Մատչելիության հղումներ

Վարչական դատարանը մերժել է ոստիկանության հայցերն ընդդեմ քաղաքացիների


Վարչական դատարանը մերժել է ոստիկանության հայցերն ընդդեմ քաղաքացիների
please wait

No media source currently available

0:00 0:03:57 0:00

Դատարանը միևնույն ժամանակ բավարարեց քաղաքացիների հակընդդեմ հայցերը՝ ոստիկանների գործողությունները ճանաչվեցին ոչ իրավաչափ:

Վարչական դատարանի դատավոր Արման Թովմասյանն այսօր մերժեց 50 հազարական դրամ տուգանելու պահանջով ոստիկանության 4 հայցերն ընդդեմ քաղաքացիներ Մհեր Արշակյանի, Կարեն Հարությունյանի, Գոռ Առաքելյանի և Վահագն Մինասյանի: Դատարանը միևնույն ժամանակ բավարարեց քաղաքացիների հակընդդեմ հայցերը՝ ոստիկանների գործողությունները ճանաչվեցին ոչ իրավաչափ, քաղաքացիներից յուրաքանչյուրի մասով պետք է 150 հազարական դրամ բռնագանձվի Ոստիկանությունից՝ որպես իրավաբանական ծառայությունների մատուցման փոխհատուցում:

Մհեր Արշակյանը, Կարեն Հարությունյանը, Գոռ Առաքելյանն ու Վահագն Մինասյանը մասնակցել էին Երևանի տրանսպորտի վարչության պետի և «ԵրևանՏրանս» ընկերության ղեկավարին պաշտոնանկ անելու պահանջով քաղաքապետարանի մոտ անցյալ տարվա օգոստոսին տեղի ունեցած բողոքի ակցիաներին:

Նույն դատարանի դատավոր Աղասի Դարբինյանը բավարարեց Վահագն Մինասյանի դեմ ոստիկանության ավելի քան 10 հայցերից մեկը՝ նրանից 10 հազար դրամ բռնագանձելու վերաբերյալ:

Հարբած լինելու պնդում՝ «առանց փաստերի»

Ոստիկանությունը պնդում է, թե Վահագն Մինասյանը քաղաքապետարանի մոտ տեղի ունեցած տևական ակցիաների ժամանակ գիշերը ժամը երկուսին հարբած է եղել, խախտել է հասարական կարգը: Մինչդեռ նրա փաստաբան Տիգրան Սաֆարյանը «Ազատության» հետ զրույցում զարմանք հայտնեց, թե ինչպե՞ս կարող էր դատավոր Դարբինյանը նման որոշում կայացնել, եթե ոստիկանությունն այդպես էլ որևէ փաստ չի ներկայացրել Վահագն Մինասյանի հարբած լինելը հիմնավորելու համար: Փաստաբանն ասաց՝ այս վճիռը բողոքարկելու է Վերաքննիչ դատարանում:

«Աղմկելու» հետևանքը՝ քաղաքացու խախտված իրավունքը

Վահագն Մինասյանի վերաբերյալ ոստիկանության մերժված հայցի քննության ժամանակ ոստիկանությունը պնդում էր, թե Վահագն Մինասյանն օգոստոսի 23-ին բողոքի ակցիայի ժամանակ բարձրախոսով կոչեր է հնչեցրել, աղմկել է: Ոստիկանները նրան այդ օրը բերման են ենթարկել երկու անգամ, իսկ հետո էլ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու պատճառաբանությամբ դատարանից պահանջել տուգանել 50 հազար դրամով: Սակայն, դատավոր Արման Թովմասյանն անհիմն համարեց ոստիկանության պնդումները՝ փոխարենը խախտված ճանաչելով Վահագն Մինասյանի՝ հավաքների ազատության իրավունքը:

Ոստիկանության հայցն ընդդեմ իրավաբանի՝ անհիմն

Վարչական դատարանի դատավոր Արման Թովմասյանի հրապարակած հաջորդ վճռով մերժվեց ոստիկանության հայցն ընդդեմ Բեռնի հանրային իրավունքի ինստիտուտում իր գիտական թեզը պաշտպանած, սահմանադրական իրավունքի մասնագետ Մհեր Արշակյանի: Ոստիկանությունը դատարանում պնդում էր, թե Մհեր Արշակյանը օգոստոսի 24-ին պառկել է Երևանի քաղաքապետարանի դիմացի փողոցի երթևեկելի գոտում: Դատարանը, սակայն, հաստատված է համարել փաստը, որ մեջբերում՝ «Մհեր Արշակյանը չի պառկել քաղաքապետարանի մուտքի աստիճանների մոտ՝ գետնի երթևեկելի մասում, այլ եղել է քաղաքապետարանի մուտքի դիմացի հարթակի մոտ»: Դատարանը նաև արձանագրել է, որ ոստիկանությունը «հակառակի վերաբերյալ որևէ ապացույց չի ներկայացրել»:

Մհեր Արշակյանն ասաց, որ դատարանը ոստիկանության հայցը մերժեց՝ քաջ գիտակցելով, որ հակառակ դեպքում այս գործով Եվրոպական դատարանում վճիռ կկայացվեր ընդդեմ Հայաստանի կառավարության: Նա նաև ավելացրեց, որ քաղաքացիական պայքարը շարունակելու է և միշտ պաշտպանելու է սահմանադրական իրավունքները:

Կարմիր գծանշումներն ապօրինի չեն եղել

Դատավոր Արման Թորոսյանի որոշմամբ ոստիկանության հայցն ընդդեմ Գոռ Առաքելյանի մերժվեց այն դեպքում, երբ ոստիկանությունը պնդում էր, թե Գոռ Առաքելյանը կարմիր գույնով գծանշումներ է արել քաղաքապետարանի մոտ, չի ենթարկվել ոստիկանի օրինական պահանջին:

Դատարանն ապօրինություն չի համարել քաղաքապետարանի աստիճաններին քնելը:

Դատավոր Արման Թովմասյանի վճռով անհիմն համարվեցին նաև ոստիկանության պնդումները, թե Կարեն Հարությունյանը օգոստոսի 27-ին չի ենթարկվել ոստիկանի պահանջին, երբ գիշերը քնել է քաղաքապետարանի մուտքի դիմաց:

Ո՞ր իրավական ակտով է արգելված քաղաքապետարանի աստիճանահարթակին պառկելը՝ Կարեն Հարությունյանի փաստաբանի, ինչպես նաև դատավոր Արման Թովմասյանի այս հարցերին դատաքննության ժամանակ ոստիկանության ներկայացուցիչը՝ փոխգնդապետ Սոնա Մելիքյանը, դժվարացել էր պատասխանել:

Գթասրտության սահմանները

Ոստիկանությունն, այսպիսով շուրջ 10 գործով արդեն պարտվել է դատարանում: Դեռ ոստիկանության մի քանի հայց էր մերժվել դատարանում, երբ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն «Ազատության» հարցին ի պատասխան ոստիկանության պարտությունը դատարանում բացատրել էր այսպես՝ «գթասրտություն, մարդասիրություն: Չէ՞ որ գթասրտությունը նույնպես դաստիարակության ձև է»:

Ոստիկանության հայցերի քննությանը հետևող իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը պատասխանեց «Ազատության» հարցին, թե կարելի՞ է ասել, որ «գթասրտության» սահմաններն ընդլայնվել են:

«Պետք է արժանին մատուցել, գնահատել այդ ոճը, ձևը, արտիստիզմը: Բայց երբ վերադառնանք իրավական հարթություն՝ ոչ, ոստիկանությունը ոչ թե գթասրտություն է ցուցաբերում, այլ ոստիկանությունը այն գիտելիքները չունի, չի պատկերացնում, որ վարչական պատասխանատվությունը դա ներազդեցության բացառիկ միջոց է, չի պատկերացնում, որ ոստիկանությունը հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից», - ասաց Զեյնալյանը:

Ոստիկանությունը բողոքի ակցիաներին մասնակցած քաղաքացիներին տուգանելու պահանջով մոտ 200 հայց է ներկայացրել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG