում 13:40

Միջազգային

ԱՄՆ-ի տնտեսությունը երկրորդ եռամսյակում զգալի աճ է գրանցել

x

Միացյալ Նահանգներում ապրիլ-հունիս ամիսների ընթացքում նկատվեց տնտեսության արագ՝ 4 տոկոսի աճ, երբ գնորդներն ու գործարար աշխարհը նկատելիորեն աշխուժացրին ծախսումները, իսկ պետական հաստատություններն էլ ծախսումների ծավալներով հետ չմնացին նրանցից: Նկատելիորեն աճեցին նաև ամերիկյան ապրանքների արտահանման ծավալները։

Քանզասում անցկացված հանրահավաքներից մեկի ժամանակ նախագահ Բարաք Օբաման հայտարարեց, թե սա տնտեսական վիճակի բարելավման մի նոր նշան է։

«Սա պատահականություն չէ, այլ իրականացվել է Ամերիկայի ժողովրդի ճկունության ու հաստատակամության շնորհիվ։ Այն արդյունքն է նաև մեր կողմից ընդունված որոշումների», - ասաց նա, շարունակելով․ - «Դրա արդյունքում Ամերիկայի տնտեսությունն այսօր ավելի արագ է առաջ ընթանում, քան աշխարհի զարգացած մյուս երկրների տնտեսությունները»։

Կենտրոնական Ֆլորիդայի տնտեսագիտության դպրոցի փորձագետներից Շան Սնեյթի խոսքերով, դեռևս շատ վաղ է տոնելը։

«Միայն այս տվյալների վրա հենվելով՝ չեմ ուզում առայժմ բացել շամպայնի խցանը», - ասում է նա ու նշում, որ հարկավոր է սպասել, տեսնելու համար, թե արդյոք այս աճը շարունակական է, թե՝ ոչ։

Չնայած երկրորդ եռամսյակի այս անսպասելի մեծ աճին, կարևոր են երրորդ ու չորրորդ եռամսյակները, քանի որ, նրա խոսքերով, մինչև տարեվերջ ընկած ժամանակահատվածի բոլոր տվյալները միասին կարող են ասել, թե արդյոք տնտեսությունը հաստատուն աճի փուլ է մտել, թե՞ պարզապես երերուն աճ է գրանցվում:

«Կարևոր է, թե տնտեսության վերականգնման այս փուլում ինչպես կգործի Կենտրոնական բանկային համակարգը։ Արդյո՞ք այս աճը կնպաստի տոկոսադրույքների աճին և արդյո՞ք դրամական շուկաներում կկարողանան թեթևացած շունչ քաշել», - ասում է տնտեսագետը։ 

Կենտրոնական բանկը չորեքշաբթի օրը հայտարարել է, թե եկող ամիս շարունակելու է պարտատոմսերի գնումները ևս տասը միլիարդ դոլարով կրճատելու ծրագիրը։ Պարտատոմսեր գնելու ծրագիրն այսքան ժամանակ կարողացել է ցածր պահել ԱՄՆ-ի տոկոսադրույքները, որպեսզի բարձրացվեր սպառողների ու բիզնեսների կողմից ծախսումների մակարդակը։ Կենտրոնական բանկը հայտարարում է, թե առայժմ չի շտապում բարձրացնել տոկոսադրույքները, չնայած այն հանգամանքին, որ մեծաթիվ տնտեսագետներ են նախազգուշացնում, որ այդ դեպքում դոլարը կարող է արժեզրկվել։

Ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Դարձեք առաջինը եւ գրեք մեկնաբանություն

Ամենակարդացվողը