Մատչելիության հղումներ

Ռուսաստանն ու Ուկրաինան փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնում


Մալազիական մարդատար ինքնաթիռի կործանումից գրեթե 24 ժամ անց հայտնի են միայն 298 ուղևորների անունները։ Հիմնավոր պնդումներ կան, որ օդանավը կործանվել է «երկիր - երկինք» հրթիռի հարվածի արդյունքում, մնացած հարցերի շուրջ, մինչդեռ, մեղադրանքների իսկական պատերազմ է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև:

Կրեմլի պաշտոնական հայտարարությունը ընդգծում է՝ ողբերգությունը տեղի չէր ունենա, եթե Ուկրաինայի հարավ-արևելքում չվերսկսվեին ռազմական գործողությունները, կասկած չկա, որ պատասխանատվությունը կրում է այն պետությունը, որի տարածքում տեղի է ունեցել ողբերգությունը: Ավելին, շրջանառվում է վարկած, որի համաձայն, ահաբեկչության թիրախը կարող էր լինել Ռուսաստանի նախագահի օդանավը, որը մոտավորապես այդ ուղեծրով այդ ժամանակ վերադառնում էր հայրենիք:

«Ուշադրություն ենք հրավիրում այն փաստին, որ Բոինգ 777-ը թռիչքն իրականացնում էր Ռուսաստանի օդուժի կողմից չվերահսկվող տարածքում, ինքնաթիռը Ուկրաինայի օդային տարածքում էր՝ ուկրաինական ծառայությունների հսկողության ներքո», - այսօր հայտարարեց Ռուսաստանի պաշտպանության նախարարության խոսնակը:

Կիևը, մինչդեռ, պաշտոնապես հայտարարում է, թե ողբերգության հետևում կանգնած են ռուսներն ու նրանց աջակցությունը վայելող անջատողականները: Վթարից ժամեր անց արդեն ուկրաինական հատուկ ծառայությունները հրապարակեցին անջատողականների միջև հեռախոսազրույցների ձայնագրություններ, որոնք իբր հաստատում են գրոհայինների մեղսակցությունը կատարվածին:

«Սա պատերազմ է՝ հայտարարված ողջ մարդկությանը», - այսօր հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը՝ հավելելով, որ մեղավոր են անջատողականներին աջակցող բոլոր ուժերը, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնությունն ու պուտինյան վարչակազմը։

«Պատերազմը դուրս է եկել արդեն մեր երկրի սահմաններից»,- առանձին հեռուստաուղերձում ընդգծել է Ուկրաինայի նախագահը.- «Այս ողբերգությունը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Ուկրաինայի դեմ արտաքին ագրեսիան միայն մեր խնդիրը չէ, այն սպառնում է եվրոպական ու միջազգային անվտանգությանը, և այժմ անհրաժեշտ են միասնական ջանքեր՝ այդ վտանգը չեզոքացնելու համար»:

Միջազգային համայնքը այս պահին հաստակակամ է մեկ հարցում՝ կատարվածի շուրջ անհրաժեշտ է անկախ և բազմակողմանի հետաքննություն իրակակացնել հնարավորինս շուտ. այդ մասին հայտարարել են Միացյալ Նահանգները, Եվրամիությունն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը: Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոթը ավելի հեռուն է գնացել՝ պնդելով, թե Ռուսաստանի ներկայացրած փաստարկները համոզիչ չեն։ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հստակ հայտարարել է՝ նաև Ռուսաստանն է պատասխանատու այն ամենի համար, ինչ այս պահին կատարվում է Ուկրաինայում:

«Խիստ կարևոր է, որ նրանք, ովքեր պատասխանատու են, կանգնեն դատարանի առջև», -հայտարարել է Մերկելը՝ հատուկ ընդգծելով․- «Բազմաթիվ նշաններ կան, որոնց համաձայն ինքնաթիռը ոչնչացվել է, այնպես որ մենք պետք է խնդրին շատ լրջորեն մոտենանք»:

Արևմտյան մամուլը գրում է, որ երեկ օդում կործանված օդանավը կարող է իսկական պայթյուն առաջացնել Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերություններում, որոնք ներկայումս գտնվում են սառը պատերազմից հետո թերևս ամենասրված վիճակում:

Որոշ վելուծաբաններ անգամ հիշեցնում են 1915-ին գերմանացիների կողմից բրիտանական «Լուզիտանիայի» խորտակումը, ինչը ազդեց, որ Միացյալ նահանգները ևս ներքաշվի առաջին համաշխարհային պատերազմի մեջ: Արևմուտքը, սակայն, դեռևս զուսպ է արձագանքում՝ խոստանալով անցնել կոնկրետ քայլերի՝ աղետի պատճառները բացահայտելուց հետո:

«Ավիաաղետից 24 ժամ էլ չի անցել, այս պահին մեզ անհրաժեշտ է անկախ հետաքննություն անցկացնել, և հետո միայն խոսել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին»,-հայտարարել է Գերմանիայի կանցլերը։

Ուրբաթ ուշ երեկոյան աղետի վերաբերյալ հատուկ ուղերձով հանդես եկավ նաև ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման:

«Այս պահին առկա վկայությունները փաստում են, որ օդանավը կործանվել է հրթիռի հարվածից, որն արձակվել է ռուսների աջակցությունը վայելող անջատողականների վերահսկողության տակ գտնվող տարածքներից»,- հայտարարեց ԱՄՆ-ի նախագահը՝ ընդգծելով, որ առաջին անգամը չեն գրոհայինները օդային հարվածներ հասցնում, և որ նրանք շարունակական, այդ թվում՝ ռազմական աջակցություն են ստանում Ռուսաստանից:

«Սա միջազգային ողբերգություն է, որի շուրջ պետք է միջազգային, անկախ հետաքննություն անցկացվի»,- պնդեց Օբաման:

Լրատվամիջոցները հաղորդում են, որ Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հրահանգել է միջազգային փորձագիտական հանձնաժողով ստեղծել: Չնայած Արևմուտքի հորդորներին, սակայն, Կիևի իշխանություններն ու անջատողականները դեռևս չեն կարողանում համաձայնության գալ գոնե ժամանակավոր հրադադար հաստատելու հարցում, ինչն ավելի արդյունավետ կդարձներ վթարի պատճառների շուրջ հետաքննությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG