Մատչելիության հղումներ

Շիրակի մարզի ևս ութ համայնք տուժել է կարկտահարությունից


Գյուղացիները կրկին օգնելու խնդրի առաջ են
please wait

No media source currently available

0:00 0:03:01 0:00

Տուժած գյուղացիները ակնկալում էին փոխհատուցում, պարտքերի, հարկ ու տուրքի զիջում, սակայն պաշտոնյաները միայն խոստացան դրանք հետաձգել:

Այսօր Շիրակի մարզի կարկտահարված գյուղեր են այցելել մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը և գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը:

Կարկուտից այս անգամ տուժել էին Ամասիայի տարածաշրջանի ութ համայնք, որտեղ հիմնականում ցորենի ու գարու ցանքատարածություններ են:

Ողջին տուժած գյուղերից մեկն է: Գյուղացիները վրդովված հարցնում էին իրենց այցի եկած պաշտոնյաներին, թե ինչո՞վ են ապրելու:

«Ձեռքի գերանդիով նույնիսկ չենք կարող հնձենք, էսպես մի բան բերենք տուն: Մի վեց տոննա առնվազն կսպասեի», - ասաց գյուղացիներից մեկը:

Ցանքատարածությունների մեծ մասը սահմանապահ ուղեկալի տարածքում էր: Լրագրողներին թույլատրվեց պաշտոնյաների հետ մուտք գործել՝ պայմանով, որ ուղեկալը չեն նկարահանի: Այստեղ կային դաշտեր, որտեղից գյուղացին ոչինչ չուներ տուն տանելու:

Տուժած գյուղացիները ակնկալում էին փոխհատուցում, պարտքերի, հարկ ու տուրքի զիջում, սակայն պաշտոնյաները դրանք ոչ թե զիջելու, այլ հետաձգելու մասին խոսեցին:

Նախորդ կարկտահարությունից տուժած համայնքների համար կառավարությունը որոշում է կայացրել հետաձգել սերմնացուի կամ դրա դիմաց գումարի վերադարձի ժամկետը: Վարկերի մարման հետաձգում ևս նախատեսվում է:

«Էս կարկտահարության հետ կապված մենք պետք է աշխատենք, որպեսզի էն, ինչ որ տրվել է մյուս համայնքներին, որոնք տուժել են կարկտահարությունից, նույն մոտեցումը լինի նաև այս համայնքների դեպքում», - ասաց մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը:

Գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանն էլ հավելեց. - «Ըստ բանկերի անհատական մոտեցում ցուցաբերել շահառուներին, և վարկերի ժամկետները փոխադրել ավելի նպաստավոր ժամանակ»:

Գյուղացիները, ովքեր հետևում էին պաշտոնյաների հարցազրույցին ասացին, թե դա խնդրի լուծում չէ: Այս տարի Շիրակի մարզում կարկուտից 12 հազար 500 հեկտար ցանքատարածություն է վնասվել:

XS
SM
MD
LG