Մատչելիության հղումներ

Վահագն Հովնանյանը օլիգարխներին համարում է «մահ տնտեսության համար»


Վահագն Հովնանյանը օլիգարխներին համարում է «մահ տնտեսության համար»
please wait

No media source currently available

0:00 0:03:20 0:00

Հայտնի գործարար Վահագն Հովնանյանի խոսքով՝ օլիգարխներն ամբողջովին իրենց ձեռքն են վերցրել Հայաստանի տնտեսությունը, և եթե իրավիճակը չփոխվի՝ «սա մահ է տնտեսության համար»:

Արդեն տասը տարուց ավելի Հայաստանում գործարարությամբ զբաղվող Հովնանյանը նման կտրուկ գնահատական տվեց «Ազատության» հետ զրուցում:

Համաշխարհային բանկի՝ անցած նոյեմբերին հրապարակած զեկույցի համաձայն, Հայաստանի տնտեսությունը ամենամոնոպոլիզացվածն է նախկին ԽՍՀՄ ու Արևելյան Եվրոպայի երկրների շարքում:

Փորձագետները համոզված են, որ Հայաստանի տնտեսության նման մոնոպոլիզացված վիճակն է նաև պատճառը, որ մեր երկիրը մինչ օրս չի կարողանում վերականգնել տնտեսության մինչճգնաժամային՝ 2008թ․ ծավալները: Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացմամբ, եթե Ադրբեջանը ճգնաժամի հենց հաջորդ տարում՝ 2010-ին, վերականգնեց իր տնտեսության 2008թ․ ծավալները, իսկ Հայաստանի մյուս հարևանը՝ Վրաստանը կարողացավ դա անել 2011-ին, ապա մեր երկիրը կկարողանա հասնել 2008-ի ծավալներին միայն 2016 թվականին։

«Բոլորն էլ նույնն են խոսում, որ իրենց ամբողջ դրամը իրենց ձեռքերի, բանկերի, ներդրումների մեջ է, որ չի շարժվում դրամը։ Դա մահ է տնտեսության համար։ Ես խիստ եմ խոսում, բայց ուզում եմ, որ անպայման մեկը սկսի լսել, ճիշտ ժամը հիմա է, արդեն ժամանակ է։ Ժողովուրդը հույսը կտրել է, ժողովուրդը պետք է արթնանա և սկսի վերականգնել իր հույսերը»,- ասաց գործարարը։

Հովնանյանը մատնացույց է անում դեղերի շուկան, որը, նրա խոսքով, ամբողջովին գրավված է, մոնոպոլիզացված։

«Չկա մեկը, որ չի տեսնում դա, դա այնքան պարզ է երևում։ Չխորանանք անձերի վրա, բայց ճշմարտությունը այն է, որ այս ժողովուրդը պետք է առաջ գնա և ներդրումներ անի, մոնոպոլիաները պետք է քայքայվեն, մրցակցությունն է, որ երկիրը առաջ է տանում։ Այստեղ մրցակցություն չկա»,- ասաց Հովնանյանը։

«Չունենք արտադրություն, չունենք ապրանք, որ դուրս կարող ենք ուղարկել և շահով դրամ գա երկիր»,- ասաց մեր զրուցակիցը.- «Ապրանքը ներս է գալիս, իսկ մեր դրամը դուրս է գնում, և ով է այդ ամենը վերահսկողը... մենք ասում ենք handful of people, մի քանի ընտրված անձեր, որոնք վարում են այդ ամբողջ բիզնեսը։ Չենք կարող այս ձևով առաջ գնալ, մի երկու տարի առաջ քայլ էինք անում, հիմա ետ քայլ ենք կատարում»։

Ըստ Հովնանյանի, այս ամենի հետևանքով Հայաստանի գործարար համբավը աշխարհում էականորեն տուժել է. - «Այնքան վատ համբավ ունենք մեր սփյուռքի մեջ, որ ոչ մեկը չի ուզում գալ այստեղ ներդրում կատարել»։

«Ժողովրդի գրպանները պարպվել են, ապրելը ավելի թանկացել է, դրամը չի շարժվում շուկայի մեջ, և ամեն բիզնես կզգա դա»,- ընդգծեց գործարարը.- «Բավականին ժողովուրդ մարդիկ գնացել են տարբեր երկրներ՝ իրենց ընտանիքները պահելու համար, առաջադիմություն չեն տեսնում երկրում։ Նրանք ուզում են անպայման հպարտ զգալ իրենց երեխաներով, ուսման մասին են մտածում, առողջության մասին... ես իրենց երբեք չեմ մեղադրում, որ դուրս են գնում գործ գտնելու համար»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG