Մատչելիության հղումներ

Եվրոպայում ԱՄՆ-ի դաշնակիցներին պաշտպանելը «սրբազան պարտավորություն» է


Օբաման Եվրոպայում ԱՄՆ դաշնակիցներին պաշտպանելը «սրբազան պարտավորություն» է որակում
please wait

No media source currently available

0:00 0:03:09 0:00
Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման այսօր ժամանեց Վարշավա, որտեղից նա սկսում է իր եվրոպական այցելությունը:

Այս այցը խորհրդանշական իմաստ ունի հատկապես հիմա, երբ Ռուսաստանը, չբավարարվելով Ղրիմի բռնակցմամբ, շարունակում է ապակայունացնել Ուկրաինան:

«Ես այսօր հռչակում եմ նոր նախաձեռնություն Եվրոպայում ՆԱՏՕ-ի անդամ մեր դաշնակիցներների անվտանգությունը ուժեղացնելու մասին», - հայտարարեց Օբաման Վարշավայի օդանավակայանում Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմարովսկու հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

Նա նաև նշեց, որ խնդրել է Միացյալ Նահանգների կոնգրեսին մեկ միլիարդ դոլար հատկացնել եվրոպական անվտանգության ամրապնդման կարիքների համար: «Դրանով մենք ցույց կտանք ամերիկյան անվարան հավատարմությունը ՆԱՏՕ-ի դաշնակիցներին», - ասաց Օբաման:

ԱՄՆ-ի նախագահի այցից առաջ ՆԱՏՕ-ի անդամ արևելաեվրոպական երկրներն իրենց մտահոգությունն էին հայտնել Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի ագրեսիվ գործողությունների վերաբերյալ: Արևելյան Եվրոպայի, հատկապես Բալթյան երկրներին համար Մոսկվայի գործողությունները սպառնալիք են:

«ՆԱՏՕ-ի հարաբերությունները Ռուսաստանի հետ պետք է լինեն այնպիսին, որ Ռուսաստանը հարգի միջազգային օրենքը և սկզբունքները: Ռուսաստանի և ՆԱՏՕ-Ի միջև պետք է համագործակցություն լինի: Իսկ եթե Ռուսաստանը խախտի միջազգային իրավունքը և միջազգային սկզբունքները, ապա ՆԱՏՕ-ն հաստատակամ պետք է լինի այդ սկզբունքների գործադրման հարցում», - հայտարարեց Բարաք Օբաման:

Նա հայտնեց նաև, որ ԱՄՆ-ը մեծացնելու է ամերիկյան զինվորների թվաքանակը, բանակը և օդուժի միավորները՝ ռոտացիոն կարգով տեղակայելով դրանք Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի դաշնակից երկրներում․ ֊ «Եվ մենք ուժեղացնելու ենք մեր գործընկերային հարաբերությունները մեր բարեկամների հետ՝ Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի հետ»:

Օբաման նշեց, որ ինքը ևս կարծում է, որ Ռուսաստանի հետ պետք է լավ հարաբերություններ պահպանել․ - «Բայց հանուն այդ լավ հարաբերությունների չպետք է զոհաբերենք մեր սկզբունքները»:

Հետո նա դիմեց Ռուսաստանի նախագահին՝ ասելով, որ եթե առաջիկա մի քանի ամիսների ընթացքում Ռուսաստանը ավելի պատասխանատու վարքագիծ որդեգրի, ապա հնարավոր կլինի վերականգնել այն վստահությունը, որը փշրվեց անցած տարվա ընթացքում: Միացյալ Նահանգների նախագահը, այդուհանդերձ, կարծում է, որ այդ վստահության վերականգնման համար բավական ժամանակ կպահանջվի:

Օբաման Լեհաստանում մասնակցելու է նաև Լեհ Վալենսայի ղեկավարած «Սոլիդարնոստ» շարժման հաղթանակի 25-ամյակին նվիրված տոնակատարություններին: Ինչպես հաղորդում են ԱՄՆ-ի պաշտոնյաները, նա չորեքշաբթի օրը հանդես կգա ճառով, որում կհավաստիացնի տարածաշրջանի երկրներին, որ Միացյալ Նահանգները մնում է համաշխարհային լիդեր, որը պաշտպանում է ժողովրդավարությունն ու ազատությունները:

Օբաման կհանդիպի նաև Պետրո Պորոշենկոյին, այնուհետև կմեկնի Բրյուսել՝ մասնակցելու Մեծ յոթնյակի գագաթնաժողովին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG