Մատչելիության հղումներ

Կառավարությունը հարկատուների հաշվին 80 հազար դոլարանոց մեքենա է գնել ԱԺ-ի համար


Կառավարությունը հարկատուներրի հաշվին 80 հազար դոլարանոց մեքենա է գնել ԱԺ-ի համար
please wait

No media source currently available

0:00 0:04:10 0:00

Հայաստանի կառավարությունը հարկատուներրի հաշվին ավելի քան 80 հազար դոլարանոց ավտոմեքենա է գնել Ազգային ժողովի համար:

Համապատասխան որոշումը գործադիրի երեկվա նիստում ներկայացվեց և առանց քննարկման ընդունվեց՝ ընդամենը 36 վայրկյանում:

Պաշտոնական տվյալների համաձայն, աղքատ է Հայաստանի բնակչության մոտ 1/3-րդը, թեև փորձագիտական գնահատականները խոսում են անհամեմատ ավելի բարձր ցուցանիշի մասին:

Թե ինչո՞ւ պետք է պետբյուջեից 33 միլիոն 150 հազար դրամ հատկացվի «Տոյոտա Երևան» ընկերությանը՝ շքեղ «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենա գնելու համար, կառավարության նիստում հարցը ներկայացրած ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը չասաց:

Փոխարենը այսօր Դիլիջանում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նա այսպես բացատրեց գնումը.- «Գիտեք, միշտ կարելի է սոցիալական վիճակի հետ կապված հարցադրումներ անել։ Մեքենաներն ու սոցիալական վիճակը իրար հետ համադրելի չեն։ Եթե վերցնենք սոցիալական իրավիճակը, ուրեմն մենք պետք է զարգացման տեմպերը գցենք։ Մենք ԱԺ-ին ենք տրամադրել այդ գումարը, ես արժեքը չգիտեմ, պետք է հարցնել նրան, ով գնում է մեքենան։ Երևի որ գնել են, ուրեմն անհրաժեշտություն կա, երևի լեռնային շրջաններ այցելությունների համար է»։

Լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը, ում գլխավորած կազմակերպությունը տևական ժամանակ ուսումնասիրում է Հայաստանի պետական մարմինների կողմից ավտոմեքենաների գնման գործընթացը, «Ազատությանը» փոխանցեց, որ 2009-2013թ.թ․ ընթացքում կառավարության գնած ավտոմեքենաների կեսից ավելին ձեռք է բերվել «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ից:

«Կառավարությունը այդ հինգ տարիների ընթացքում գնել է 552 ավտոմեքենա, հասկանալի է՝ սրանց մեջ ծառայողական կամ պետական գաղտնիքի էլեմենտ պարունակող մեքենաները հաշվված չեն։ Այս ամբողջ ծավալից 50.87 տոկոսը գնացել է «Տոյոտա» մակնիշի մեքենաներ գնելու վրա»,- փոխանցեց Բարսեղյանը։

Նրա խոսքով՝ 2005-2008թ.թ. վերաբերող հետազոտության համաձայն, 60-ից ավելի տոկոսն էր ծախսված «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաների գնման համար։

Բարսեղյանն ասում է՝ 2009-2013թ.թ․ ընթացքում ավտոմեքենաների գնման համար հայրենի կառավարության հատկացրած գումարի մեծությամբ երկրորդ և երրորդ չափաբաժինները հասել են «Հյունդայ» ու «Նիսսան» ընկերություններին, սակայն նրանց ցուցանիշները կտրուկ կերպով են տարբերվում «Տոյոտա Երևան»-ի գրանցած հաջողությունից՝ համապատասխանաբար 9 և 6 տոկոս։

Մամուլի հրապարակումների համաձայն, «Տոյոտա Երևան» ընկերությունը պատկանում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Սեդրակ Քոչարյանին:

«Սա չհիմնավորված շռայլություն է»,- անդրադառնալով կառավարության երեկվա որոշմանը՝ ասաց Լևոն Բարսեղյանը.- «Այդ գումարով կարելի էր տասը հատ մեկ, նույնիսկ երկու սենյականոց բնակարան գնել Գյումրիում՝ անօթևաններին ապահովելու համար։ Սա համարում եմ անուղղակիորեն ապացույց այն բանի, որ իշխանությունը օբյեկտիվորեն կտրված է հասարակությունից»։

Թե Ազգային ժողովում հատկապես ում կամ ինչի համար է նախատեսված շքեղ «Տոյոտա»-ն, հնարավոր չեղավ պարզել․ խորհրդարան ուղարկած մեր գրավոր հարցմանն այսօր չարձագանքեցին:

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գնումների գծով փորձագետ Արտակ Մանուկյանը, ով ուսումնասիրել է 2011-2013թ.թ․ ընթացքում Հայաստանի պետական մարմինների կողմից իրականացված գնումները, այսօր «Ազատությանն» ասաց, որ չնայած օրենսդրությունը պահանջում է պետգնումների դեպքում նախապատվությունը տալ «բաց ընթացակարգին», երբ մրցույթ է ու կան մի քանի առաջարկներ, սակայն նշված ժամանակահատվածում տարեկան շուրջ 16 հազար գնումների մոտ 2/3-րդը արվել է մեկ անձից:

Մանուկյանը փոխանցեց, որ 2011-ից ի վեր պետգնումների համար տարեկան ծախսվում է մոտ 130 միլիարդ դրամ:

«Միջազգային ընթացակարգերով մեկ անձից ձեռք բերումները ռիսկային են»,- նշեց Մանուկյանը։

Մեր զրուցակիցը նաև մի ուշագրավ տեղեկություն հայտնեց կառավարության կողմից ավտոմեքենաների գնման վերաբերյալ:

«Շատ հաճախ մենք համոզվել ենք, որ տեխնիկական բնութագրիչները հարմարեցվում են, որ, օրինակ, «Տոյոտա»-ից բացի ուրիշ մակնիշի մեքենա չի ընկնում այս ձեռքբերվող ապրանքի մեջ»,- ասաց Մանուկյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG