Մատչելիության հղումներ

Լևոն Բարսեղյանն անհիմն է որակում Ոստիկանության մեղադրանքը


Հիսուն հազար դրամ՝ ոստիկաններին չենթարկվելու համար
please wait

No media source currently available

0:00 0:03:16 0:00

Ըստ Ոստիկանության հայցի՝ Լևոն Բարսեղյանը չի ենթարկվել ոստիկանների օրինական պահանջին, որի համար տուգանվելու է 50 հազար դրամով:

Վարչական դատարանի Գյումրու նստավայրում 3 անգամ հետաձգվելուց հետո այսօր վերջապես կայացավ Ոստիկանությունն ընդդեմ Լևոն Բարսեղյանի նախնական դատական նիստը:

Ոստիկանությունը գտնում է, որ Գյումրու Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը չի ենթարկվել ոստիկանների օրինական պահանջին՝ զանցանք է գործել, որի համար ձերբակալվել և Ոստիկանություն է բերման ենթարկվել:

Խոսքը դեկտեմբերի 2-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան կատարած այցի և Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու դեմ Երևանում անցկացված բողոքի ակցիայի մասին է: Ըստ հայցի՝ Լևոն Բարսեղյանը չի ենթարկվել ոստիկանների օրինական պահանջին, որի համար տուգանվելու է 50 հազար դրամով:

Բարսեղյանն այսօր դատարանում ասաց, որ հայցվոր կողմը դեռ պետք է ապացուցի, որ ինքը չի ենթարկվել ոստիկանների օրինական պահանջին, որ փողոց է փակել: Ընդհանուր առմամբ, ըստ նրա, ոստիկանության ներկայացուցիչը դատարանում 15 հանգամանք պետք է ապացուցի:

Լևոն Բարսեղյանն ասում է, որ հայցը անհիմն է, քանի որ ոչ թե ակցիայի մասնակիցներն են փակել փողոցները, այլ ոստիկանները: Նա հավելեց, որ չի պատրաստվում վճարել 50 հազար դրամ տուգանքը:

«50 հազար դրամ իրանք չեն ստանալու, չի լինելու իրենց հայցով բավարարող վճիռ, չի լինելու հաստատ, որովհետև իրենք չեն կարողանալու ապացուցեն, որ ես վարչական իրավախախտում եմ թույլ տվել: Պիտի ապացուցեն, որ Ոստիկանությունը օրինական պահանջ է ներկայացրել և ապա ես չեմ կատարել: Իրանց թվում է, եթե պագոնավոր է ոստիկանը, ինչ ասաց, դա օրինակա՞ն է: Դա տարածված խայտառակ պրակտիկա է Հայաստանով մեկ», - ասաց Բարսեղյանը:

Դատարանում հայցը ներկայացնելիս հայցվոր կողմն ասաց, որ 100-ից ավելի ցուցարար մոտ 2 ժամ շարունակ փակել է Հանրապետության հրապարակն իր 6 փողոցներով, Սախարովի հրապարակը և էլի մի քանի փողոցներ, ընդ որում՝ միաժամանակ:

Պարզվեց, որ ակցիայի մասին եղել է իրազեկում և որպես անցկացման տեղանք նշվել է Կենտրոն վարչական տարածքը: Դատարանում ճշտվեց, որ Պուտինի այցով պայմանավորված՝ այդ փողոցներն ընդգրկված չեն եղել փակվելիք փողոցների շարքում:

«Ամոթ է, որ երկիրը էս տեսակ խայտառակ պրոբլեմների մեջ թաղված՝ արտաքին խնդիրներ, ներքին խնդիրներ, սոցիալական աղքատություն, արտագաղթ, Ոստիկանությունը բռնում պարապ տեղը մարդկանց տանում է, հետո գործեր է հարուցում, հետո գալիս է դատարաններում սկսում է շորերը մաշել, ինչ է թե ապացուցի, որ լավ ենք արել, բռնել ենք: Չե'ք կարողանալու, ախպեր ջան, միշտ էլ մասնակցելու ենք, միշտ էլ կռիվ ենք անելու մեր իրավունքների համար: Էդ ի՞նչ ենք արել: Հայաստանի ինքնիշխանության համար ելել խաղաղ բողոքի ցույց ենք արել», - ասաց Բարսեղյանը:

Նախնական դատական նիստն ավարտվեց, վարույթն անցավ դատական փուլ:

XS
SM
MD
LG