Երկուշաբթի, հոկտեմբերի 20, 2014 Ժամանակը Երեւանում 08:24

Հայաստան

ԱՄՆ-ը խրախուսում է Հայաստանում երդվյալ ատենակալների համակարգի ներդրումը

ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի գլխավոր օգնական Քերըլ Փերեզ
ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի գլխավոր օգնական Քերըլ Փերեզ

Արդյոք Հայաստանին անհրաժե՞շտ է անցնել երդվյալ ատենակալների միջոցով դատավարությունների համակարգին։ Կարծիքները միանշանակ չեն, սակայն ինչպես ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի գլխավոր օգնական Քերըլ Փերեզն է ասում «Ամերիկայի Ձայն»-ին, այն ունի մեծ առավելություններ, ինչի համար էլ Պետքարտուղարության աջակցությամբ նկարահանվել է այս համակարգի մասին փաստավավերագրական կինոնկար։

Երդվյալ ատենակալների համակարգն առաջին անգամ կիրառվել է Հին Հունաստանում, ապա՝ Հին Հռոմում, որտեղ ատենակալների թիվը մեկ դատավարության ընթացքում հասնում էր հարյուրների։ Սակայն 20-րդ դարում երդվյալ ատենակալների համակարգը վերացվեց մի շարք բռնակալական ու ինքակալական վարչակարգերի, այդ թվում՝ Խորհրդային Միության, Ֆրանկոյի կառավարության, աֆրիկյան ապարտեիդի կողմից։

«Վավերագրական կինոնկարը խրախուսում է երդվյալ ատենակալների դատավարության համակարգի շուրջ  Հայաստանում քննարկումները»  վերտառությամբ կինոֆիլմի ֆինանսավորումն իրականացրել է ԱՄՆ-ի Պետքարտուղարության թմրանյութերի դեմ պայքարի և օրենքներն ուժի մեջ մտցնելու հարցերով բյուրոն՝ նպատակ ունենալով Հայաստանի հանրությանը բացատրել երդվյալ ատենակալների մասնակցությամբ դատավարությունների առավելությունները։

Այս մասին է «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում ասում բյուրոյի ղեկավար, փոխպետքարտուղարի գլխավոր օգնական Քերըլ Փերեզը։ Նրա խոսքերով, 2005 թվականից ի վեր համագործակցության ընթացքում Հայաստանում տարբեր ծրագրերի վրա բյուրոն ավելի քան 25 միլիոն դոլար է ծախսել։

«Տարիների աշխատանքը ցույց է տվել, որ Հայաստանում քաղաքացիական հասարակությունը հետաքրքրված է երդվյալ ատենակալների համակարգով։ Ու քանի որ Հայաստանի կառավարությունը նույնպես ցուցաբերում է հետաքրքրություն, օրենքներն ուժի մեջ մտցնելու հարցերով պետքարտուղարության բյուրոն որոշեց օգնել նկարահանելու փաստավավերագրական այս կինոնկարը»,- ասում է նա։  

Ֆիլմը ներկայացնում է տարբեր կարծիքներ, նաև նրանց, ովքեր հավատացած են, որ Հայաստանի նման փոքր երկրներում, ծանոթությունների պատճառով ավելի հավանական կարող է դառնալ ատենակալների կողմնակալությունը։

«Փորձն ԱՄՆ-ում այլ բան է ասում»,- նշում է Քերըլ Փերեզը՝ տեղակացնելով, որ նույնիսկ 541 կմ տարածք զբաղեցնող Գուամի տարածքում և Մարիանյան կղզիներում է այս համակարգն արդարացրել իրեն։

«Իսկ առավելությունն այն է, որ հասարակության անդամներն իրենց կտրված չեն զգում դատական համակարգից։ Նրանք դառնում են դրա մասնիկ և ստանում այդ գործընթացներում իրենց խոսքն ասելու հնարավորություն»,- ասում է նա։

Այս համակարգին անցնելու դժվարությունների շարքում է մեր զրուցակիցը դասում դատավորներին, դատախազներին ու փաստաբաններին վերապատրաստելու հարցը և դատական նիստերի դահլիճները մեծացնելու անհրաժեշտությունը։

Ինչ վերաբերում է մեր տարածաշրջանում նման փորձառություններին, Քերըլ Փերեզը բերում է Վրաստանի օրինակը՝ ասելով, որ այստեղ արդեն ուժի մեջ է մտել երդվյալ ատենակալների համակարգը, և հուսով է, որ շուտով դրական արձագանքներ կստացվեն։

Այժմ, ասում է նա, Ամերիկայի փաստաբանների ընկերակցությունը Պետքարտուղարության այս բյուրոյի աջակցությամբ Հայաստանում հատուկ ծրագրեր է իրականացնում փաստաբանների, դատախազների, դատավորների և իրավաբանական բաժիններում սովորող ուսանողների հետ։ Իսկ շահույթ չհետապնդող մի կազմակերպություն դպրոցներում է դասընթացներ անցկացնում՝ բացատրելու համար երդվյալ ատենակալների համակարգի առավելությունները։

Ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Դարձեք առաջինը եւ գրեք մեկնաբանություն

Ամենակարդացվողը