Մատչելիության հղումներ

Վարչապետը խոստացել է վերացնել իշխանության և բնակչության միջև անջրպետը


Վարչապետն այցելել է կարկուտից տուժած համայնքների բնակիչներին
please wait

No media source currently available

0:00 0:05:01 0:00

«Կարծես թե հավատի, վստահության պակաս կա և մենք դա հաղթահարելու ենք», - Գյումրիում հայտարարել է Հովիկ Աբրահամյանը։

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը այսօր այցելել էր Շիրակի մարզ։ Մինչ Արևշատ համայնքի ջրագծի բացման արարողության մասնակցելը նա շրջել էր երկու օր առաջ ուժեղ կարկուտից տուժած մի քանի համայնքներում:

Գյուղացիները իրենք են վարչապետին տարել դաշտեր ու ցույց տվել, թե ինչ վնաս են կրել: Հովիկ Աբրահամյանը խոստացավ, որ կարկուտից տուժած գյուղացուն կաջակցեն:

«Որ օգնելու ենք, դա միանշանակ է, բայց հասկանանք ծավալը ամբողջ կորստի և փորձենք հնարավորության սահմաններում աջակցել մեր գյուղացիներին», - ասաց վարչապետը։

Վարչապետը եղավ Ախուրյան համայնքում: Երկրաշարժից անօթևան մնացած ընտանիքների համար այստեղ կառուցվող բնակարանների շինարարությունն անընդմեջ ընդհատվում է. շինարարությունը դեռ 1.5 տարի առաջ պետք է ավարտված լիներ: Շինարարը՝ «Գլենդել հիլզ» ընկերությունը հերթական ավարտման ժամկետը խոստացավ՝ մինչև նոյեմբեր։

Հովիկ Աբրահամյանը պատասխանեց լրագրողների հարցերին, մասնավորապես, թե ինչո՞ւ Գյումրիում բնակարանային շինարարությունը դադարեցվեց:

«Քննարկենք, կփորձենք հասկանալ, իմ կարծիքով՝ ֆինանսական խնդիրներ են եղել», - ասաց նա։

Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը ներկայացրեց, թե ինչ տարբերակ է քննարկվելու Գյումրիում անօթևան ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման համար։

«Իմ կոնկրետ առաջարկը կլինի բնակարաններ գնելը, որպեսզի լինի արագ և հարց լուծվի այս տարի կամ մյուս տարվա սկիզբը», - ասաց նախարարը։

Ըստ էության, նորի կառուցումն ավելի թանկ է նստում պետության վրա, քան պատրաստ բնակարան գնելը, առավել ևս՝ Գյումրիում անշարժ գույքի շուկայում գնանկումը զգալի է:

Հովիկ Աբրահամյանին հարցրեցինք, թե ի՞նչ քայլեր է ձեռնարկելու կառավարությունը Գյումրիում աշխատատեղեր բացելու հարցում: Հովիկ Աբրահամյանը պատասխանեց՝ կանխելով հաջորդ՝ արտագաղթին վերաբերող հարցը․ - «Տարբեր ծրագրեր պիտի քննարկենք, ներդրումները ակտիվացնենք, որոնց պակասը կա իրոք մեր երկրում։ Արտագաղթի գլխավոր պատճառներից մեկը աշխատանք չունենալն է, պետք է ծրագրեր մտածենք, և թե որ ոլորտները զարգացնենք»։

Վարչապետը եղավ նաև Տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում: Հովիկ Աբրահամյանը բուհի կառավարման խորհրդի նախագահն է, և սա այն բուհն է, որի ուսխորհրդի նախագահի ընտրությունների շուրջ մեծ աղմուկ բարձրացավ, քանի որ բուհի ղեկավարությունը որոշել էր այն հանրապետականացնել: Հիմա բուհի ուսխորհուրդը նոր՝ անկուսակցական ղեկավար ունի:

Վարչապետին ուսանողներն ու դասախոսները մի քանի հարցեր հղեցին ուսման վարձերի զիջման, արտագաղթի կրճատման ու էլեկտրաէներգիայի թանկացման մասին: Հովիկ Աբրահամյանի փորձեց արդարանալ, թե ինչու են, օրինակ, էներգիան թանկացնում:

«Այլընտրանք չունեինք, ֆինանսական կոլապս էր այդ համակարգում։ Եթե մենք, այսինքն հանձնաժողովը չգնար այդ քայլին, ապա մենք կարող էինք ունենալ օրական տասը ժամ հոսանք»,- ասաց նա։

Վարչապետը խոսեց նաև բնակչության ու իշխանության միջև անջրպետի մասին։

«Իշխանության և բնակչության միջև անջրպետը պետք է վերանա: Բազմաթիվ դեպքեր են եղել, որ մարդիկ խոստումներ են տվել և չեն իրականացրել: Կարծես թե հավատի, վստահության պակաս կա, և մենք դա հաղթահարելու ենք»,- ասաց նա։

Սա վարչապետի առաջին այցն էր Շիրակի մարզ։ Աբրահամյանը վերջինս խոստացավ, որ առաջիկայում կրկին կայցելի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG