Մատչելիության հղումներ

Սաքո Արեյանը բացառում է Լիբանանում սիրիական սցենարի կրկնությունը


Սաքո Արեյանը բացառում է Լիբանանում սիրիական սցենարի կրկնությունը
please wait

No media source currently available

0:00 0:03:25 0:00
Լիբանանի խորհրդարանը այսօր չընտրեց երկրի նախագահ, թեև գործող նախագահի պաշտոնավարման ժամկետը լրանում է մայիսի 25-ին և 2008-ին ընտրված նախագահ Միշել Սուլեյմանը հայտարարել է, որ 2-րդ անգամ չի առաջադրվելու։

Լիբանանահայ հրապարակախոս Սաքո Արեյանը կարծում է, որ Լիբանանը հայտնվել է բարդ քաղաքական և տնտեսական իրավիճակում։

2005-ին Լիբանանի վարչապետ Ռաֆի Հարիրիի սպանությունից ու մասսայական բողոքի ակցիաներից հետո երկրում ձևավորված երկու հակադիր քաղաքական դաշինքներից միայն «Մարտի 14»-ն էր նախագահի թեկնածու առաջադրել, բայց չստացավ խորհրդարանի ձայների մեծամասնությունը։

«Լիբանանի նախագահը ընտրվում է միջազգային կամ շրջանային որոշմամբ։ Դրա համար այսօր բոլորն էլ գիտեին, որ նախագահ չի ընտրվելու, որովհետև շրջանային քաղաքական իրավիճակը, սկսած հատկապես Սիրիայից, փակուղու մեջ է, հատկապես Իրանն ու Սաուդյան Արաբիան են որոշում, թե ով է լինելու Լիբանանի նախագահը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Սաքո Արեյանը։

Լիբանանի քաղաքական իրադարձություններն իրենց ազդեցությունն են ունենում նաև երկրի 80 հազարանոց հայկական համայնքի կյանքի վրա։ Թեև Սաքո Արեյանը բացառում է Լիբանանում սիրիական սցենարի կրկնությունն ու քաղաքացիական պատերազմը, բայց ասում է՝ Լիբանանը հրաբխային երկիր է։

«Հանկարծ կարող է վաղը ինչ-որ տեղ ռումբ պայթել: Վերջին շրջանում մեր գաղութը զերծ էր վտանգներից, բայց տնտեսական լուրջ տագնապ կա Լիբանանում։ Ճիշտ է, որ լիբանանահայերը ընդհանրապես սոցիալապես և տնտեսապես լավ վիճակում են, բայց կա մի հատված, որ լուրջ աղքատության եզրին է», - ավելացրեց Արեյանը։

Ծանր տնտեսական դրությունը Լիբանանում պայմանավորված է առաջին հերթին հարևան Սիրիայում շարունակվող քաղաքացիական պատերազմով և ճգնաժամով։

Ըստ ՄԱԿ-ի տվյալների Լիբանան տեղափոխված սիրիացի փախստականների թիվը հասել է մեկ միլիոնի, և իշխանությունները չեն կարողանում հոգալ նրանց կարիքները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG